«ԱԳՐԵԳԱՏՈՐՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՂՈՒՄ ՏԱԼՆ Է».ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«ԱԳՐԵԳԱՏՈՐՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՂՈՒՄ ՏԱԼՆ Է».ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

1514

Ի՞նչ է իրենից ներկայացնում ագրեգատորը։

– Ագրեգատորը կայք է, որն ունի աղբյուրների ցանկ։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝  վերցնում է տեղեկատվությունը, ներկայացնում ՀՀ օրենսդրությանը և չխախտելով հեղինակային իրավունքը՝ վերանայում և տալիս հղում դեպի սկզբնաղբյուր կայք։

Ինչո՞վ է այն տարբերվում սովորական լրատվական կայքից և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

– Այն կայք է, որն օգնում է մեկ կայքի օգնությամբ ստանալ որոշակի թվով աղբյուրներից վերցրած տեղեկատվություն։ Այսինքն մեկ տեղում է հավաքում տեղեկատվությունները և ներկայացնում հանրությանը​ պարզ և մատչելի ձևով։

Ո՞ր լսարանի համար է այն նախատեսված։

– Ըստ իս՝ լայն լսարանի համար։ Չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ ձևով լսարան առանձնացնել․ նախատեսված  է  մարդկանց համար, ովքեր ժամանակ չունեն տարբեր կայքերից ինֆորմացիա ստանալ, բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արագ լուրեր ստանալով։

Ինչու՞ Հայաստանում ագրեգատորները լայն տարածում չունեն։

– Հստակ չեմ կարող ասել, թե ինչքան է դրանց պոպուլյարությունը, բայց վերջին ամսվա ընթացքում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ շուկայում մեծ տեղ չեն զբաղեցնում։ Կարող եմ առանձնացնել Ինֆոքոմ լրատվական ագրեգատորը, որը​ ժամանակի ընթացքում աճում է և ունի նաև որոշակի լսարան։ Ինֆոքոմը ոչ թե մարդկանց է բերում իր լսարան, այլ ինքն է գնում դեպի մարդիկ։ Այսինքն իր հավաքած ինֆորմացիան հավաքում և ներկայացնում է ոչ միայն կայքում, այլև սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում, Թվիթերում, Յութուբում՝ ստեղծելով առանձին կոնտենտներ յուրաքանչյուրի համար։ Չգիտեմ՝ որքանով են հաջողված ագրեգատոր կայքերը, բայց օգնում են մարդկանց ստանալ​ ինֆորմացիա՝ տալով​ քիչ սեփական բովանդակություն։

Ի՞նչ եք կարծում,  Հայաստանում ագրեգատորները հաջողություն կունենա՞ն։

– Չգիտեմ թե ինչքանով հաջողություն կունենան, բայց ըստ իս՝ ագրեգատորների ժամանակը վաղուց անցել է, քանի որ փոխվել են տեխնոլոգիաները։ Գործնականում, ցանկացած սոցիալական կայք ագրեգատոր է։ Այսինքն դրանք սկսում են մրցել սոցիալական կայքերի հետ։ Ինֆոքոմը աշխատում է այդ ձևաչափով։

Արդյո՞ք Հայաստանում կան կայքեր, որոնք ագրեգատորներ են, սակայն չեն հայտնում դրա մասին։ Եվ եթե կան, կարո՞ղ եք թվարկել մի քանիսը։

– Այո’, նմանատիպ կայքեր շատ կան։ Դրանք ունեն մեկ կամ երկու աշխատող, և  վերցնելով ինֆորմացիան, ձևափոխում են ու վերահրապարակում՝ ստեղծելով շատ քիչ սեփական բովանդակություն։ Այս կերպ դրանք փորձում են հանդես գալ որպես լրատվական կայքեր։  Իսկ​ նմանատիպ կայքերին ագրեգատոր կոչելը ևս սխալ է, քանի որ ագրեգատորների կարևոր հատկանիշներից մեկը հղում տալն է։ Իսկ եթե կայքը ստեղծում է շատ փոքր բովանդակություն և մեծ մասը վերցնում է տարբեր աղբյուրներից ու չի տալիս հղումներ, ապա նմանատիպ կայքերին կարելի է կոչել «ոչ բարեխիղճ» գործունեությամբ զբաղվող կայքեր։

Նաիրա Կարապետյան
5-րդ կուրս

Կիսվել