«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ԱՅՆ ԱՄՈՒՐ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԸ, ՈՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ...

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ԱՅՆ ԱՄՈՒՐ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԸ, ՈՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ». ԿԱՊԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

1404

Այս խոսքերը արմատացել են մեր զրուցակցի՝ կապանցի երիտասարդ, «Մշակութային նախաձեռնություններ» ստեղծագործական խմբի հիմնադիր Թերեզա Գալստյանի մտքում,  ում հետ մենք այսօր կզրուցենք Կապանում ծավալած իր գործունեության մասին:

Թերեզա, Դուք երկար տարիներ ապրել եք Մոսկվայում, ի վերջո վերադարձաք Կապան և արդեն 1 տարի է՝ այնտեղ եք բնակվում, ո՞րն է եղել պատճառը:

– Իրականում հանգամանքներն են հետ բերել, քանի որ ի սկզբանե որոշել էի Մոսկվայում վերջնական մնալ, բայց մեկ տարվա գործունեությունից հետո, վստահաբար կարող եմ ասել, որ մնալու եմ Կապանում:

-Ունեք պատմաբանի մասնագիտություն, բայց Կապանում ապրելով՝ ամբողջովին այլ աշխատանքներ եք կատարում:  Ինչպե՞ս եղավ, որ այդ բոլոր ռեսուրսները սկսեցիք ծառայեցնել ի նպաստ Կապան համայնքի: Մի տարվա ընթացքում թիմ հավաքելը դժվար չէ
՞ր:

– Դեռ հասարակական կազմակերպության կարգավիճակ չենք ստացել, ընթացքի մեջ է այդ գործընթացը, առայժմ հանդես ենք գալիս որպես ստեղծագործական խումբ՝ «Մշակութային նախաձեռնություններ», որը հանդես է գալիս տարբեր ծրագրերով, որոնցից մեկը «Մշակութային արահետն» է: Թիմը նույնպես ձևավորվեց հանպատրաստի կերպով՝ համայնքի արվեստասեր, ակտիվ երիտասարդներից, և մեր առաջին միջոցառմամբ էլ սկիզբ դրվեց խմբի գործունեությանը: Երիտասարդներն են այն ամուր հիմնասյունը, որի վրա հնարավոր է կառուցել մեր համայնքի բարեկեցիկ ապագան, և քանի որ մենք ունենք այդ գիտակցումը, որ մեզնից իսկապես շատ բան է կախված․ նպատակ դրվեց մեր ստեղծագործական ողջ ներուժը ուղղել ի շահ մեր սիրելի համայնքի:

-Նշեցիք, որ հանդես եք գալիս «Մշակութային արահետ» նախաձեռնությամբ. խնդրում եմ մանրամասնեք, թե ինչով եք զբաղվում:

– «Մշակութային արահետ» ծրագիրը ուղղված է մեր համայնքի գյուղական բնակավայրերի մշակութային կյանքի ակտիվացմանը: Ծրագիրն իրականացվում է համայնքապետարանի աջակցությամբ և համայնքի մշակութային կառույցների մասնակցությամբ՝ Արվեստի մանկական դպրոց,Արվեստի պետական քոլեջ, թիվ 2 երաժշտական դպրոց: Առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 11 գյուղական բնակավայր ենք այցելել: Նախատեսում ենք շարունակել ծրագիրը՝ ապրիլ ամսից ընդգրկելով նաև մյուս գյուղական բնակավայրերը:


Ինչպե՞ս որոշեցիք թիրախավորել նաև գյուղական համայնքները։

– Ինձ համար գյուղը միշտ էլ եղել է համայնքի կարևորագույն մասնիկը և,  քանի որ մենք նպատակ ունենք խթանելու մեր համայնքի մշակութային կյանքի զարգացումը, գյուղերը ևս մեր ուշադրությունից զերծ չմնացին, հատկապես, որ վերջին տարիների ընթացքում մշակութային կյանքից անմասն էին մնացել:


Ներկայացումներով կամ համերգային ծրագրերով հանդես գալուց հետո ինչպիսի՞նն էին գյուղում բնակվող փոքրիկների և տարեցների արձագանքները:

– Արձագանքները միանշանակ դրական են․ մենք ծրագրի շրջանակներում հանդես ենք եկել 11 գյուղական բնակավայրերում, որտեղ հանդիպել ենք բնակիչների ջերմ ընդունելությանը, փոքրիկների ոգևորությանը, իսկ գյուղերի երիտասարդներից, արդեն, համատեղ միջոցառումներ իրականացնելու առաջարկներ ենք ստանում:


Կապանը ճանաչվեց Հայաստանի 2020 թի երիտասարդ մայրաքաղաք, և վստահ եմ, որ Դուք՝ ձեր թիմով ևս մեծ ներդրում ունեցաք։ Սա կարևո՞ր էր ձեզ համար։


– Իհարկե, սա մեզ համար մեծ ձեռքբերում և  խթան է՝  շարունակելու մեր գործունեությունը հասարակական դաշտում՝ ավելի լայն շրջանակներում հանդես գալով նոր ծրագրերով և միջոցառումներով:

Իսկ առաջիկայում ունե՞ք նոր ծրագրեր:

Ներկայումս ունենք ծրագիր, որն ընթացքի մեջ է. այն իրականացնում ենք Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի հետ:
Դա «Նվիրիր հեքիաթ» ծրագիրն է, որի շրջանակներում մեր տաղանդավոր երիտասարդները պատկերազարդման աշխատանքներ են իրականացնելու համայնքի 3 նախակրթարաններում, Ծավ գյուղի նախակրթարանում և «Հույսի և Հավատի Օջախ» կազմակերպության գրասենյակի մանուկների խմբասենյակում: Նշեմ, որ վերջին երկու կառույցներում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նախատեսել ենք ավարտել մինչ տարեվերջ:

Լիլիթ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել