Վերջին տարիներին շատերիս առօրյայի մաս են կազմում մի շարք մարդիկ, որոնց ապրելակերպի մասին մեզ հայտնի է գրեթե ամեն ինչ: Նրանք ժամանակի ընթացքում դառնում են մեզ հարազատ, բայց իրական կյանքում մենք նրանց չենք ճանաչում. այդ մարդիկ բլոգերներն են:
Այսօրվա իմ զրուցակիցը «Gegabyte» հեռախոսների մասնագիտացված խանութ սրահի սեփականատեր Գևորգ Գասպարյանն է, ով իր բիզնեսի զարգացման համար որոշեց օգտագործել ինստագրամը և այժմ ունի ավելի քան 169.000 իրական հետևորդ:
–Ե՞րբ և Ի՞նչպես որոշեցիք զբաղվել բլոգինգով։
-Բլոգինգով սկսեցի զբաղվել, երբ հասկացա, որ իմ բիզնեսը պետք է ինքս գովազդեմ, որպեսզի ավելի շատ վաճառք ունենամ: Սկզբում ցուցադրում էի հեռախոսների առավելությունները, համեմատում մոդելներ, ներկայացնում՝ ինչով են տարբերվում, սովորեցնում նոր ֆունկցիաներ: Մարդկանց հետաքրքիր էր այդ կոնտենտը ու սկսեցին հետևել իմ էջին:
–Ձեզ համար բլոգինգը հոբբի՞ է, թե՞ աշխատանք։
-Ես մյուսների նման չեմ ստի. ես բլոգինգով բավականին շատ գումար եմ աշխատում, բայց ես սա ինձ համար հոբբի եմ համարում:
–Ձեր կարծիքով՝ ինչու՞ Ձեզ ընդունեցին և սիրեցին հետևորդները։
-Ինձ թվում է՝ անկեղծության համար. ես միշտ եղել եմ էնպիսին, ինչպիսին կամ, ցույց եմ տվել այն, ինչ ունեմ, չեմ ստել, չեմ չարաշահել իրանց հարգանքը:
–Հայտնի է, որ Դուք նաև զբաղվում եք բարեգործությամբ: Ի՞նչպես առաջացավ այդ մտահաղացումը։
-Քանի որ ունեի մեծ լսարան, որոշեցի այդ փաստը օգտագործել, որպեսզի ավելի շատ զինվորներ ստանան այն ամենը, ինչի կարիքը ունեն սահմանում, իսկ այժմ պարտավոր ենք օգնել վիրավոր զինծառայողներին:
–Հետպատերազմյան շրջանում պարբերաբար կատարում եք դրամահավքներ և օգնում վիրավոր զինծառայողներին. ինչպե՞ս եք կազմակերպում այդ գործընթացը։
-Ինստագրամով մտնում եմ ուղիղ եթեր, կցում եմ հաշվեհամար ու հետևորդներիս ներկայությամբ կատարում եմ դրամահավաք, որպեսզի հաջորդ օրը այցելենք վիրավոր զինծառայողներին ու տանենք անվասալյակներ, հենակներ կամ գումար:
–Պատերազմական ամիսները էական ազդեցություն ունեցան բոլորիս արժեհամակարքի վրա. ի՞նչ փոխեցին այդ ամիսները Ձեր մեջ։
-Չեմ կարող բառերով բացատրել՝ ինչ փոխվեց իմ մեջ: Պարզապես բոլորիս կյանքը բաժանվեց երկու մասի. մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և հետոն: Սկսեցինք գնահատել կյանքը, որը մեզ տղերքը նվիրեցին իրենց կյանքի գնով:
–Այս պահին ի՞ նչ հոգեվիճակում եք։
-Այս պահին ճնշված եմ, ամեն օր տեսնում եմ տասից ավել զինվորների, որոնք կորցրել են մարմնի տարբեր մասեր, ու, ամեն մեկի ցավը կիսելով, դառնում ես ուրիշ մարդ:
-Gegabyte.am-ը առավել հայտնի է իր մրցույթներով, հատկապես՝ ամանորյա. այս տարի ևս սպասե՞նք տոնական մրցույթին:
-Ցավոք՝ ոչ: Ինձ թվում է՝ այս շրջանում մարդիկ «սիրտ չունեն» մասնակցելու, ու մեր կողմից էլ ճիշտ չէ խաղարկություն կազմակերպելը:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2021 թվականին:
-Միակ ակնկալիքս 2021 թվականից այն է, որ երկրում լինի խաղաղություն և թող 2021-ը տարբերվի 2020-ից. լինի դրական տարի:
Բլից հարցում Գևորգ Գասպարյանի հետ.
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենացայտուն գիծը:
-Չգիտեմ J
-Ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունը:
-Մարդկանց շուտ վստահելը:
-Ի՞ նչի համար եք ամենից շատ ափսոսում:
-Ոչ մի բանի:
-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:
-Անկեղծությունը:
-Կարողություն, որով կցանկանայիք օժտված լինել:
-Կարողանայի ԱԹՍ-ներ պատրաստել, որ Հայաստանի սահմանները վերականգնեի:
-Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞ նչ կասեիք:
-Ի՞նչու հենց ես:
–Եթե հանդիպեիք սատանային, ի՞ նչ կասեիք:
–Չեմ հավատում իր գոյությանը:
–Եթե իմանայիք, որ սա Ձեր վերջին խոսքն է, ի՞ նչ կասեիք:
-Ի՞նչու հենց ես:
Վարդուհի Հովհաննիսյան
3-րդ կուրս