«ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿԸ» ԺՅՈՒՐԻԻՆ ԳԵՐԵԼ Է ԺՊԻՏՈՎ. ԱՆԳԵԼԻՆԱ ՏԱՆԱՆՅԱՆԸ` «ՄԻՍՍ ԵՐԵՎԱՆ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ...

«ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿԸ» ԺՅՈՒՐԻԻՆ ԳԵՐԵԼ Է ԺՊԻՏՈՎ. ԱՆԳԵԼԻՆԱ ՏԱՆԱՆՅԱՆԸ` «ՄԻՍՍ ԵՐԵՎԱՆ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

1368

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հաղթող Անգելինա Տանանյանը գովազդով է տեսել մրցույթի հայտարարությունը․ բոլոր աղջիկների նման հաղթանակի հույսով մասնակցել մրցույթին, բայց անակնկալի է եկել, երբ հայտարարել են իր անունը։

2004 թվականից ի վեր «Միսս Երևան» գեղեցկության մրցույթ տեղի չի ունեցել և երկարատև դադարից հետո  անցկացվել է նոյեմբերի 23-ին Մեգա Մոլ Արմենիայում: Երկարատև դադարը որևէ խոչընդոտի չի հանգեցրել: «Միսս Երևան 2019»-ի պատվավոր թագին արժանացավ Անգելինա Տանանյանը, առաջին վիցե միսս տիտղոսին` Անի (Մանե) Գարեգինյանը, իսկ երկրորդ վիցե միսս դարձավ Ալինա Աղեկյանը:

Անգելինան կարծում է, որ ժյուրիին գերել է իր ժպիտով և ավելացնում. «Մեծ հույս ունեմ, որ միջազգային բեմերում էլ հնարավորություն կունենամ Հայաստանը ներկայացնելու: Ուզում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն ոչ միայն որպես մոդել կամ ուղղակի գեղեցիկ աղջիկ, այլև որպես դաշնակահարուհի։ Մայրս ինձ այնքան սեր է տվել ու մինչ օրս էլ ամեն հարցում ինձ աջակցում է։ Նա անդադար ինձ կրկնել է, որ գեղեցիկ եմ»,-նշեց Անգելինան:

Նա կարծում է, որ մոդելային ուղի ընտրած ցանկացած աղջիկ պետք է պատրաստ լինի ինչպես դրական արձագանքների, այնպես էլ քննադատությունների:

Անգելինային, բացի թագից, հանձնվել է նաև ավտոմեքենա:

«Միսս Երևան» մրցույթի կազմակերպիչ–տնօրեն Արմինե Մուրադյանի հավաստմամբ` մոտ 1.5 ամիս աղջիկների համար անցկացվել են սպորտի, դեֆիլեի, պարի, էթիկայի, խոհարարական դասընթացներ։Մասնակից 19 աղջիկներն էլ ստացել են Երևանի սիրուն աղջիկ տիտղոսը»։ Նրա խոսքով` մրցույթին դիմորդները շատ են եղել։ Դրան նպաստել է մրցույթում լողազգեստի փուլի բացակայությունը։ Մասնակից 19 աղջիկներին ընտրել են քասթինգի միջոցով։ Նրանցից մեծ մասը մոդելային ասպարեզում անփորձ է:

18–ամյա Անգելինան սովորում է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դաշնամուրի բաժնի 2-րդ կուրսում: Ծնվել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն Անգելինան որոշել է, որ պետք է ապրի Հայաստանում։

«Առաջին վիցե միսս» տիտղոսակիր Անի (Մանե) Գարեգինյանը 20 տարեկան է։ Սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 4–րդ կուրսում։ 2016 թվականին մասնակցել է «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին` դառնալով 4–րդ մրցանակակիր։ Մրցույթի մասին տեղեկացել է գովազդի միջոցով:  Ավարտել է Երգի պետական թատրոնը: Սիրում է նկարել, երգել։

«Երկրորդ վիցե միսս» ճանաչված Ալինա Աղեկյանը ևս 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսում, մասնագիտությամբ լեզվաբան–բանասեր է, մանկավարժ։ Համալսարանին զուգահեռ սովորել և ավարտել  է «Ատեքս» նորաձևության կենտրոնը։ Այս տարի  Հայաստանը ներկայացրել է  Miss Tourism World 2019 մրցույթին, որն անցկացվել է Չինաստանում։ Նշում է, որ դա իր համար մեծ փորձ էր։

 «Միսս Երևան» ամենամյա մրցույթի հաղթող գեղեցկուհին ամբողջ տարվա ընթացքում մասնակցելու է Երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և զբոսաշրջության բնագավառի ծրագրերին:

Ըստ կնքած պայմանագրի` մրցույթում հաղթող աղջիկը մեկ տարի ամուսնանալու իրավունք չունի։

Ամփոփելով ասուլիսը` «Միսս Երևան 2019»-ի պատվավոր թագին արժանացած 18-ամյա Անգելինա Տանանյանը նույնպես միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մարտահրավերին. «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին ամսական նվիրաբերելու եմ տասը հազար դրամ»: Նա իր հերթին մարտահրավեր նետեց  «Միսս մոլորակ 2015» մրցույթում տիտղոսի արժանացած  Դայանա Դավթյանին,   «Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանին և «Ազգային գեղեցկության մրցույթ 2019»-ի հաղթող Հայկուհի Մաթևոսյանին:

Արփինե Հակոբյան
3-րդ կուրս

Կիսվել