«ՍԵՐՆ ԻՄ ԱՆՀԱՏԱԿ Է…». ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԱՄ-ՈՒՄ

«ՍԵՐՆ ԻՄ ԱՆՀԱՏԱԿ Է…». ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԱՄ-ՈՒՄ

1474

Հոկտեմբերի 7-ին «Նարեկացի»  արվեստի միությունում տեղի ունեցավ լուսանկարիչ Էդուարդ Օհանյանի՝ «Սերն իմ անհատակ է․․.» խորագրով անդրանիկ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացումն ազդարարեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսային բաժնի համակարգող Տաթևիկ Համբարձումյանը, ով Էդուարդին հանձնեց  «ՆԱՄ»-ի խորհրդանշական նուռը։ Էդուարդն ասաց, որ նկարել սիրել է դեռ վաղ տարիքից. «Լուսանկարչությամբ զբաղվում եմ շուրջ 7 տարի, ամեն մի նկար ինձ համար ունի իր պատմությունն ու նշանակությունը, ցանկացած նկար նկարելուց առաջ առաջնահերթ ուղեղով եմ նկարում, հետո նոր փոխանցում ապարատին»։ Ցուցահանդեսից իր սպասումների և ակնկալիքների մասին Էդուարդն ասաց. «Ուզում եմ աշխարհին ամեն ինչ փոխանցել իմ աչքերով, ուզում եմ, որ իմ գործերը ճանաչեն, դրանց միջոցով գուցե նրանք էլ ընտրեն այս ուղղությունը, որովհետև այն արվեստ է, իսկ արվեստ կա յուրաքանչյուրիս մեջ»։ Լուսանկարչի մոր՝ Աստղիկ Աբրահամյանի խոսքով՝ Էդուարդի մեջ տեսնելու կարողությունը զարգացրել է կուրսղեկը. «Էդուարդի համար բեկումնային եղան իր կուրսղեկի՝ Արմեն Խաչատրյանի մոտեցումները, ով զարգացրեց նրա մեջ սերը, ցանկությունը, տեսնելու կարողությունը․ նա կարողանում է տեսնել այնպիսի բաներ, որ մեզ անտեսանելի են և ինչպես ասել է Փոքրիկ Իշխանը՝ միայն սիրտն է սրատես, ամենակարևորը աչքով չես տեսնի»։

Էդուարդը վերջում հավելեց. «Հատուկ հրավիրված մարդիկ չկան, մուտքն ազատ է բոլոր հետաքրքրասերների և արվեստը գնահատողների համար, իսկ ովքեր չկարողացան այսօր ներկա գտնվել, կարող են գալ մինչև հոկտեմբերի 12-ը, նկարները փակցված են լինելու։ Սիրով սպասում եմ բոլորին»։

Նարե Բաբերյան

2-րդ կուրս

Կիսվել