«ԾԱՆՈԹԱՑԱՆՔ, ՈՒ ԱՍԵՍ ԻՐՈՔ 12 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ ԷԻՆՔ ՍՈՎՈՐԵԼ, ԻՍԿ ԽՈՐԵՆՆ...

«ԾԱՆՈԹԱՑԱՆՔ, ՈՒ ԱՍԵՍ ԻՐՈՔ 12 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ ԷԻՆՔ ՍՈՎՈՐԵԼ, ԻՍԿ ԽՈՐԵՆՆ ԷԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԷՐ». Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

6990

Հանրային Հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 14-ին եթեր հեռարձակվեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի վերջին՝ 16-րդ մասը: Հեռուստասերիալի հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակն էր։ Գլխավոր դերերում էին Խորեն Լևոնյանը, Աշոտ Ղազարյանը, Լիլիթ Միքայելյանը,Գուժ Մանուկյանը: Դերասանական կազմը համալրեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները: Հանդիպեցի նրանցից մեկի՝ Արմեն Միքայեյանի (ֆիլմում Վահանի) հետ՝ բացահայտելու նրա կերպարը կյանքում՝ էկրանից այս կողմ:

Սկսնակ դերասանն ասաց, որ  քասթինգն անցել է  բարեբախտաբար, քանի որ ուշացրել էր հայտագրումն ու վերջին մասնակիցն էր։

Այն հարցին,  թե ինչպես ընտրեց դերասանի մասնագիտությունը, Արմենը պատասխանեց, որ չի ուզում ստել ու ասել, որ միշտ երազել է դերասան դառնալ. 14 տարեկանում պապիկի առաջարկով հաճախել է Աշոտ Ղազարյանի Հումորի, խոսքի և ծիծաղի դպրոցը: Այդ տարիներին էլ, հաճախ թատրոն գնալով ու գրքեր կարդալով, սիրահարվել է դերասանի մասնագիտությանը և 2012-ին ընդունվելով ԵՊԿԹԻ: Արմենն իրեն ուրիշ մասնագիտությամբ չի պատկերացնում: Միայն նշեց, որ սիրում է միջազգային քաղաքականություն ուսումնասիրել. «Միշտ կարդում եմ ինքնակենսագրական գրքեր Հիտլերի, Չերչիլի մասին, բայց,  չստացվեց քաղաքական գործիչ դառնալ կամ միգուցե հետո ստացվի… Հիմա դերասան-քաղաքական գործիչները շատ են»:

Արմենը պատմեց, որ նաև դասախոսել է ԵՊԿԹԻ ում․

  «Ինձ դուր է գալիս դասախոսի մասնագիտությունը, երբ դու հնարավորություն ունես փորձդ ու գիտելիքներդ փոխանցել դիմացինին: Ես էլ իմ ուսանողների ընկեր Մամյանն եմ»:

Ըստ դերասանի՝ բեմում ամենակարևորն ինտելեկտն է, իսկ դերասանին բնորոշ բնավորության գծերից առանձնացնում է ինքնավստահությունը, անկաշկանդությունն ու անկեղծությունը. «Շատ ժամանակ դերասանները դերասանություն են անում, բայց այդպես չպետք է լինի: Դերասանը պետք է լինի մասքսիմալ անկեղծ ու ապրի իր կերտած կերպարում»:

Մասնագիտական դժվարությունների հետ դերասանն արդեն 3 տարի է՝ պայքարում է. «Արդեն երեք տարի է, ինչ ավարտել եմ համալսարանը, բայց սա իմ առաջին պրոֆեսիոնալ աշխատանքն էր: Տարեկան համալսարանը ունենում է 60-70 շջանավարտ, որոնցից 50-ը չեն աշխատում իրենց մասնագիտությամբ»:

Նկարահանման առաջարկը դերասանին նոր հույս է տվել ու պահել Հայաստանում. «Մինչ առաջարկ ստանալն անգլերեն էի պարապում, որ գնամ երկրից, բայց զանգեցին ու ասացին, որ անցել եմ քասթինգը»:

Հարցին, թե ինչ բարդությունների առաջ է կանգնել նկարահանման ժամանակ, Արմենը պատասխանեց. «Նկարահանման առաջին օրը  բոլորս լարված էինք: Մտածում էինք՝ դե, Խորեն Լևոնյանն է, հիմա նկարահանմանը չենք կարող հումոր անել, պիտի լինենք զգաստ ու պունկտուալ: Բայց իրականում Խորեն Լևոնյանը եկավ ու ցրեց լարված վիճակը: Ծանոթացանք, ու ասես իրոք 12 տարի միասին էինք սովորել, իսկ Խորենն էլ մեր ուսուցիչն էր»:

Ցանկացած դերասան, աշխատելով պրոֆեսիոնալների հետ, փորձ ու նոր գիտելիքներ է ձեռք բերում: Ըստ Արմենի՝ այս նախագծից ինքը ձեռք բերեց իմաստություն, բայց թե ինչ է թաքնված այս բառի տակ, դերասանը չմանրամասնեց:

Արմենը նշեց նաև, որ սիրում է կարդալ, անգամ ունի յութուբյան բլոգ, որտեղ խոսում է հայտնի ու իր կողմից սիրված գրողների մասին: «Մեր երիտասարդները գիրք կարդալ չեն սիրում, ձգտում են փողոցային կյանքի: Տարիներ առաջ, երբ դասավանդում էի, դերասանական ստուդիայում, աշակերտներիս մի քանի օր շարունակ հանձնարարում էի գրքեր կարդալ: Երբ գնացի արձակուրդ և վերադարձա, իմացա, որ ինձ հեռացրել են դպրոցից. պատճառն իմ խստությունն էր»:

Իր դերասանական կարիերայի մասին դերասանը խոսում է սիրով ու ափսոսանքով. «Չեմ խաբի ու ասի՝ էնքան շատ առաջարկներ ունեմ, որ մերժում եմ: Հիմա նկարահանվում եմ մի գեղարվեստական ֆիլմում: Դերս մեծ չէ, բայց փոքր էլ չէ: Ամեն դեպքում սիրում եմ մասնագիտությունս»:


Հասմիկ Չոբանյան
2-րդ կուրս

Կիսվել