Նա կռվի դաշտում էր, բայց ցանկություն չուներ կռվելու. խաղաղության զինվոր էր Նարեկը

Նա կռվի դաշտում էր, բայց ցանկություն չուներ կռվելու. խաղաղության զինվոր էր Նարեկը

1210

Նարեկ սարկավագ Պետրոսյանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց էր:

Պատերազմի լուրը լսելուց հետո անմիջապես մեկնեց Արցախ՝ իր զինվորների և հրամանատարի կողքին լինելու և նրանց սատարելու համար: Եվ հենց այտեղ էլ նահատակվեց:

Նա եղել է Հադրութի մարտական հենակետերում, Մատաղիսում, Մարտունիի դիրքերում:

Մարտի 25-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունենեցավ «Արցախի հերոս գնդերեցը» խորագիրը կրող հուշ-երեկո՝ նվիրված Նարեկ Պետրոսյանին:

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը մեծ դժվարությամբ և հուզմունքով իր ելույթում նշեց հետևյալը.

«Մտածել, որ հրավիրվել ես մեկի ծնունդին և միաժամանակ մտածել  նրա մահվան մասին, դա քո աչքի առաջ բացում է մի ողջ կենսագրություն: Ես հպարտ եմ, որ այդ մարդու կենսագրության որոշ հատվածի  ուղեկիցն եմ դարձել: Նա ինձ  համար եղավ առաջին դավանանք, նա հավատանքը կյանքի վերածեց, և ես դրա ականատեսն եմ եղել: Այն ամենին, ինչին որ նա դավանում էր՝ իր կյանքի մասնիկը դարձավ: Հասկացավ, ընդունեց և հարատևեց այդ գործընթացի մեջ: Նա դարձավ ապրող աղոթք»:

Խաչիկ դպիր Վարդանյանը վերհիշեց  Նարեկի հետ  ունեցած դրվագները պատերազմի ընթացքքում: Պատմում էր, որ երբ պատերազմը սկսվեց, առաջինը զանգեց Նարեկին՝ հարցնելու՝  ինչով կարող է օգնել. Նարեկին մեքենա էր պետք:

«Սեպտեմբերի 29-ին մեկնեցինք Հադրութ: Մի տպավորիչ դրվագ եմ հիշում, որտեղ ընդգծվում էր նրա ծայրահեղ պատասխանատվությունը: Զինվորները խնդրել էին իրենց համար սագեր գտնլ, բերելուց հետո նա առանց տրտունջի, ջրի սակավ  առկայությամբ  հանդերձ, ամբողջ  գիշեր սագերին մաքրեց, պատրաստեց զինվորների համար: Ասում էր՝  դե՛, տղաները կռվի դաշտում են:

Ջաբրայիլից ոտքով Հադրութ էինք գնում, ամբողջ ճանապարհին նռան այգիներ էին: Ես էլ ծարավ էի, խնդրում էի, որ երկուսիս համար նուռ քաղեմ, որ մեր ծարավը հագեցնենք, բայց չէր թողնում, ասում էր՝ կգնանք Ստեփանակերտ, ինչքան ուզում ես նուռ կտամ, հակառակորդը այդքան վնասում է այգիները, մենք էլ մտնենք նուռ քաղե՞նք»,- պատմում էր Խաչիկ դպիր Վարդանյանը :

Միջոցառմանը ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Նարեկի մտերիմ ընկեր՝ Գերցինա Պետրոսյանը, ով ապագա բժիշկ է, հպարտությամբ հիշում էր նրա հետ զրույցները և տված պատգամը.

«Հորդորն է եղել, որ բժշկելու ժամանակ հավատով լինեմ, ցանկացած միջամտություն անելուց առաջ աղոթք  անեմ, որ բժշկվի հիվանդը»:

Գերցինան ևս մեկ անգամ խոստացավ, որ իր գործում կկատարի  ամեն բան, որ խոստումն ու խրատը իր նպատակին ծառայեն:

Լուսանկարները` Նարեկացի արվեստի միության կայք էջից

Հայկանուշ Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել