Թագավարակի նոր դեպքերը հաշվելու եւ լրահոսը պարբերաբար թարմացնելու փոխարեն, ծնողների համար առաջարկում ենք երեխաներին զբաղեցնելու մի քանի տարբերակ. մեծերի ժամանակը կանցնի շատ արագ, երեխաներինը՝ հետաքրքիր։
1.Ինչպես պատրաստել պլաստիլին տնային պայմաններում
1 սուրճի բաժակ ջուր
1\2 սուրճի բաժակ աղ
1թ. գդալ բուսայուղ
1թ. գդալ կիտրոնի աղ
սննդային ներկեր
ալյուր
Պատրաստման եղանակը
Կաթսան դնել թույլ կրակի վրա, ավելացնել ջուրը, աղը, կիտրոնի աղը, բուսայուղը և խառնել, պարտադիր փայտե գդալով: Կաթսայի պարունակությունը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել: Տեղափոխել այլ տարայի մեջ և սպասել, որ մի փոքր սառչի: Ավելացնել ներկանյութը, խառնել, այնուհետև ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի ձեռքին չկպչող խմոր․ ահա և վերջ:
Պլաստիլինով զբաղվելը զարգացնում է երեխայի սենսորիկան, մոտորիկան, երևակայությունը:
2.Ինչպես կատարել բնագիտական փորձ
Մի փոքր խոր ափսեի մեջը լցնել ջուր, ապա վրան ավելացնել կարմիր կամ սև պղպեղ: Վերցնել օճառ կամ սպիրտ պարունակող հեղուկ և մատիկը թաթախել մեջը, այնուհետև թաթախել ափսեի մեջ:
Կտեսնենք` ինչպես է պղպեղը փախչում մատից: Սա պարզ միջոց է երեխաներին բացատրելու, որ մանրէները վախենում են մաքուր ձեռքերից:
3. Ուսուցողական ֆիլմերի կամ մուլտֆիլմերի դիտում
Փոքրիկների հետ ֆիլմեր կամ մուլտֆիլմեր դիտելը լավ միջոց է ամրապնդելու ձեր հարաբերությունները բալիկների հետ: Դիտելու ընթացքում նրանք տարբեր հարցադրումներ են անում, և դուք պետք է բացատրեք նրանց հասկանալի, պարզ բառերով: Ճիշտ ընտրված ֆիմը կամ մուլտը դրական և ուսուցողական ազդեցություն կունենան փոքրիկի վրա:
4. Ինչպես տարբերակել ամռան կամ ձմռան հագուստը
Կազմակերպել խաղ, որի միջոցով երեխան կկարողանա տարբերակել ամառային և ձմեռային հագուստը:
Երկու տարբեր տուփերի վրա փակցնել եղանակին համապատասխանող նկար կամ նկարել այնպես, որ երեխան կարողանա տարբերակել՝ տուփը որ եղանակին է բնորոշ: Այնուհետև, թղթի վրա նկարել կամ համացանցից հանել ամառային և ձմեռային հագուստի նկարներ: Առաջարկել երեխային հերթով ասել հագուստի անվանումները և որոշել, որ եղանակի տուփի մեջ պետք է դնել այն:
Խաղը զարգացնում է`
. պատկերների տեսողական ընկալումը
. տրամաբանությունը
. վերլուծելու և մտածելու կարողությունը
. առաջադրանքի վրա կենտրոնանալու կարողությունը։
5. Գույն ու պատկեր
Երեխաները գույներն ընկալում են յուրովի, և պետք է հոգալ, որպեսզի ճիշտ տարբերակի գույները: Այս խաղը կարելի է կազմակերպել տարբեր միջոցներով: Կարելի է խաղալ պլաստմասե գունավոր բաժակներով, փուչիկներով կամ թղթից պատրաստված երկրաչափական պատկերներով: Երեխան պետք է առանձնացնի գույները կամ պատկերներն ըստ հերթականության: Երբ երեխան գլուխ բերի այս ամենը, ցույց տվեք նրան՝ ինչպես են առաջանում գույները: Խառնեք ներկերն ու ստացեք նոր գույն: Սովորեցրեք նրան մի քանի գույնից նոր գույն ստանալ: Խաղը զարգացնում է`
արագ կողմնորոշվելու ունակությունը, տեսողական հիշողությունը, երևակայությունը:
Տանն անցկացրած ժամանակը հետաքրքիր դարձնելը դեռ բավարար չէ, այն պետք է լինի նաև օգտակար եւ հաճելի: Նմանատիպ հետաքրքիր զբաղմունքներ կարող եք գտնել նաեւ այստեղ՝ https://www.facebook.com/mariampaloyan1326/ ։
Մարո Եղոյան
3-րդ կուրս