«Ես երազանքներ չունեմ, ես իմ առջև դնում եմ միայն նպատակներ». Էլիզա Ջրաղացպանյան

«Ես երազանքներ չունեմ, ես իմ առջև դնում եմ միայն նպատակներ». Էլիզա Ջրաղացպանյան

608

Էլիզան սովորում է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում։ Սակայն նրա այդ ընտրությունը զարմացրել է իր բոլոր հարազատներին։ Նա 6 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել, սովորել է մասնագիտացված քոլեջում. «Դաշնամուր նվագել սկսել եմ 6 տարեկանից` սովորելով Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում։ Մանկուց միշտ հաճույքով եմ լսել, թե ինչպես են ուրիշները նվագում, և իմ մեջ սերը դեպի երաժշտությունը և դաշնամուրը շատ վաղուց է եղել»։

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա֊մանկավարժական քոլեջ ընդունվելիս վստահ էր, որ այն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է Կոնսերվատորիայում, քանի որ, Էլիզայի խոսքերով, երաժշտությունն իր կյանքի անբաժան մասն է։

«Փորձել եմ ստեղծագործել, ստեղծել իմ ոճը և երաժշտությունը, իմ կարծիքով ինձ մոտ ստացվել է, բայց այն դեռևս միայն ինձ է հասանելի։ Գուցե մի օր, եթե հնարավորություն ստեղծվի, ներկայացնեմ հանրությանը, բայց ոչ հիմա»։

Արվեստի դպրոցում սովորելու տարիներից ի վեր մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոնների, ունեցել է հաջողություններ և ձեռքբերումներ. «Բոլոր մրցույթներից և փառատոններից ինձ համար ամենայուրահատուկը 2019 թվականին տեղի ունեցած «Առնո Բաբաջանյանի անվան փառատոն»-ն էր։ Մեծ պատիվ էր սովորելով համանուն քոլեջում, մասնակցել հենց այդ փառատոնին»։

Սովորելու տարիներին շատ դժվարությունների է բախվել, երբեմն նաև հիասթափվել. «Մի պահ սկսել էի չսիրել դաշնամուրը, պարզապես ցանկանում էի չշարունակել ուսումս, քանի որ ուսուցչուհիս շատ էր բարկանում, և երբեմն ես կոտրվում էի։ Իհարկե, հիմա հասկանում եմ, որ բարկանում էր, որպեսզի ես ավելի լավ արդյունքի հասնեմ, և ես շատ շնորհակալ եմ նրան իր խստապահանջության համար»։

Դաշնակահարի համար ևս կան դժվարություններ։ Ըստ Էլիզայի, յուրաքանչյուր նոր ստեղծագործություն սովորելիս սկզբում սկսում ես մտածել, որ չես կարողանա այն լավագույն ձևով ներկայացնել, բայց եթե շատ աշխատես, չընկճվես սկզբնական անհաջողություններից, ապա վերջնական արդյունքը գոհացնող կլինի։

Էլիզայի սերը դեպի երաժշտությունը և դաշնամուրը ակնհայտ է, ուստի զարմանալի է, թե ինչու է ուսումը շարունակում ամբողջովին այլ բնագավառում. «Պարզապես ցանկություն առաջացավ մեկ այլ բնագավառում, որը կապ չունի երաժշտության հետ, գիտելիքներ ձեռք բերել։ Իսկ երաժշտությունը երբեք չեմ մոռանում, տանը դաշնամուրի առջև միշտ դրված են իմ նոտանների գրքերը։ Իհարկե, հետագայում գուցե կրկին մասնակցեմ մրցույթների»։

Մեր հերոսուհին չի ապրում երազանքներով, նա ունի կյանքի իր նշանաբանը. «Ես երազանքներ չունեմ, ես իմ առջև դնում եմ միայն նպատակներ, իսկ գլխավոր նպատակս լավագույնը լինելն է, ինչին էլ, որ ես ձգտում եմ»։

Տաթևիկ Գաբրիելյան

3-րդ կուրս

Կիսվել