ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՎ ԱԳՐԵԳԱՏՈՐՆԵՐ ՉԿԱՆ. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՎ ԱԳՐԵԳԱՏՈՐՆԵՐ ՉԿԱՆ. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1463

Ի՞նչ է իրենից ներկայացնում ագրեգատորը։


– Ագրեգատորները ավտոմատացված համակարգեր են, որոնք ոչ միայն հավաքագրում են ինֆորմացիան տարբեր աղբյուրներից,​ այլ նաև կատարում նյութերի հանգավորում ըստ կարևորության։ Գոյություն ունի ագրեգատորների երկու տեսակ։ Դրանք են` ավտոմատացված ագրեգատորները (օրինակ Google News-ը և Yandex-ը) և​ ագրեգատորներ, որտեղ խմբագիրը մարդ է, ոչ թե ավտոմատ կամ ռոբոտ (օրինակ` mail.ru-ի​ նորություններում)։ Ագրեգատորների համար կարևորը ոչ միայն տարբեր աղբյուրներից հավաքագրումն է, այլ թե ինչպես է ալգորիթմը դուրս բերում նորությունները։ Օրինակ Yandex-ը սյուժեներով է խմբագրում նորությունները, իսկ Google News-ը` ըստ օպերատիվության և երկրների։

Ինչո՞վ է այն տարբերվում սովորական լրատվական կայքից և ի՞նչ առանձնահատկություններ ունի։


– Տարբերությունը այն է, որ ընթերցողը ստանում է հնարավորություն նույն թեմայով միանգամից տարբեր աղբյուրներից ստանալ տեղեկատվություն։ Ընդ որում` այդ աղբյուրները խմբագրված են ինչ-որ տրամաբանությամբ, այսինքն` ըստ հեղինակության և օպերատիվության։ Սա, իհարկե, սովորական լրատվական կայքից, ավելի մեծ ընտրություն է տալիս, մյուս կողմից` կա ինչ-որ ազդեցություն ընտրության վրա, այսինքն ինչ-որ բաներ կարևորվում են, ինչ-որ բաներ դուրս​ մղվում։

Ո՞ր լսարանի համար է այն նախատեսված։


– Լսարան առանձնացնել չեմ կարող, քանի որ նույն նորություններն են, ինչ մյուս կայքերինը։ Սակայն ագրեգատորները կատարում են թեմայի բաշխում։ Ագրեգատորները ավելի շատ այն մարդկանց համար են, որոնք չեն ուզում ինքնուրույն որոնել նորությունները, այլ ուզում են ուղղակի հղումով մտնել և գտնել բոլոր կարևոր նյութերը` կոնկրետ թեմայի վերաբերյալ։

Ինչու՞ Հայաստանում ագրեգատորները լայն տարածում չունեն։


– Հայաստանում պարզապես լավ ագրեգատորներ չկան։ Կա մի քանի այդպիսի փորձ, օրինակ ԶԼՄ.am-ը։ Սակայն աշխարհում ագրեգատորները ազդեցություն ունեն ոչ միայն այն պատճառով, որ մի տեղում զտված են ամբողջ նորությունները, այլ այն, որ զտում և զատում են։ Այսինքն մարդ ինքնուրույն չի որոնում, այլ մտնում​ և ստանում է ընտրված մի փաթեթ ինչ-որ մի թեմայի շուրջ:​ Հայալեզու ագրեգատորներ չկան, դրա պատճառով Հայաստանում տարածված չեն։ Իսկ միջազգային լավ ագրեգատորները չեն պահպանում հայալեզու կոնտենտը։ Միակ ագրեգատորը, որը ինչ-որ առումով ազդեցություն ունի BlogNews-ն է, սակայն այնտեղ ձեռքով ընտրված նորություններ են, այսինքն այն մի կողմից ագրեգատոր է, մյուս կողմից ամբողջական պատկեր չի ներկայացնում։ Ինչ-որ չափով նաև Mamul.am-ը ունի նմանատիպ փորձ։ Սակայն հիմնականում BlogNews-ն է, որ ինչ-որ չափով նման է ագրեգատորի։

Ինչու՞ եք կարծում, որ այն հաջողություն կունենա և ինչո՞վ է այն պայմանավորված։


– Ըստ իս՝ լավ ագրեգատոր Հայաստանում չի հայտնվի, քանի որ այն լուրջ ներդրում է պահանջում։ Վատ ագրեգատորներից ինչպես նշեցի BlogNews-ն է, որը պոպուլյար է։ Հայաստանյան ընթերցողը տեսականորեն օգտվում է կայքային ագրեգատորից.դա ֆեյսբուքն է.այսինքն լուրերի սպառումը մարդիկ կատարում են ֆեյսբուքից։ Ֆեյսբուքի ալգորիթմը մարդու համար ընտրում է այն նորությունները, որոնք մարդիկ պետք է տեսնեն։ Այսօր ագրեգացիա արվում է պարզապես սոցցանցերի միջոցով։

Արդյո՞ք Հայաստանում կան կայքեր, որոնք ագրեգատորներ են, սակայն չեն հայտնում դրա մասինկարո՞ղ եք թվարկել մի քանիսը։


– Հայաստանում կեղծ ագրեգատորներ շատ կան։ Այսպես ասած «սունկ» կայքերն են, որոնք ինչպես արագ բացվում են, այնպես էլ​ արագ փակվում և հիմնված են գողացված կոնտենտի վրա։ Կա մեկ այլ փորձ.կան կայքեր, որոնք ստեղծում են առանձին բլոգներ, արտատպում և տեղադրում են տարբեր տիպի նորություններ, որով հաճախ հակասում են օրենքին։ Օրինակ 168.am-ը, որը հղումներ իհարկե դնում է, սակայն ամբողջությամբ արտատպում է։

Նաիրա Կարապետյան
5-րդ կուրս

Կիսվել