«Խորհուրդ եմ տալիս հատկապես երիտասարադներին՝ օրվա մեջ ականջակալներ օգտագործել 30 րոպեից ոչ...

«Խորհուրդ եմ տալիս հատկապես երիտասարադներին՝ օրվա մեջ ականջակալներ օգտագործել 30 րոպեից ոչ ավել». Սիրանուշ Մկրտչյան

940

17-ամյա Միլենան իր կյանքը չի պատկերացնում առանց ականջակալների: Նա նույնիսկ քնում է ականջակալներով. ասում է, որ գիտի դրանց վնասակար լինելու մասին, բայց չի կարող առանց այդ իրի:

Գուցե շատերը չգիտեն, բայց մեկ ժամ ականջակալ կրելով շուրջ 700 անգամ մեծանում է ականջում բակտերիաների քանակը:

Ականջակալների վնասակարության մասին Երևանի Մխիթար հերացու անվան պետական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Սիրանուշ  Մկրտչյանը ասում է. «Ականջակալների օգտագործումը վնասակար է առողջությանը, այսինքն`բարձր ձայները անմիջապես վնասում են լսողական ներվը, ազդում են նյարդաթելիկներ վրա, որն էլ բերում է լսողության զգալի իջեցման, խշշոցների ականջում»:

Բժշկուհու խոսքով՝ ականջի  նյարդաթելիկները հետագայում  շատ  դժվար են վերականգնվում կամ առհասարակ չեն վերականգնվում և առաջացնում են լսողության հարաճուն իջեցում: Լսողության իջեցումը սկզբնական շրջանում կարող է նկատելի չլինել, բայց հետագայում արդեն արտահայտիչ դառնալ: «Եթե արտահայտվի, մենք գործ կունենանք ավելի բարդ իրավիճակի հետ, և վերականգնումը շատ ավելի դժվար կլինի: Նախնական ախտանիշները կարող են լինել օրվա մեջ ժամանակ առ ժամանակ խշշոց, աղմուկ ականջներում, երկու ականջների միջև լսողության տարբերություն, կամ, եթե հաճախ սկսեք խնդրել մի հարցը երկու անգամ տալ: Այս դեպքերում ահազանգ է մարդուն, որ արդեն այցելի բժշկի»:

Եթե չենք ցանկանում հրաժարվել ականջակալներից, ապա Սիրանուշ  Մկրտչյանը խորհուրդ է տալիս հատկապես այն մարդկանց, ովքեր ավելի շատ են օգտվում ականջակալներից, օրվա մեջ օգտագործել 30 րոպեից ոչ ավել և այնքան ցածր, որ շրջապատի աղմուկը, մարդկանց խոսակցությունը լինի լսելի:

Սիլվա Նազարյան

4-րդ կուրս

Կիսվել