Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում մարտի 22-ին տեղի ունեցավ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։
Գիրքը տպագրվել է 2020 թվականին, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ։
Գրքում մեկնաբանվում են առանձին հեղինակների գրական ժառանգությունը, աշխարհայացքը, պոետիկան, գեղարվեստական ընթացքի օրինաչափությունները ընդհանուր համակարգի ներսում։
Միջոցառմանը ներկա էին գրքի խմբագիրը՝ Արմեն Ավանեսյանը, բ.գ.թ. Հենրիկ Էդոյանը, բ.գ.թ., պրոֆեսոր Մարտին Գիլավյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը և գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը։
Ազգային գրադարանի ընթերցողներ Սրբուհի Հախվերդյանը, Սյուզան Սահակյանը և Իրինա Շախյանը ընթերցեցին միջոցառմանը ներկա բանաստեղծների ստեղծագործություններից։
«Քանի որ մոտենում է պոեզիայի համաշխարհային օրը, որոշել էինք ինչ-որ հետաքրքիր բան կազմակեպել, ոչ միայն ամենամյա պոեզիա, ասմունք, երգ, երաժշտություն, այլ ինչ-որ հետաքրքիր մի բան, և այդ ընթացքում արդեն գիրքը ներկայացվեց, որոշեցինք շնորհանդես կազմակերպել»,- ասաց գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։
Գիրքը բաղկացած է վեց գլուխներից և բազմաթիվ ենթագլուխներից։ Գրաքննադատի նպատակն է առանձին բանաստեղծների գրական վաստակը քննել նոր ժամանակաշրջանի հայ գրականության միտումների համատեքստում։
«Սուրեն Աբրահամյանի այս գիրքը, որը լույս տեսավ, մոնումենտալ ուսումնասիրություն է, երկար տարիների աշխատանք, չարչարանք, երբ սկսեցինք աշխատանքները, նկատեցի, թե ինչ հսկայածավալ գործ է կատարել հայ գիտնականը»,- ասաց գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը:
Սուրեն Աբրահամյանն իր այս աշխատության մեջ քննության է առել վերջին 60 տարիներին ստեղծված հայ պոեզիան: Ծավալուն ու բազմաշերտ այս մենագրության մեջ կարող էին լինել մի շարք կենդանի բանաստեղծներ ևս, որոնք ունեն բարձրարվեստ գործեր։ Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ հետագայում գիրքը կունենա երկրորդ հատոր։
Նորա Ղազարյան
3-րդ կուրս