ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

886

Հայ մամուլի օրվա և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ այսօր տեղի է ունեցել խոնարհումի արարողություն հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ:

Այս արարողությամբ մեկնարկեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները և շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին կիսանդրու մոտ:

«Այսօր լրանում է հայերեն առաջին տպագիր պարբերականի 225-ամյակը: Այդ առթիվ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նախաձեռնել է խոնարհումի արարողություն՝ իր հարգանքի տուրքը մատուցելով մի մարդու, որը նոր սկիզբ նախանշեց, ինչպես ժամանակին Մեսրոպ Մաշտոցը և հետագայում՝ Կոմիտասը: Խորհրդանշական է, որ «Ազդարարի» 225-ամյակը համընկել է Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի, ԵՊՀ-ում Ժուռնալիստիկայի բաժնի 70 և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակների հետ»,- ասաց Ն. Մարտիրոսյանը:  

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ այս արարողությունը, խոնարհումի տուրքն ավանդական պետք է դառնան. «Վստահ եմ, որ հայ մամուլի վաղվա նվիրյալներն ամեն տարի՝ հոկտեմբերի 16-ին, կիսանդրու մոտ են հավաքվելու և հարգանքի տուրք մատուցելու Հարություն քահանա Շմավոնյանի հիշատակին: Նա իսկապես սխրանք է գործել՝ ստեղծելով մի պարբերական, որը բոլոր առումներով համապատասխանում էր ժամանակի եվրոպական մամուլի չափանիշներին, ուներ հետաքրքիր գեղակառույց, բովանդակային ընդգրկում, այնպիսի հրապարակումներ, որոնք 225 տարի անց անգամ արդիական են: Հայաստանի ազգային գրադարանում պահվող «Ազդարարի» լրակազմերն այսօր էլ շարունակում են միայն զարմանք, հիացմունք ու պատկառանք ներշնչել»:
Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ միջոցառումը նաև լավ առիթ է՝ արժևորելու ֆակուլտետի անցած ճանապարհը, մտածելու առաջիկա անելիքների մասին. «Լրատվադաշտն անընդհատ փոփոխվում է, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները նոր փոխակերպումներ են բերում: Մեր մասնագիտությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, քանի որ սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս բազմաթիվ մարդկանց, որոնք մասնագիտությամբ լրագրողներ չեն, տեղեկատվություն տարածելու: Մեր խնդիրն է այնպես անել, որ արհեստավարժ լրագրությունն այդ մրցապայքարում հաղթող դուրս գա: Համոզված եմ՝ այսօր ժուռնալիստիկայի ոսկեդարն է, որովհետև լրագրությանը և լրագրողներին աննախադեպ  հնարավորություններ են ընձեռված»
Հասմիկ Ասլանյան

Կիսվել