ՆԱ ՄԱՐԴ Է, ՈՎ ԵՐԱԶԱՆՔ ՉՈՒՆԻ

ՆԱ ՄԱՐԴ Է, ՈՎ ԵՐԱԶԱՆՔ ՉՈՒՆԻ

1097

Բավականին թիկնեղ, սպորտային կառուցվածքով, նորաձեւ բեղ-մորուքով, դաջվածքներով, արտասովոր սանրվածքով նկարիչ է Տիգրան Զալինյանը: Շատերի պատկերացմամբ նկարիչները համարյա միշտ լինում են միայնակ, մելանխոլիկ խառնվածքով,  օր ու գիշեր իրենց կտավի առաջ և գիշեր ու լույս ստեղծագործող, սակայն Տիգրանը կոտրում է այդ բոլոր կարծրատիպերը: Նա ունի մի քանի մասնագիտություն և հմտություն: Նկարչությունից բացի զբաղվում է քանդակագործությամբ, լեռնամագլցմամբ, բժիշկ-հոգեբան է, սիրում է նվագել կիթառ, հարվածային գործիքներ և այս պահին էլ սովորում է նվագել դաշնամուր ու նաեւ զբաղվում է բիզնեսով: Գրքեր է գրում՝ իր առաջին գործը որդու և համր հոր լուռ ապրումների մասին է: Երկրորդ գիրքը նկարիչ Սալբադորի վերաբերյալ է: Հիմա էլի գրում է:


Ու այս բազմակողմանի զարգացած երիտասարդն ընդամենը 29 տարեկան է․ ստեղծագործում է տարբեր թեմաներով, որոնց միջոցով արծարծում է խնդիրներ: Նրան մոտիվացնում են դժվարությունները, հիասթափությունները, սակայն նա միշտ ասում է, որ շատ է սիրում կյանքն ու բնությունը ու տանել չի կարողանում պարտությունը:

Տիգրանն առաջնորդվում է ոչ թե կարգախոսներով,  այլ իր իսկ գրած քառատողով՝ Արյունոտ քրտինքով քայլում էր նա

Մարդկանցով լի դատարկ փողոցով

Մի ձեռքում ճրագն է սիրո և հավատի

Մյուս ձեռքում արվեստն է ամուր բռնել:

Նա մարդ է, ով չունի երազանքներ:  Տիգրանի համար բոլոր երազանքները դառնում են նպատակներ, որոնց պետք է հասնել քայլ առ քայլ: Իսկ այ բիզնեսը նրա կյանքում կարևոր դեր է խաղում: Գաղափարը ստեղծվել է երազում, արթնանալուն պես դիմել է ընկերներին և մինչեւ երեկո երազն իրականություն էր. առաջին արթ-սրճարանը անիվների վրա՝ հենց նրա գաղափարն է:

Տիգրանի սրճարանը յուրովի է իր տեսակի մեջ: Ներսում կան բազմաթիվ նկարներ, որը նկարել է հենց նա, դիզայնը ամբողջությամբ Տիգրանինն է, այնտեղ հաճախ են կազմակերպում միջոցառումներ:

Այս ամենի հետ մեկտեղ նա զբաղվում է լեռնա-հեծանվասպորտով, նաև լավ խոհարար է:  Պատրաստում է աշխարհի տարբեր երկրների  խոհանոցների լավագույն ուտեստներն՝  իր շուրջը հավաքելով  ընկերներին ու մտերիմներին:

Վերջերս տեղի ունեցավ Տիգրանի առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա նկարներն ու քանդակները:

Սիլվի Գրիգորյան
3-րդ կուրս



Կիսվել