«Յութուբյան լսարանը նախընտրում է ավելի անմիջական, կարծրատիպերից դուրս հաղորդումներ դիտել». Ռուբեն...

«Յութուբյան լսարանը նախընտրում է ավելի անմիջական, կարծրատիպերից դուրս հաղորդումներ դիտել». Ռուբեն Եսայան

1369

Տեխնոլոգիայի արագ զարգացումն ու համացանցը շատ լուրջ մրցակիցներ են դարձել ավանդական հեռուստատեսության համար: Այն չէր կարող չանդրադառնալ նաև հեռուստատեսությամբ հեռարձակվող եթերի բովանդակության` մասնավորապես հեղինակային հաղորդումների և վերջինիս լսարանի պահանջմունքների վրա: Հիմա շատ հաղորդումներ բացի հեռուստատեսությամբ հեռարձակվելուց, սոցիալական ցանցերում ունեն նաև իրենց համանուն էջերը, ինչպես նաև հեղինակները իրենց հաղորդումները տարածելով իրենց անձնական էջերում` ևս նպաստում են նրանց ճանաչմանն ու լսարանի ընդլայնմանը: Սակայն այդ ամենը չեն սահմանափակվում միայն հեռուստատեսային հաղորդումներով: Այժմ համացանցը մեծ հնարավորություններ է ընձեռում օգտատերերի համար իրենց մեդիա կոնտենտը ստեղծելու, մշակելու և լսարանի դատին հանձնելու համար:

Բլոգեր Ռուբեն Եսայանը հայտնի դարձավ հենց յութուբյան հարթակից` ներկայացնելով իր կողմից ստեղծած հեղինակային նախագծերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ առաջին անգամ դպրոցական առարկաներից մեկի շրջանակներում առաջին անգամ տեսանյութ հրապարակեց, ինչից հետո մեծ արձագանք ստացավ.

«Դպրոցում,  համաշխարհային պատմության դասի համար էի այդ տեսանյութը պատրաստել որպես գործնական աշխատանք: Տեսանյութը Մոնա Լիզայի մասին էր։ Այն տեղադրել էի Յութուբում, որ դասի ժամին դիտենք։ Հետո սկսեց շատ արագ մեծ դիտումներ հավաքել ու մարդիկ սկսեցին գրել, որ  ցանկանում են շարունակեմ տեսանյութեր տեղադրել և այդտեղից սկսվեց ամեն ինչ»:

Նա իր յութուբյան ալիքում արդեն թողարկել է  «Բացահայտում», «Գյուղից Գյուղ», «Նորբան», «Բա չիմացաք» հեղինակային հաղորդումները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թեմատիկ և բովանդակային ուղղվածությունը: Իսկ թե արդյոք յութուբյան հաղորդումները զիջում կամ գերազանցում են հեռուստատեսային հաղորդումներին, Ռուբենի խոսքով ` դա միանշանակ չէ, քանի որ կան յութուբյան հաղորդումներ, որոնք չեն գերազանցում և կան այնպիսիններ, որոնք՝ այո´, նույնիսկ գերազանցում են.

«Մեր երկրում կոնկրետ Յութուբի դերը դեռ նոր է սկսում մեծանալ, սակայն աշխարհում կան մեծամասշտաբ հաղորդումներ, որոնք հեռարձակվում են հենց Յութուբում։ Այդ պատճառով հիմա հստակ տարանջատելը միմյանցից կամ համեմատելը դժվար է»:

Ինչ վերաբերում է վիրտուալ լսարանին, բլոգերի կարծիքով` նրանց պահանջմունքները շատ են տարբերվում հեռուստատեսային լսարանից.

«Յութուբյան հաղորդումների պարագայում կոնկրետ, նրանք ավելի անմիջական, կարծրատիպերից ու հստակ կանոնակարգից դուրս հաղորդումներ են նախընտրում դիտել: Իսկ հաճախ այդ ամենը տեսնում ենք հենց հեռուստատեսությամբ, այդ պատճառով էլ լսարանի պահանջմունքները` կախված թե այն ինչով է հեռարձակվում, շատ տարբեր են լինում»:

Ռուբեն Եսայանը այժմ հեռուստատեսությամբ հանդես է գալիս որպես «IT Հայաստան» հաղորդման հաղորդավար, սակայն վերջինս իր հեղինակային նախագիծը չէ: Թեպետ, շատ կցանկանար իր հեղինակային կոնտենտով հանդես գալ նաև հեռուստատեսային հեռարձակմամբ, սակայն իր խոսքով` բացի յութուբյան հարթակից, այլ հարթակ այդքան էլ չի սիրում:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել