Գիրքը վերածենք փողի, օգնենք բանակին

Գիրքը վերածենք փողի, օգնենք բանակին

743

«Պատիվ» սոցիալական աջակցման հասարակական կազմակերպությունը» արդեն երրորդ օրն է Արթիկ քաղաքում կազմակերպել է «Գիրքը վերածենք փողի» ակցիան։

«Շատ պատահական առաջացավ գաղափարը ու հաջորդ օրը միանգամից անցանք գործի։ Հրապարակում հավաքում ենք հին գրքեր, տետրեր ու թղթեր, որոնք հանձնելու ենք վերամշակման, իսկ ստացված գումարը կփոխանցենք «Հայաստան» համահայկական հինադրամին»,- պատմեց նախաձեռնության ղեկավար Արմենուհի Վարդանյանը։

Կամավորների հոսքը մեծ է, երիտասարդները պատրաստակամ են օգնել, դասավորում են գրքերը, առանձնացնում թղթերը։

«Մեր պարտքն է օգնել մեր բանակին, այս պահին նույնիսկ մեկ թուղթն ու գիրքը շատ կարևոր է»,- նշեց կամավորներից Նարեն։

Ակցիայի կազմակերպիչները զարմացած են արթիկցիների արձագանքից։ Երեկ իրենց է միացել չորրորդ դասարանի Մանեն, բերել իր նկարներն ու հեքիաթի գրքերը։ Անցորդները հետաքրքրվում են, գնում տուն ու հետո անպայման բերում գրքեր։

Արմենուհի Վարդանյանի խոսքով՝  բավական գրքեր են հավաքել, որը  կկազմի կլորիկ գումար։

«Մի քանի օր ևս կշարունակենք, որ շատ հավաքվեն գրքերը, քանի որ տեղափոխելու ենք Երևան»,- նշեց Արմենուհի Վարդանյանը։

Սա առաջին ակցիան չէ մինչ օրս  աջակցել են Արցախից Արթիկ եկած ընտանիքներին, առաջնագիծ ուղարկել սնունդ ու անհրաժեշտ ապրանքներ։

Շողիկ Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել