Հոկտեմբերի 16֊ին «Քլոքեր» ռոք խումբն իր առաջին համերգն ունեցավ Աբովյան քաղաքում՝ «Լուսացույց» ժամանցի կենտրոնում։

Ռոք խումբը հիմնադրվել է 2014 թվականին Վանաձոր քաղաքում։ Խմբի անդամները չորսն են՝ Ալբերտ Իսահակյանը, Էրիկ Խանոյանը, Սևադա Հովհանիսյանը և Խաչատուր Մխիթարյանը։  Կարճ ժամանակում բավականին մեծ լսարան ձեռք բերած խումբը սիրված և ճանաչված էր նաև Աբովյանի ռոքասեր հասարակության շրջանում։  Տոմսերը սպառվել էին։ Սիրելի ռոք խմբի կատարումները վայելելու համար բազմություն էր հավաքվել։ Խմբի բոլոր անդամները, ինչպես նաև երկրպագուները համերգից առաջ մի փոքր հուզված էին, բայց հուզմունքին և լարվածությանը եկան փոխարինելու խինդը, ռիթմը, աղմուկն ու «դղրդյունը», որը բնորոշ է նրանց ոճին։ Մի քանի րոպե չանցած՝ հավաքվածները ռիթմի հետ կարծես դարձան «ամբոխները խելագարված»։

Երկրպագուներից Սուսինան պատմեց իր հույզերի մասին․ «Այս ամենը նկարագրելը շատ դժվար է, պետք է ուղղակի ներկա գտնվել և զգալ այն ապրումները, որոնք քեզ պարգևում են հնչյունները»։

Զրուցեցի նաև խմբի ոկալիստ և մենակատար Ալբերտ Իսահակյանի հետ։ Հարցրի՝ արդյո՞ք համարում է իրեն առաքյալ, և որն է իրենց ուղերձն աշխարհին: Պատասխանեց․ «Երգերն ունեն թե՛ պայքար, թե՛ լիրիկա․ արվեստն ինքն իրենով  պայքարի, չհարմարվելու, բողոքի միջոց է, իսկ առաքյալ որպես այդպիսին  չեմ համարում, փորձում եմ երգերի միջոցով հայտնել իմ և, ինչու ոչ, մարդկանց բողոքը աշխարհին»։

Նրա խոսքով՝ երգերը գրելու շարժարիթ են դառնում իր կյանքի փորձը, այն ամենը, ինչ տեսել է ու զգացել: Իր ընկալումներն ու պատկերացումներն են արտացոլված ամեն մի նոտայի մեջ։

Մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ անցավ ողջ երեկոն, բայց ցավոք, ամեն լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Խոստովանեցին, որ շատ են հավանել թե՛ քաղաքը, թե՛ մարդկանց ջերմ վերաբերմունքը: Ավելին՝ խոստացան կրկին գալ Աբովյան և կրկին այն լցնել  ռոքի շնչով։

Մարիաննա Մխիթարյան

2-րդ կուրս

Կիսվել