ՁԵՌԱԳՈՐԾ ՀՐԱՇՔ ՍՏԵՂԾՈՂ ԱՂՋԻԿԸ

ՁԵՌԱԳՈՐԾ ՀՐԱՇՔ ՍՏԵՂԾՈՂ ԱՂՋԻԿԸ

1687

Արուս Միքայելյանը 18 տարեկան է, ապրում է Շիրակի Վարդաքար գյուղում։ Չնայած նրան, որ սովորում է Շիրակի պետական համալսարանի Մեթոդիկայի ֆակուլտետում, շատ է սիրում զբաղվել ձեռքի աշխատանքով։ «Դեռ փոքր տարիքից շատ եմ սիրել զբաղվել ձեռքի աշխատանքով, պատրաստել եմ արձանիկներ, փայտից տնակներ»,-պատմեց Արուսը։ Արուսի մայրը պատմում է, որ փոքր տարիքից Արուսը ունեցել է ստեղծագործելու տաղանդ։ «Արուսը շատ փոքր էր, երբ պատրաստում էր խճանկարներ, սիրում էր նկարել, քարերով պատկերներ ստեղծում։ Մի անգամ էլ պատահական համացանցով տեսել է գլխազարդի նկարներ ու որոշել պատրաստել»։ «Առհասարակ նոր բաներ փորձել շատ եմ սիրում։ Որոշեցի պատրաստել, այս մասին պատմեցի քրոջս, քույրս ասաց, որ անպայման փորձեմ։ Սկզբում էսքիզներ արեցի, թղթին հանձնեցի մտքերս, ապա գնեցի անհրաժեշտ պարագաներն ու սկսեցի գործը։  Մեծ դժվարությամբ աշխատանքն ավարտեցի, և արժանացա ընկերներիս ու հարազատներիս հավանությանը։

Առաջին գլխազարդս վաճառել եմ ընդամենը 300 դրամով, բայց շատ էի ուրախացել, որ սեփական աշխատանքով եմ գումար վաստակել»-պատմեց Արուսը։

Արուսը, որոշ ժամանակ անց արդեն ունենալով պատրաստած տասը գլխազարդ, քրոջ խորհրդով բացել է ֆեյսբուքյան էջ, որից հետո ստացել է բազմաթիվ պատվերներ։

Այսօր Արուսն ունի մեծ թվով պատվիրատուներ Հայաստանի տարբեր քաղաքներից, նույնիսկ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Մեկ ամիս առաջ Ռուսաստանից ստացել է պատվեր, պատրաստել է հարսի գլխազարդ, ինչը հարսիկը շատ է հավանել։ Արուսը ունի մշտական պատվիրատուներ, Աննան հիացմունքով պատմեց, որ առաջին անգամ չի հավատացել, որ գլխազարդը ձեռքի աշխատանք է։ «Առաջին անգամ, երբ վերցրի պատվերս չէի հավատում, որ ձեռքի աշխատանք է, Արուսը շատ նորբ է աշխատում, շատ կոկիկ»-ասաց Աննան։

Արուսը, բացի գլխազարդեր պտրաստելուց, սիրում է ազատ ժամանակ կարդալ, նկարել փայտի վրա։

«Ինձ համար շատ կարևոր է ընտանիքիս աջակցությունը, նրանք միշտ հավատում են ինձ։ Ես ամեն բան անում եմ, որ գլխազարդը հնարավորինս գեղեցիկ ստացվի, շատ եմ սիրում իմ աշխատանքը և ձգտում եմ ավելիին»։

Շողեր Կակոյան
2-րդ կուրս

Կիսվել