ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ

1767

Հայաստանում առաջին անգամ Հին Կտակարանը նկարահանվել է ժեստերի լեզվով:

2002 թվականից Արարատյան հայրապետական թեմի հովանվորությամբ գործում է Խուլերի համայնք: Սա միջոց է նրանց  ընդգրկելու եկեղեցիական կյանքին: Տեր Եսայի Արթենայնը 2002 թվականից աշխատում է նրանց հետ. «Այս տարիների աշխատանքի ընթացքում հանդիպել ենք մի շարք խնդիրների: Առաջին խնդիրը, որին մենք հանդիպեցինք, դա ժեստերի լեզվով հոգևոր տերմինների բացակայութունն է, դրա համար էլ հրատարակեցինք ժեստերի լեզվի հոգևոր բառարան: Մյուսը` պատարագին մասնակցելու և այն հասկանալու խնդիրն է: Այս խնդիրը լուծելու համար մենք պատրաստեցիքն պատարագի տարբերակը ժեստերի լեզվով թարգմանված»,-նշեց նա:

Սակայն սա չէր կարող ամբողջովին տալ տեղեկություն քրիստոնեության մասին, ուստի թարգմանվեց Աստվածաշունչը: «Մենք կարիք ունեինք Աստվածաշնչի, չնայած նրան, որ եկեղեցիական արարողություններին միշտ ներկա է ժեստերի  լեզվի թարգմանիչ, բայց շատ կարևոր է, որ Աստվածաշունչը խուլերը իրենց ձեռքի տակ ունենան,-նշում է Տ. Եսայի Արթենյանը,- «Շուրջ 4 տարվա աշխատանքներից հետո մենք այսօր արդեն ունենք 4 սկավառակ, որտեղ թարգմանված է Հին Կտակարանը: Այն DVD տարբերակով ներկայացվեց, որովհետև սա նրանց մայրենի լեզուն է, իսկ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր մայրենի լեզվով կարդալու իր սուրբ գիրքը: Մարդը կանգնած ժեստերի լեզվով փոխանցում է Աստվածաշնչի տվյալ հատվածի տեքստը: Էկրանի մյուս կողմում նույն թեմայի շուրջ նկարներն են, իսկ ներքևում նույն տեքստը նաև գրվում է: Այսինքն՝  էկրանին միանգամից երեք կոմպոնենտ կա, որոնք հրաշալի փոխլրացնում են միմյանց»:

Նախաձեռնությանը աջակցել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը։ Այս միջազգային կազմակերպությունը ֆինանսավորվում է Հայ առաքելական, Հայ ավետարանական և Հայ կաթողիկե եկեղեցիների հոգեբարձուների կողմից։  Ընկերության ծրագրերի տնօրեն  Արշավիր Գաբուջյանը ասաց.«Այս երտասարդների հետ շփվելիս ես երբեք չտեսա, որ իրենք իրենց խեղճությունը ցույց տան, այլ ընդհակառակը իրենք չխնդրեցին մեզնից մի բան, այլ պահանջեցին: 12 տարի փորձեցինք` չստացվեց և միայն անցյալ տարի Միացյալ Աստվածաշնչային ընկերությունը մեզ տրամադրեց այն գումարը, որով թողարկեցինք տեսաերիզները: Սա ողորմություն չէ, սա մեր պարտավորությունն է մեր ունեցածից բաժին հանելու: Այսքան տարի ես շփվել եմ մեր ժողովրդի տարբեր խավերի հետ և ամենագեղեցիկ ժպիտը տեսել եմ կույրերի աչքերում: Ամենագեղեցիկ բառը լսել եմ խուլ համայնքի ներկայացուցչի շուրթերից»: Նա հավելեց, որ ականջով խուլերին դժվար չէ Աստծու խոսքը փոխանցել, շատ ավելի դժվար է հոգով ու մտքով խուլերին լսելի դարձնելը:

Սկավառակում հիմնականում նկարահանվել են 3 հոգի։ Նրանցից մեկը Գրետա Ավագյանը  այն խուլերից է, ով ամենաշատն է նկարահանվել այս սկավառակում. «Մենք երբեք չենք մտածել ինչ որ շահի մասին, մենք արել ենք ուղղակի  անելու համար: Մեր նպատակն այն է, որ փոքրիկները իմանան Աստծու մասին, օգնենք նրանց գնալ ճիշտ ճանապարհով, իսկ Հիսուսն ասում էր, որ ինքն է ճանապարհը»,- ասաց Գրետան թարգմանչի օգնությամբ։

Ժեստերի լեզվով թարգմանված Աստվածաշունչը  ունի մեկ առաքելություն ևս` թույլ չտալ, որ աղանդավորակնները խուլերին ներքաշեն իրեց խմբերը։ Տ. Եսայի Արթենյանը այս խնդրի մասին խոսեց` ասելով, որ այս աղանդները ևս ունեն իրենց սկավառակներ, սակայն դրանք շատ վատ են թարգմանված։ «Կան խուլեր, որ Կյանքի խոսքին են հարում, շրջաններում`  Եհովայի վկաններին, սակայն այսօր մենք մեծ հաջողություն ունենք այս տարիների աշխատանքի շնորհիվ: Մասնավորապես կյանքի խոսքը խոստանում էր նրանց, որ իրենց շարքերը համալրելով, իրենց ականջները կբացվեն, բայց  մարդիկ տեսան, որ աղանդավորների այն խոստումները, որ նրանց ականջները կբացվեն այդպես էլ չիրականացան:

Զուբեյդա Մելիքյանը, ով ժեստերի լեզվի թարգմանիչ է և մեծ աշխատանք է կատարել գրքի թարգմանման գործում, հավելեց. «Այսօր մենք ունենք աղանդավոր ծնող, ով չի ուզում մկրտի երեխային, բայց երեխան կարողանում է «հաղթել» ծնողին և մկրտվում է։

Արշավիր Գաբուջյանը կարծում է, որ աղանդավորների  հաջողությունը ավելի շատ իրենց հետևողական աշխատանքով է պայմանավորված, որովհոտև մեր ժողվուրդը ունի հոգևոր վակում։ Աշխատանք չի տարվում մեր ժովովրդի ոչ մի շերտի հետ։ Սակայն երբ նրանք տեսնեն Աստվածաշունչը, Եհովայի վկան չի կարող էլ խեղաթյուրել տեքստը որովհետև խուլը ուրիշ բան է կարդացել, ավարտեց խոսքը նա։

Սկավառակի բովանդակությունը կազմված է 237 գլուխներից, ամեն մի գլխի տևողությունը  միջինում մեկ րոպե է։

Հայաստանում այսօր կա 3500 խուլ, սակայն թողարկվել է 500 օրինակով: Տեր Եսայի Արթենյանը նշեց, որ էլի կթողարկվեն: Կա նաև ինտերնետային տարբերակը: Տեսաերիզը չի վաճառվի։ Իսկ Նոր Կտակարանը կթարգմանվի այս տարվա ընթացքում:

 

Ջուլիետա Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել