Առաջին բուժօգնության դասընթաց լոռեցի կամավորների համար

Առաջին բուժօգնության դասընթաց լոռեցի կամավորների համար

662

Ելնելով ստեղծված պատերազմական իրավիճակից՝ Վանաձորում «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնեց առաջին նախահոսպիտալային բուժօգնության դասընթացներ լոռեցիների համար։ ՀԿ-ի նախագահ Վարդուհի Անանյանի գլխավորությամբ  դասընթացը վարեց բժիշկ Սպարտակ Հովհաննիսյանը։

Դասընթացը տեղի ունեցավ երեք փուլով։ 

«Անցկացվեց երկու տեսական դասընթաց չորս տարբեր թեմաներով՝ արյունահոսության կանգ, վիրակապեր, կոտրվածքներ, վերջույթների անշարժացում, իսկ երրորդ դասընթացն անցկացվեց  բնականին մոտ պայմաններում, այսինքն՝ գրիմով»,- իր խոսքում նշեցՎարդուհին։

Դասընթացի մուտքն ազատ է եղել բոլորի համար, և տարիքային  սահմանափակում գրեթե չի եղել։ Դասընթացին մասնակցել են 50 և ավելի անձնիք, որոնք կամավորագրված են  եղել մեկնելու պատերազմի և սպասել են իրենց հերթին։

Տվյալ նախագիծը նախահոսպիտալային առաջին բուժօգնությունն էր տարբեր իրավիճակների համար՝ վթար, հրդեհ, երկրաշարժ, պատերազմ։ «Քանի որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, առաջին նպատակն էր նախքան առաջնագիծ մեկնելը պատրաստել կամավորներին։ Գիտակցելով, որ հիմնականում ձեռքի տակ որպես կանոն անհրաժեշտ իրեր չեն լինում, պետք է սովորել կիրառել էն ամենը, ինչ կա մեր շուրջը, որը շատ դեպքում աղբ ենք համարում, դրանք են՝ պլաստիկ շշեր, փայտ, կտոր և այլն»,- հավելեց Վարդուհին։

Մասնակիցները դասընթացի երկրորդ օրն հենց իրենք են ցույց տվել առաջին օգնություն՝ մեկը մյուսի վրա փորձարկելով նախորդ օրն իրենց սովորածը։

«Ամենն իրենք են արել  իրենց ձեռքերով, քանի որ անհրաժեշտության դեպքում տվյալ իրավիճակում արդեն հոգեբանորեն պետք է պատրաստ լինեն, չնայած երբեմն մարդկային վարքն անկանխատեսելի ու անկառավարելի է, բայց վստահաբար ստեղծված իրավիճակում գործնականում գիտելիքը կիրառեցին մասնակիցները։  Կարող եմ ասել, որ շատ պետքական էր դասընթացը, ու արժե, որ բոլորը որևէ կերպ նման դասընթացի մասնակցեն»,- եզրափակեց Վարդուհի Անանյանը։

Անի Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել