ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԽԱՂԱՂ Է ԼԻՆԵԼՈՒ, ՔԱՆ ԵՐԵԿ և ԱՅՍՊԵՍ ԱՄԵՆ ՕՐ. ՆԵՐՍԵՍ...

ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԽԱՂԱՂ Է ԼԻՆԵԼՈՒ, ՔԱՆ ԵՐԵԿ և ԱՅՍՊԵՍ ԱՄԵՆ ՕՐ. ՆԵՐՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

842

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ծնված Ներսես Մանուկյանը՝ որպես ռեժիսոր իր առաջին քայլերն արել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում սովորելու տարիներին:

Նա հենց իր ուսանողական տարիներից է սկսել մասնակցել նկարահանումների ու  ֆիլմեր նկարահանել. «Սովորելու 4 տարիների ընթացքում՝ 4 ֆիլմ եմ նկարահանել. թերևս ամենահաջողվածը դիպլոմային աշխատանքս եմ համարում, որը նվիրված էր ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին։ Ֆիլմում հանդես եկավ իմ ամենասիրելի դերասաններից մեկը, ընկերս՝ Արմեն Մարգարյանը»:

Դիպլոմ ստանալուց հետո Ներսեսը՝ 2016 թվականի ամռանը զորակոչվել է բանակ. «Ծառայել եմ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի՝ Մադաղիսի զորամասում»:

Ներսեսը հետհայացք գցելով ծառայության տարիներին՝ հիշում է, որ սկզբնական շրջանում շատ դժվարությամբ է հարմարվել զինվորական կյանքին։  Ֆիլմերից, նկարահանման հրապարակներից հետո բարդ էր բանակային խիստ գրաֆիկով ապրելը, բայց այդուհանդերձ նրա մոտ ստացվեց. «Ամեն բան տպավորիչ էր, հետաքրքիր էր ապրիլյան պատերազմից հետո տեղի բնակչության առօրյան, քանի որ Թալիշ և Մադաղիս գյուղերը ամենաշատն էին տուժել պատերազմից: Մտածում էի վավերագրական ֆիլմ նկարել այդ ամենի մասին, թե ինչպես մենք անցանք այն ճանապարհը, որը մեզ բերեց պատերազմից խաղաղություն»,-պատմում է  ու հավելում, որ մտածած ֆիլմն այսօր կյանքի է կոչվել ու անվանումն էլ հենց «Պատերազմից խաղաղություն» է։

Հարցին, թե արդյո՞ք մենք այսօր ունենք այդ խաղաղությունը, հասել ենք դրան, Ներսեսը պասասխանեց. «Կարծում եմ այսօր ավելի խաղաղ է լինելու, քան երեկ և այսպես ամեն օր։ Ես սիրում եմ խաղաղությունը…»:

Ներսեսը՝ իր  ծառայության 17 ամիսներն անց է կացրել դիրքերում՝ որպես դիրքի ավագ մարտական հերթապահություն իրականացնելով:

Հերթական անգամ մարտական հերթապահությունից վերադառնալիս, արժանացել է սերժանտի զինվորական կոչմանը։

Ռեժիսորի խոսքով բանակն իրեն շատ բան է տվել ու սովորեցրել։ Նվիրել է բազում գաղափարներ, ընկերներ. «Ծառայության ընթացքում ես հասկացա մեր հայրենիքի իրական չափն ու սահմանները, երբ կանգնած էի սահմանի եզրին ու նայում էի հետ՝ դեպի հայրենիք, դեպի միակ ու անփոխարինելի վայր: Այդ ժամանակ ինքս էլ ցանկացա բանակին ինչ-որ բան տալ։ Այս ֆիլմը ես անձամբ նվիրում եմ իմ ծառայության տարիներին, իմ հրամանատարներին»:

Այժմ զորացրված՝ հնի ու նորի մեջտեղում կանգնած,  ռեժիսոր Ներսես Մանուկյանը մի բան հաստատ գիտի. «Հին Ներսեսից գաղափարը մնաց, բանակից զորացրվեց գաղափարներն իրականացնող Ներսեսը»

Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ «Պատերազմից խաղաղություն» ֆիլմը.
https://www.youtube.com/watch?v=tUWI79JiqNI

Իննա Թումանյան
4-րդ կուրս

Կիսվել