«ԴԵՐԱՍԱՆԸ, ՀԱՎԱՏԱԼՈՎ ԻՐ ՍՏԻՆ, ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԽԱԲԻ». ՎԱՀԱԳՆ ՍԱՄՎԵԼՅԱՆ

«ԴԵՐԱՍԱՆԸ, ՀԱՎԱՏԱԼՈՎ ԻՐ ՍՏԻՆ, ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԽԱԲԻ». ՎԱՀԱԳՆ ՍԱՄՎԵԼՅԱՆ

5700

Քսանամյա երիտասարդն առաջին անգամը չէր, որ երևում էր Էկրաններին և խաղում բեմերում, բայց վերջին դերասանական խաղը մեծ ուշադրության արժանացավ հեռուստադիտողի կողմից: Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Վերջին ուսուցիչը» հեռուստասերյալում Վահագն Սամվելյանը կերտում էր Արմենի կերպարը:

Վահագնը դեռ վաղ տարիքից է բարձրացել բեմ: 2013-ին մանկական Եվրատեսիլում հանդես է եկել որպես դերասան: «Փողոցով քայլում էի, մեկ էլ թատրոնից մարդ տեսա, ով ինձ ասաց, որ Եվրատեսիլի համար գնամ փորձի․ գնացի»:  

 Դերասանի մասնագիտությունն ընտրել է 13 տարեկանում, և այդ որոշման մեջ նրան օգնել է «Դեպի կինո» մրցույթը: Վահագն ասում է, որ եթե չընտրեր դերասանի մասնագիտությունը, ապա միանշանակ կդառնար երաժիշտ՝ թավջութակահար. «Ինը տարի նվագել եմ, բայց արդեն երկար ժամանակ է, ինչ գործիքին չեմ կպել, ինչի համար ափսոսում եմ»:

Այս տարի մարտ ամսին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի՝ ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնը, որտեղ Վահագն Սամվելյանն արժանացավ «Լավագույն երկրորդ պլանի դերասան» մրցանակին:  Չնայած հաջողությանը՝ կինոն է նախընտրում. «Ես ավելի շատ սիրում եմ կինոն. ֆիլմում դու ունես երկրորդ, երրորդ հնարավորություն սխալվելու դեպքում, իսկ թատրոնում ամեն քայլդ ու խոսքդ ճակատագրական են»:

Վահագնի համար այս ֆիլմը ևս մեծ փորձ էր: «Ֆիլմում Արմենի կերպարի մեջ բավականին հեշտ մտա, աստիճանաբար իմը դարձավ, բայց չեմ ասի, որ ինձ նման են նրա մտածերակերպն ու բնավորությունը»,- ասում է դերասանը: Իսկ համագործակցությունը հաճելի է եղել. «Մենք բոլորս իրար լավ էինք հասկանում, քանի որ բոլորս էլ հոգով թատերականցի էինք»: Հեռուստասերիալի դերասանները մինչ օրս էլ շարունակում են իրենց ջերմ հարաբերությունները, հանդիպում են, համագործակցում: Շուտով «Երգ երգոց» հաղորդաշարի հյուրերն ու մասնակիցները կլինեն հեռուստասերիալի դասընկերները:

Դերասանն ասաց, որ առաջիկայում չի ուզում երևալ հեռուստաէկրաններին և փոխարենն ուզում է հմտանալ բեմում: Հիմա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում է խաղում: Պիես են բեմադրում, որի պրեմիերան կլինի դեկտեմբերին:

Ըստ Վահագնի՝ դերասանը պետք է իր բոլոր մտքերը ջնջի ուղեղից՝ վերցնելով այն մարդու կերպարը, որում պետք է խաղա և ապրի  մինչև գործի ավարտը: Դերասանը պետք է լինի անձնազոհ ու լիովին նվիրվի գործին: Իսկ այն հարցին, թե դերասանը պիտի՞ անկեղծ լինի, Վահագնը պատասխանեց. «Դերասանը, հավատալով իր ստին, պետք է ճիշտ խաբի. ինչքան լավ ես խաբում, էդքան էլ լավ դերասան ես»:
Հասմիկ Չոբանյան
2-րդ կուրս

Կիսվել