ՍԵՄԻՆԱՐ` « ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵԼՈՒՅԹԻ 10 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

ՍԵՄԻՆԱՐ` « ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵԼՈՒՅԹԻ 10 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

1932

Ժամանակ առ ժամանակ  շատերս ստիպված ենք ելույթ ունենալ հանրության առաջ  և նախապես  բազմաթիվ սևագիր տեքստեր ենք կազմում։ Դա կարող է ժամեր տևել։ Ելույթ ունենալիս հաճախ մարդիկ չեն տիրապետում այն «հնարքներին» ու հետաքրքիր խոսքի մշակույթին:

Նման խնդիրներից  ազատվելու  նպատակով  պրոդյուսեր, Casting School- ի հիմնադիր Աբել Աբելյանն  ու «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը  իրենց կազմակերպած սեմինարում առաջարկեցին 10 սկզբունք արդյունավետ հանրային ելույթի հասնելու համար: «Նախ և առաջ պետք է կուտակել անհրաժեշտ տեղեկատվությունը, դրա հավաստիությունը պարտադիր է, կազմել սլայդեր, մշակել ներկայացնելու  ձև, մի խոսքով` հաշվի առնել ամեն ինչ, −  նշեց Վահրամ Միրաքյանը: Ելույթի բաղկացուցիչ մաս է կազմում ձայնը: Այն պետք է  ընտրել սովորական խոսակցականից երկու տոն բարձր, որպեսզի տրամադրել   լսարանին` լսել ելույթը: Եթե որևէ մեկը խոսում է առանց դադարների, հազիվ թե մեկը գտնվի, ով հաճույքով  կլսի այն, այսինքն` խոսքի իմաստալից դադարները պակաս կարևոր չեն»:

Աբել Աբելյանը խորհուրդ տվեց որքան հնարավոր է ասելիքը հարստացնել  պատմություններով կամ օրինակներով` այն ավելի համոզիչ դարձնելու համար:
«Բացի բուն ասելիքից, պետք է ուշադրություն դարձնել նաև, թե խոսելիս որտեղ եք նայում, հայացքը պետք է ուղղված լինի դեպի լսարանը, այլ ոչ թե սենյակի տարբեր անկյուններին, իրերին: Պետք է նկատել բոլորին, չկենտրոնանալ միշտ նույն մարդկանց վրա, որպեսզի  մյուսները իրենց վատ չզգան: Անել ամեն ինչ  լսարանին ելույթում ներգրավելու համար: Սա կարող է ներառել խոսքի արագ ընթացք, դինամիկա, հարցեր ուղղված լսարանին, հումորային դադարներ»:
Վահրամ Միրաքյանն էլ ավելացրեց, որ հագ ու կապը ևս շատ բան է փոխում: «Առաջ մարդիկ մտածում էին, որ ազդեցիկ ելույթի համար գործնական հագուստ է
հարկավոր կրել, սակայն դա առաջ էր: Այսօր պետք է հագնվել այնպես, որ համապատասխանի ելույթին` կախված ելույթի թեմայից ու հարմարավետությունից. իհարկե ամեն ինչ պետք է անել չափի մեջ»:

Հավաքվածների այն հարցին, թե ինչպես վարվել, եթե ծիծաղդ չես կարողանում զսպել կամ հակառակը` հուզմունքը խեղդում է քեզ, Աբել Աբելյանը  պատասխանեց. «Չափավոր հուզմունքը լրիվ նորմալ է, ինչ-որ  տեղ այն պատասխանատվության նշան է: Հուզմունքից ազատվելու համար ելույթից առաջ շնչառական վարժություններ կատարեք: Իսկ երբ ծիծաղ է առաջանում, ես փորձում եմ վատ բաներ հիշել ու միանգամից լրջանում եմ»:

Եթե ձեր խոսքում  օգտագործում եք սլայդեր, դրանք պետք է հետաքրքիր լինեն, շատ գունավոր և  աչքի համար հաճելի, ունենան կարճ տեքստ, նպատակահարմար է դրանց մեջ ներառել նաև  վիճակագրություններ: Ինչպես նշում է Վահրամ Միրաքյանը, ցանկալի է միշտ ունենալ տպավորիչ սլայդեր, քանի որ 72 ժամ հետո մարդիկ  հիշում են իրենց լսածի 10 %-ը, տեսածի 25 և ապա  տեսած-լսածի 75 %-ը:

Վերջում Աբել Աբելյանը և Վահրամ Միրաքյանը նշեցին, որ առաջին անգամ էին միասին ելույթ ունենում ու այնքան ասելու բան ունեին, որ հաճախ միմյանց հերթ չէին տալիս:

Մասնակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ շատ թեթևացած էին իրենց զգում սեմինարից հետո, և սա մեծ հնարավորություն էր ավելի գրագետ ելույթ ունենալու համար:

Լիլիթ Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել