«ԱՐՀԵՍՏ, ՈՐԸ ԳՈՂԱՑԱ ՄԱՅՐԻԿԻՑՍ»․ ԴԵՐՁԱԿ ՌՈՒԶԱՆՆԱ ԳԻՆՈՎՅԱՆ

«ԱՐՀԵՍՏ, ՈՐԸ ԳՈՂԱՑԱ ՄԱՅՐԻԿԻՑՍ»․ ԴԵՐՁԱԿ ՌՈՒԶԱՆՆԱ ԳԻՆՈՎՅԱՆ

1698

Դերձակությունը հնուց տարածված է եղել Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Այսօր էլ Երևանի փողոցներով քայլելիս կարող ենք կարի արհեստանոցներ տեսնել։ Դրանք դարձել են քաղաքային մշակույթի անբաժանելի մասը։ Այսօր իմ զրուցակիցն է Ռուզաննա Գինովյանը, ով շուրջ տասը տարի է, ինչ զբաղվում է այս արհեստով։

  • Երբվանի՞ց սկսեցիք զբաղվել դերձակությամբ։
  • Մանկուց սիրել և զբաղվել եմ դերձակությամբ։ Մայրիկս այն ժամանակ գործելու մեքենա ուներ։ Ինքը գործում էր, ես էլ կողքից գողանում էի իր գործվածքները։  Իրեն նայելով՝ ինքս զբաղվում էի։ Այսպես ասած, սա արհեստ էր, որը  գողացա մայրիկիցս։ Արդեն շուրջ տասը տարի է, ինչ աշխատում եմ  այս մասնագիտությամբ։
  • Հիշու՞մ եք Ձեր առաջին աշխատանքները։
  • Առաջին աշխատանքներս, ճիշտն ասած, կապված են եղել գործելու հետ։ Տասը տարեկան էի, երբ մայրիկիցս թաքուն շարֆ ու գլխարկ գործեցի, ու մայրս զարմացել էր․ չէր հավատում, որ ես եմ գործել։ Դրանից հետո  արդեն տեսավ, որ  սիրում եմ, քիչ-քիչ թողնում էր։ Ամուսնությունից հետո սկսեցի իմ երեխաների շորերի վրա սովորել, նոր հագուստներ մոդելավորել և կարել։ Ես ինքս էլ չէի հասկանում, թե ինչպես գրավեց ինձ այս արհեստը։
  • Հիմնականում ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում։
  • Տարբեր։ Ե՛վ հագուստների ձևափոխություններ, և՛ նոր հագուստների, վարագույրների պատվերներ։ Այն, ինչ հիմա ժողովրդին անհրաժեշտ է։  Աշխատանքս շատ է, սակայն, ես շատ եմ սիրում Ամանորը, և այս խառնաշփոթ իրավիճակի հետ միասին  պատրաստել եմ նաև ամանորյա բարձեր։ Այսինքն հատուկ պատվերներ չեն եղել, սակայն մեծ թվով վաճառքներ արդեն ունեցել եմ։
  • Այսօր մեր հասարակությունում նախընտրու՞մ են  նոր մոդելավորվող և կարվող հագուստներ։
  • Հիմա պահանջարկը շատ-շատ է, մարդիկ զրոյից իրենք իրենց նախընտրած կտորով և ոճով պատվերներ են տալիս։ Գիտենք, որ շատ հաճախ խանութներից  գնված հագուստները լինում են վատ կարերով, և կան մարդիկ, ովքեր չեն հարմարվում և ժամանակ առ ժամանակ նոր հագուստներ են կարել տալիս։ Հիմնականում  ամենից շատ պատվիրում են երեկոյան զգեստներ։ Բայց վերջին շրջանում պատվերներ չեմ կարողանում վերցնել, քանի որ զբաղվածությունս շատ մեծ է,  և  ընտանիքիս  բավականին ժամանակ չեմ կարողանում տրամադրել։
  • Գիտեմ, որ մինչ սեփական կարի արհեստանոց ունենալը տանն եք աշխատել։ Ինչպե՞ս որոշեցիք արհեստանոց ունենալ։
  • Երբեք չեմ պատկերացրել, որ իմ սեփական կարի արհեստանոցը կունենամ։ Ասում էի՝ ինչ տարբերություն տնից կաշխատեմ։ Բայց, չգիտեմ ինչու, օրերից մի օր, միտք ծագեց փոքրիկ տարածք վարձակալել և փորձել։ Փորձեցի, և ասեմ, որ դժգոհ  չեմ։
  • Գույներով լի  արհեստանոց ունեք։ Մտնելիս մարդիկ առաջինը ինչի՞ն են ուշադրություն դարձնում։
  • Հիմնականում  հետաքրքրում է երեխաներին․ նրանք դեռ ներս չմտած անմիջապես նայում են թելերին․ թելերի գույները շատ բազմազան են և երեխաներին գրավում են։
  • Ռուզաննա, Դուք արդեն տասը տարվա փորձ ունեք ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դերձակներին։
  • Սկսնակ դերձակներին խորհուրդ կտամ երբեք չհուսահատվել, քանի որ սկիզբը միշտ դժվար է լինում։ Պետք է նախաձեռնող լինել։ Այստեղ կարևոր է  համբերատար լինելը, եթե հատկապես աշխատելու են նման կարի արհեստանոցներում, քանի որ   ժողովրդի հետ աշխատելը  շատ դժվար է։ 

Անի Թամրազյան

2-րդ կուրս

Կիսվել