ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ՝ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ՝ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

1626

Երևանի 12 վարչական շրջաններում հոկտեմբերի 19-ին նշեցին Երևանի օրը․ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ 2801 տարեկան։

Երևանցիները ականատես եղան մշակութային բազմազանության, ունկնդրեցին տարբեր ոճերի երաժշտություն։ Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից տարածքում ժամը 13։00-ին սկսվեց տոնական համերգը։ Միջոցառման մեկնարկը տրվեց «Սրտումս Երևան» կարգախոս ունեցող մեծ հեծանվարշավով։

Երիտասարդները խորհրդանշական վերնաշապիկներ ու գլխարկներ էին հագել։ Արսենը, ով վաղ առավոտից եկել էր մասնակցելու միջոցառմանը, իր հետ բերել էր մի քանի վերնաշապիկներ, որոնք բաժանեց ընկերներին։ Միջոցառման սկզբին քաղաքացիներին «Երևան դարձած իմ Էրեբունի» երգով ողջունեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաները, ովքեր նաև ներկայացան տարբեր ոճերի պարերով։ Ելույթներով հանդես եկան հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Գոհար Հովհաննիսյանը, Աղասի Իսպիրյանը, Ռուբեն Սասունցին, «Տարոնցիներ» ազգագրական երգի, պարի համույթը։

Նոր Նորքի բնակչուհի տիկին Ռոզայի խոսքով՝ Երևանը իր ամենասիրելի քաղաքն է։ «Ես բնիկ երևանցի եմ, սիրում եմ մեր քաղաքի ամեն ինչը, մենք երջանիկ պիտի լինենք, որ ունենք նման հոյակերտ քաղաք և պետք է պահպանենք ու շենացնենք մեր քաղաքը»,-ասաց տիկին Ռոզան։

Երեխաները այտերին նկարել էին Հայաստանի դրոշը։ Փոքրիկ Լևոնը ընդամենը 4 տարեկան է, բայց շատ բան գիտի իր սրտի քաղաքի մասին։ «Էրեբունին հիմնադրել է Արգիշտի թագավորը շատ վաղուց, իսկ հիմա քաղաքը կոչվում է Երևան»,- պատմեց Լևոնը։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն երևանցիներ, այլև Հայաստանի տարբեր քաղաքներից բնակիչներ։ Աննան գյումրեցի է, ընկերների հետ եկել է Երևան, որ մասնակցի միջոցառմանը։ «Երևանը բոլորիս մայրաքաղաքն է, իհարկե, առաջին հերթին երևանցիների ծննդավայրն է, բայց նաև մեր սրտի քաղաքն է։ Ես շատ կուզեմ, որ միջոցառումեր կազմակերպվեն նաև Հայաստանի մյուս քաղաքներում»,-ասաց Աննան։ Միջոցառումն ավարտվեց տոնական հրավառությամբ։

Շողեր Կակոյան

2-րդ կուրս

Կիսվել