Չինարին փորձում են հնարավորինս անվտանգ պահել

Չինարին փորձում են հնարավորինս անվտանգ պահել

486

Միրզոյանների ընտանիքը գտնվում է անմիջապես թշնամու թիրախում, այդ առումով վտանգավոր է դառնում ոչ միայն հողամաս մշակելը, այլ նաև ամենօրյա կյանքը։ Սամվել պապը ծնվել և մեծացել  է Տավուշի մարզի Չինարի գյուղում, այգու մի մասում կանգնած ցույց է տալիս թշնամու սահմանը և ասում.

«Այ էստեղից միշտ կրակում են, մեր այգին և տունը շատ պարզ տեսնում են, էստեղ գործ անելիս շատ զգույշ եմ լինում»։ Ընտանիքի հոգսերն այս ձմռանը մի փոքր թեթևացել են ոչ միայն եղանակային բարենպաստ պայմանների,  այլև կրճատված կոմունալ ծախսերի շնորհիվ։

Սամվել պապի կինը ՝ տիկին Նելլին ասում է. «Եթե են ժամանակ 6000 էր կազմում, հիմա 3000 ենք վճարում, էս պայմաններում, կտրված ամեն ինչից, սա էլ մեծ օգնություն է, մենք ասում ենք 1000 դրամն էլ մեզ համար օգնություն ա, կգնանք 1 լիտր ձեթ կառնենք, մի շաբաթ յոլա կգնանք»։

Ամեն ընտանիքում սակայն ամեն ինչից վեր կարևորում են կենսական խաղաղությունը և անվտանգությունը, այդ առումով  գյուղի մեծ ձեռքբերումներից են համարում Չինական պատի պես ոչ երկար, բայց ամուր, գյուղացիների անվտանգությունը ապահովող Չինարի պատը։

Այս պատը նախ և առաջ պատնեշ է դառնում մանկապարտեզի համար։ Մանկապարտեզի պատերի վրայի կրակոցի հետքերը տնօրենն անգիր գիտի։

 Նոր սերնդի անվտանգությունը ապահովելու համար փակել են նաև պատուհանները։ «Դա շատ անհրաժեշտ էր, քնած ժամանակ կարող է կրակեին և երեխաներին վնասեին»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Զինաիդա Գասպարյանը։

Այս անվտանգությանը միտված միջոցառումները հնարավոր դարձավ անցած տարվա նվիրաբերված 20 մլն դրամ օժանդակության շնորհիվ։ Գյուղում ամենամեծ խնդիրներից են համարում նաև զբաղվածության հարցը, դա էլ սարերի հետևում չէ. հարևան Չորաթան գյուղում արդյունաբերություն է բացվելու շուտով, որը մասնաճյուղեր է ունենալու նաև հարակից գյուղերում, այդ թվում նաև Չինարիում։ Այստեղ կարտադրվեն աշխատանքային ձեռնոցներ, գործարանը ամառվանից արդեն կսկսի աշխատել։

Այս գործարանը գյուղացիները անվանում են վերածնունդ, նոր սերնդի ապագա։

Սիրուշ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել