Նոյեմբերի 10- ին Մոսկվա կինոթատրոնում
տեղի ունեցավ Եվրոպական Ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը։ Այն իրականացվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ Մշակույթի ազգային ինստիտուտների «ՅՈՒՆԻՔ Հայաստան» կլաստերի նախաձեռնությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Յոնաթան Լաքոթը։
Յուրաքանչյուրն
իր
հերթին կարծում էր, որ սա հնարավորություն է ընձեռում ծանոթանալու եվրոպական կինոարտադրության լավագույն ֆիլմերին և հարթակ է միջմշակութային երկխոսության համար։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջունի խոսքում նշեց. «ՀՀ կառավարությունը խրախուսում է նման միջոցառումների անցկացումը, որոնք թույլ են տալիս միջմշակութային երկխոսության միջոցով ստեղծել հարթակներ, որտեղ մենք կարող ենք հարստացնել միմյանց մշակույթները և ստեղծել նոր հնարավորություններ»։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն իրականացնում են մի շարք կարևոր համատեղ ծրագրեր: «Մենք ունենք համագործակցության հարուստ փորձ, որը, վստահ եմ, ավելի կզարգանա», – ասել է նա:
Փառատոնը մեկնարկեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիգյանի նկարահանած «Գլորիա Մունդի» ֆիլմի պրեմիերայով։
Ֆիլմը պատմում է ֆրանսիացի մի ընտանիքի մասին, որում առկա են բարդ փոխհարաբերություններ և սոցիալական խնդիրներ։ Խրվելով ընտանեկան և հասարակական խնդիրների մեջ՝ նրանք կարծես ստվերում են թողնում իրենց կյանքի երջանկությունը։
Ռոբերտ Գեդիգյանը հայ կինոդիտողին հայտնի է վաղուց իր բազմաթիվ ֆիլմերով, ինչպիսիք են «Լեդի Ջեյնը»,«Խենթ պատմությունը», «Ծովափնյա տնակը»: «Գլորիա Մունդին» նրա վերջին աշխատանքն է, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Փիլմի գլխավոր դերակատարուհին՝ Արիանա Սկարիդը, ռեժիսորի մուսան էր, որն առաջին անգամ Վենետիկում արժանացավ մրցանակի։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են այս տարվա Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններում հաղթանակած ֆիլմերը։ Միջազգային EurasiaDoc կինոհարթակն այս անգամ ևս սկսնակ կինոգործիչներին հնարավորություն կընձեռի հայտնի պրոդյուսերներին ներկայացնել իրենց ֆիլմերի գաղափարները՝ հետագա համագործակցության և ֆինանսավորման համար։
Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը՝ ամեն օր ցուցադրություններ կազմակերպելով Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Վանաձորում։
Հովեյան Վիկտորյա
2-րդ կուրս