ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

2304

Արտերկրում  ուսումնառելուց մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն: Ոմանց համար այն անհրաժեշտություն է, շատերի համար ուղղակի պատճառ Եվրոպա դուրս գալու համար, ոմանք էլ իսկապես չեն կարող բավարարվել Հայաստանում ստացած գիտելիքներով: Չնայած Հայաստանում գործող  բազմաթիվ ԲՈՒՀ-երի` վիճակագրական տվյալներով նախորդ տարի միայն ԱՄՆ-ում մոտ չորս հարյուր հայ էր սովորում: Հայ երիտասարդությունը հիմնականում ձգտում է ուսում ստանալ Ամերիկայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ ավելի զարգացած երկրներում:

Հայաստանում երիտասարդության մեծամասնությունը համալսարանն ավարտելուց հետո դժվարանում է աշխատանք գտնել, այդ իսկ պատճառով արտերկիր գնալու ցանկությունն ավելի է  մեծանում: Եվրոպական շատ երկրներում համալսարանները խելացի և աշխատասեր  ուսանողներին  աշխատանքի են տեղավորում, քանի որ գերադասում են տվյալ ոլորտին լավ տիրապետող մասնագետներ ունենալ: Այս պարագայում ուսանողի ազգությունը բոլորովին խնդիր չէ: ՀՀ քաղաքացի դիմորդներ  հիմնականում նախընտրում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունն ու քաղաքագիտությունը:

Այս թեմայով Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի ուսանող Դավիթ Ավետիսյանը ասում է. «Հայկական կրթական համակարգը զարգացած չէ, գիտելիքը ուսանողին հասանելի չէ, բացի այդ արտերկրում առաջ գնալու շանսերն ավելի մեծ են, գուցե համեմատաբար կրթությունն ավելի թանկ է, բայց ես տեսնում եմ իմ վճարածի արդյունքը: Այստեղ մագիստրատուրայի մեկ տարում ավելի շատ գիտելիք ձեռք բերեցի, քան Հայաստանում չորս տարվա ընթացքում: Արտասահմանում սովորելով ` հնարավորություն ունես ձեռք բերել նախ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, օտար լեզվի գերազանց հմտություններ, ինքնուրույնություն, ծանոթանալ նոր մշակույթներին, ընդլայնել քո աշխարհաhայացքը, բացի դրանից կրթությունն արտասահմանում հետագայում քո կարիերայի համար վառ հեռանկարներ է խոստանում»:                                                                                                                              Աշխարհի ուսանողության մեծամասնությունը հիմնականում համախմբվում է Ամերիկյան համալսարանների շուրջ: Վերջիններս ևս հետաքրքրված են միջազգային ուսանողներով և գումար են տրամադրում օտարերկրյա ուսանողներին: Սակայն  օտարերկրացի ուսանողների մի մասն էլ կրթության համար ընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ այն համեմատաբար մատչելի է: Այդ երիտասարդները հիմնականում Հնդկաստանից են, Չինաստանից, Իրանից, Սիրիայից, Վրաստանից և մի քանի այլ երկրներից: Այդպիսի ուսանողներից է Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի 25-ամյա կորեուհի Յան Հի Փարքը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Արդեն երեք տարի է ապրում եմ Հայաստանում: Այստեղ եկել եմ ուսում ստանալու համար, քանի որ վարձը ավելի մատչելի է: Ես շատ բարձր եմ գնահատում տեղի մասնագետներին, չեմ կարծում որ նրանք որևէ բանով զիջում են արտասահմանյան դասախոսներին»:

Ամեն տարի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում օտարերկրացի ուսանողներ: Նրանց թիվը Հայաստանի բարձրագույն կրթության պահանջված լինելու ցուցիչն է արտերկրում: Սակայն ինչպես ցույց է տալիս վերջին տարիների վիճակագրությունը` օտարերկրացիների դիմելիությունը ՀՀ բուհեր նվազել է: Վիճակագրական տվյալների համաձայն` հինգ տարի առաջ հայկական ԲՈՒՀ-երում սովորում էին  չորս հազար տասնմեկ օտարերկրացի, իսկ անցյալ տարի ուսանողների քանակը հասել է երկու հազար յոթ հարյուր քսանհինգի: Սա նշան է այն բանի, որ ոչ միայն հայ ուսանողներն են հրաժարվում հայկական կրթությունից, այլ նաև օտարերկրացիները: Այսօր տարբեր ազգերի երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներում են սփռված  և նրանց բոլորին միավորում է գիտելիքը: Յուրաքանչյուրի կրթությունը ապագայում միգուցե կունենա իրեն համապատասխան արդյունքը:

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել