«Կա նաև հեյթերների ջոկատ, որ հոլովակը չնայած՝ միշտ բացասական մեկնաբանություններ են թողնում»....

«Կա նաև հեյթերների ջոկատ, որ հոլովակը չնայած՝ միշտ բացասական մեկնաբանություններ են թողնում». Շուշան Տեր-Հովհաննիսյան

1371

Շուշան Տեր-Հովհաննիսյանը հայտնի տիկտոկեր, բլոգեր և դերասանուհի է։ Նա հասցնում է խնամել երեխաներին և միառժամանակ հոլովակներ է պատրաստում ու տեղադրում TikTok և YouTube հարթակներում։ Շուշան Տեր-Հովհաննիսյանի հետ զրուցել եմ իր մանկության, տաղանդի և հայտնի դառնալու մասին։

Բոլորն էլ ունեն իրենց յուրահատուկ հիշողությունները՝ կապված մանկության հետ, կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին և ինչպիսի մանկություն եք ունեցել։

-Ես խիտ, ուրախ մանկություն եմ ունեցել, սիրված բալիկ եմ եղել հատկապես պապայիս կողմից, որովհետև հայրս երազել է աղջիկ երեխայի մասին, ու ես վերջապես ծնվել եմ։ Իմ եղբայրները 15 տարով ինձանից մեծ են, իսկ ես տան չարաճճի, «լկստված» երեխան եմ եղել միշտ։ Շատ վառ մանկություն եմ ունեցել, ծնողներս ոչնչից չեն զրկել, հակառակը՝ միշտ ոգևորել են, ամեն ցանկությունս ի կատար են ածել։

Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր ամուսնու հետ և ինչո՞ւ եք նրան անվանում «Էդո ձյաձյա»։

-Ամուսնուս հետ մեր պատմությունը կա իմ ալիքում, այն և՛ կարճ է, և՛ երկար է, մենք երկար ենք պատմում, որ երկար թվա, բայց իրականում չորս օր ենք իրար ճանաչել, չորրորդ օրը փախել ենք իրար հետ։ «Էդո ձյաձյա» եմ ասում, որովհետև ինքը ինձանից մեծ է, նաև այդպես զվարճալի է, հո՞ արջուկ չեմ ասելու։

Գիտեմ, որ շատ եք սիրում Գյումրին, կա՞ն արդյոք մտքեր տեղափոխվելու հետ կապված, և հաճա՞խ եք Գյումրի այցելում։

-Գյումրին շատ եմ սիրում, որովհետև նախ ամուսնուս ծննդավայրն է։ Իմ արյան մեջ էլ կա գյումրեցու արյուն հայրական կողմից։ Բնակվել այնտեղ ընդմիշտ, իհարկե, չի լինի, որովհետև աշխատանքն է այստեղ, սակայն ցանկություն կա։ Գյումրիում տուն ունենք, Էդգարի հայրական տունը, բայց մի փոքրիկ բնակարան ես կցանկանայի ունենալ. քոնը մի տեսակ ուրիշ է։

Գեղանիստ տեղափոխվելու որոշումը ինչպե՞ս եք կայացրել և ի՞նչն է եղել այդ որոշման հիմնական պատճառը։

-Ես մեծացել եմ կենտրոնում, իսկ ամուսինս ծնվել է Գյումրու կենտրոնում։ 20 տարեկանից արդեն ապրել է Երևանի կենտրոնում, մեր ամբողջ կյանքը կենտրոնացված է եղել կենտրոնում, և բնակարանն էլ գնել ենք հենց կենտրոնի սրտում, բայց բնակարանը փոքր էր, իսկ ընտանիքը մեծանում էր, երկու երեխա։ Քանի որ օլիգարխ չենք, չենք կարող կենտրոնում եռհարկանի առանձնատուն ձեռք բերել, որոշեցինք Երևանին ամենամոտ գտնվող գյուղը ընտրել։

Գիտեմ, որ օգտվում եք նաև YouTube հարթակից, ո՞րն եք ավելի շատ հավանում, YouTube-ը, թե՞ TikTok-ը։

-Ամեն հարթակ իր դիտորդն ունի, ես ակտիվ եմ այս երկու հարթակներում, նաև Instagram-ում։ Ամեն հարթակ ունի իր տարիքային ցենզը, այսինքն TikTok-ում հիմնականում երեխաներ են, չնայած քողարկված շատ մեծեր նույնպես կան։ Բոլոր հարթակներում էլ տարիքային խմբերը ակտիվ են։

Ինչպե՞ս եք որոշել բացել TT հարթակը, ի՞նչ հնարավորություն է այն ընձեռում սպառողին՝ նաև ֆինանսապես, և ինչպե՞ս եք միառժամանակ հոգ տանում երեխաների մասին։

-Շատ պատահական եմ բացել. ես ֆեյսբուքյան էջ ունեի, իմ բլոգը այնտեղ էի վարում, և հետո ընկերներիցս մեկն ասաց, որ TikTok-ում շատ հետաքրքիր հոլովակներ են նկարում, իսկը իմ տեղն է։ Որոշեցի ինչ-որ հոլովակ նկարել մեմի ձայնով և տեղադրել, ինչը մեծ արձագանք ստացավ մարդկանց կողմից, և այդպես շարունակեցի նկարել։ Գումար հարթակից չեմ վաստակում։ Իսկ երեխաները արդեն բավականին մեծ են, տղաս հինգ տարեկան է, կարողանում է միայնակ լոգանք ընդունել, հագնվել, քույրիկի հետ պատրաստում են սնունդը և ուտում, նախաճաշը Անահիտն է պատրաստում։ Այս ընթացքում երեխաները հասցրել են բավականին մեծանալ։

Ճի՞շտ եք համարում, որ հարթակից օգտվում են նաև անչափահասները։

-Ո՛չ, բազմիցս ասել եմ, որ TikTok-ից պետք է օգտվեն սեռահասունացումն անցած երեխաները, որովհետև կան այնպիսի թեմաներ, որ անչափահասները չեն կարողանա ճիշտ ընկալել։ Իմ աղջիկը չունի հավելվածից, նրա տիկտոկյան էջը ես եմ վարում։

Ինչպե՞ս են առաջանում TikTok-ում հոլովակներ նկարելու գաղափարները, և ի՞նչ տեսակի հոլովակներ են սիրում սպառել ձեր հետևորդները։

-Հումորայինն է հիմնականում ակտուալ, ոչ նախապես մտածվածը։ Հոլովակները պատահական եմ նկարում, բայց, որ կյանք լինի մեջը։ Երբեք չի եղել, որ հոլովակի համար շպարվեմ, եթե, իհարկե, անցումային չէ։

Երբեմն լինում են բացասական մեկնաբանություններ, ինչպե՞ս եք արձագանքում դրանց, և ի՞նչն է ստիպում ձեզ շարունակել նկարահանել։

-Բացասական մեկնաբանությունները պարտադիր կան։ Կա նաև հեյթերների ջոկատ (hater՝ ատող, ատելություն տարածող), որ հոլովակը չնայած՝ միշտ բացասական մեկնաբանություններ են թողնում։ Ես կա՛մ չեմ արձագանքում, կա՛մ էլ ցինիկ պատասխան եմ տալիս, ինչից նրանք ավելի են վրդովվում, բայց ես չեմ վիրավորվում անծանոթ մարդկանցից։

Մարիամ Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել