«ԻՆՁ ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ, ՄԱ՛Մ»

«ԻՆՁ ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ, ՄԱ՛Մ»

6385

Ամեն տարի մոտ 25 միլիոն երեխա չի ծնվում հղիության արհեստական ընդհատման պատճառով: Այն կանայք, որոնք դիմել են հղիության արհեստական ընդհատման, նշում են, որ դժվարությամբ են գնացել այդ քայլին․որոշ ժամանակ մեղքի զգացումը տանջում է, հետո՝ կորչում, և իրենք շարունակում են ապրել բնականոն կյանքով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե դեռ չծնված երեխաները խոսել իմանային, ի՞ նչ կխնդրեին այն կանանց, որոնք պատրաստվում են իրենց զրկել լույս աշխարհ գալու իրավունքից: Միգուցե ասեին՝ «Ինձ մի՛ սպանիր, մա՛մ»:

Առավել հաճախ հղիությունը ընդհատվում է, երբ փոքրիկն աղջիկ է լինում: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում շատ կանայք վախերի ու հոգեբանական ճնշումների պատճառով գնում են այդ քայլին: Նման խնդրի առաջ կանգնած է եղել նաև Մերին, որի փոքրիկն այսօր 3 տարեկան է: Մերին աղջկան իր կյանքի հաղթանակն է համարում: Դժվարությամբ է պատմում անցածը, բայց հպարտորեն է նշում, որ անցնելով խոչընդոտների միջով՝ հրաշք աղջիկ ունի. «19 տարեկանում ամուսնացել եմ: Ամուսնուս ընտանիքը սիրով է ընդունել ինձ իրենց տուն: Մեկ տարվա համատեղ կյանքից հետո, երբ իմացա, որ փոքրիկի եմ սպասում, շատ էինք ուրախացել թե՛ ես, թե՛ ամուսինս ու իր ծնողները: Ուրախ էին մինչ այն պահը, երբ իմացան, որ ապագա փոքրիկը աղջիկ է: Ցավով եմ հիշում ամուսնուս և իր ընտանիքի արձագանքը: Նրանք ինձ ստիպում էին ընդհատել հղիությունս՝ ասելով, որ լավ կլինի՝ առաջնեկը տղա լինի, և հետո, եթե Աստված կամենա, աղջիկ էլ կունենամ: Ամեն անգամ վիճում էի՝ ասելով, որ Աստված հիմա է կամենում, որ աղջիկ ունենամ, նաև բացատրում էի, որ առաջին ընդհատումը կարող է ինձ հավերժ զրկել մայրանալու բերկրանքից: Բայց միևնույն է, լսում էի, որ իրենց աղջիկ երեխա պետք չէ: Չդիմանալով այդ տան մթնոլորտին՝ տեղափոխվեցի հայրական տուն, որտեղ ծնողներս ողջունեցին որոշումս: Այդ ընթացքում պարբերաբար զանգեր ստանում էի ամուսնուցս, բայց նույն խոսքերն էի լսում: Երբ ծնվեց փոքրիկս, ու առաջին անգամ գրկեցի նրան, հասկացա, որ իմ կյանքում կայացրած ամենաճիշտ որոշումն էր նրան լույս աշխարհ բերելը: Նրա ծնունդից ամիսներ անց ամուսինս սկսեց շփման միջոցներ փնտրել աղջկաս հետ: Որքան էլ որ մեծ էր նրա տված ցավը, գիտակցում էի, որ երեխայիս նրա սերն էլ է պետք: Ամուսնուս ծնողների հետ մինչ օրս կապ չկա, բայց նայելով աղջկաս՝ կարող եմ ասել, որ եթե անգամ կողքիս չկանգնեին իմ ծնողները, միևնույն է, նրան լույս աշխարհ կբերեի ու ինձ հաղթանակած կզգայի»:

Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար Մերին այն կանանց, որոնք նման խնդիր ունեն, պատասխանեց. «Դեմ գնացեք բոլորին: Անգամ ձեր վախերին: Հաղթեք ձեր այն վախը, որ անհաղթահարելի դժվարություններ եք ունենալու: Դժվարություններ կլինեն, բայց ոչ անհաղթահարելի: Ավելի լավ է երեխայիդ գիրկդ առնես ու թեկուզ դժվարությամբ մեծացնես, քան ամբողջ կյանքում խիղճդ տանջի: Իսկ եթե երբևէ դիմել եք այդ քայլին, հիմա ցավ զգալ պետք չէ, ուղղակի փորձեք գոնե ձեր շրջապատում կանխել այդ ամենը:                                                                                                          

Իսկ վերջում՝ ինչպես ասել է Դիաս Դե Միրուդը, «Մայր դառնալով ՝ կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից»:


Էլեն Միրզոյան
2-րդ կուրս

Կիսվել