«731 ՕՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ». ՆՈՐ ԳԻՐՔ՝ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱՐ

«731 ՕՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ». ՆՈՐ ԳԻՐՔ՝ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱՐ

15941

Հոկտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ Տա Թևեր գրական կեղծանուն ունեցող հեղինակի՝  «731 օր քեզ համար» գրքի շնորհանդեսը։ Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 28-ին։ Հենց շնորհանդեսի ժամանակ էլ Տա Թևերը խոստացել էր, որ գիրքը անպայման հասնելու է սահման։ «Առաջին հրատարակության ողջ հասույթը տրամադրվել է երկրորդ անգամ վերահրատարակելուն և զորամասեր հասցնելուն։ Գիրքը շատ շուտ վաճառվել է․ այս պահի դրությամբ արդեն չորս անգամ հրատարակվել է»,- նշեց Տա Թևերը։ Այսօրվանից արդեն գիրքը կհասնի սահման։

Գիրքը պատմում է հայ զինվորի, նրան սպասող հայուհու մասին։ Գրքում զետեղված են սպասող աղջկա մտորումները, նկարագրվում է նրա կարոտն ու սպասումը։ Երազանքն իրականացնելու համար Տա Թևերը դիմել է Պաշտպանության նախարարություն։ Նամակ է ուղարկել նախարար Դավիթ Տոնոյանին, ինչից հետո նրան զանգել է գնդապետ Բարեղամ Մուրադյանը և խնդրել գիրքը։ Գիրքը կարդացել, հավանել են ու որոշել են, որ աջակցելու են Տա Թևերին։ Գնդապետ Մուրադյանը պատմեց, որ ամեն ինչով փորձել են օգնել։ «Տա Թևերը հոկտեմբերի 8-ին 300 օրինակ գիրք է նվիրել Պաշտպանության նախարարությանը։ 20 օրինակ ռազմական համալսարնի ուսանողներին, իսկ վաղվանից արդեն 300 օրինակ կուղարկվեն Հայաստանի ու Արցախի սահմանային զորամասեր», -ասաց պարոն Մուրադյանը։

Շնորհանդեսի վերջում Տա Թևերը դիմեց զինվորներին. «Կարդացե՛ք, տղե՛րք, ու ձեր կողմից ամենամեծ շնորհակալությունը կլինի զորամասի գրադարանում գրքիս համար հերթագրվելը։ Թող մաշվեն ու հազար մասի բաժանվեն գրքերս, այդժամ կհավատամ, որ երազանքս կատարվել է։ Հույս ունեմ, որ դուք էլ կգտնեք ձեզ իմ երազում, ու գրքիս մի նախադասությունը կդառնա ձերը»։ Շնորհանդեսի վերջում Տա Թևերին շնորհավորեցին ընկերներն ու համալսարանի կուրսանտները։

Շողեր Կակոյան

2-րդ կուրս

Կիսվել