Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգինի երկրորդի նախագահությամբ արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողություն կատարվեց։Արարողությանը ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հիշատակի արարողությունից հետո իր ելույթում անդրադարձավ պատերազմի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակին։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, հայրենիքի համար իրենց կյանքը տված զավակների անձնազոհության և վառ հիշատակի համար պետք է պահպանել միասնականությունը, հեռու մնալ ատելություն և թշնամանք հրահրող խոսքերից ու գործունեությունից և զերծ պահել նոր ցնցումներից ու վտանգներից։ «Այսօր, պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով, մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ, հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Ի մասնավորի պետական և քաղաքական գործիչների պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի»։
Վեհափառ Հայրապետը հայրենասիրության, միաբանության, համերաշխության և հանդուրժողականության կոչ արեց, արցախահայության իրավունքների պաշտպանության, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտման համար։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդը անդրադարձավ նաև սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմում Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությանը։ «Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որ սանձազերծվեց Թուրքիայի սատարումով և վարձկան ահաբեկիչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի պաշտպանելով մեր հայրենիքը։ Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների՝ սգակիր հայրերի ու մայրերի, այրիացյալ կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար»։
Լենա Կարապետյան
2-րդ կուրս