Դու աշխատիր, ես կտնօրինեմ

Դու աշխատիր, ես կտնօրինեմ

761

Հայաստանում ընտանեկան բռնությունը ամենաքողարկված և շատ հաճախ հանդիպող հանցագործություններից է: 2017 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որը, սակայն, ուժի մեջ է մտել 2018 թ.-ի հուլիսի 1-ից օրենքում հստակորեն նշված է, թե որ դեպքում է բռնությունը համարվում տնտեսական:

«Տնտեսական բռնություն է համարվում դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը:»

Հայաստանում 2010 թ.-ին անցկացված հարցման արդյունքներով՝ կնոջ կանխիկ գումարի տնօրինման վերաբերյալ որոշում կայացնող անձը 18,18%  կինն է, 76,0% կինը և ամուսինը միասին, իսկ 3,7% միայն ամուսինը:

Առաջադեմ Գերմանիայում մինչև 1958 թվականը ամուսինը իրավունք ուներ որոշել կնոջ փոխարեն կամ տնօրինել կնոջ աշխատավարձը: 1977 թ.-ին օրենքը փոփոխության ենթարկվեց: 1962 թ.-ին կանայք իրավունք չունեին իրենց անունով բանկային հաշիվ բացել: Իսկ ահա 1968 թ.-ից սկսած ամուսնացած կանայք իրավունք ստացան անգամ բիզնես տնօրինելու: Այսօր Գերմանիայում կանայք գրեթե չեն ենթարկվում տնտեսական բռնության, եթե անգամ դեպքեր գրանցվում են, ապա վստահ կարելի է ասել, որ կինը գերմանացի չէ, ուղղակի ապրում է այդ երկրում:

Իսկ ահա Միացյալ թագավորությունում ըստ SCIE-ի հասարակության 17%-ը իր շրջապատում ունի ծանոթ չափահաս անձնավորություն, ով ենթարկվում է ֆինանսական բռնության: 2008թ. տվյալներով ֆինանսական բռնության 70%-ի իրականացվում է տանը ընտանիքի անդամների կողմից։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ 60-80% դեպքում բռնությունը իրականցվում է տանը, իսկ 20% դեպքերում` հասարակական վայրերում։ Անձնական բյուջեն և աշխատավարձը համարվում են ֆինանսական բռնության պոտենցիալ աղբյուր։ Միացյալ թագավորությունում ֆինանսական բռնության 60%-ը իրականցվում է զոհի չափահաս որդիների և դուստրերի կողմից։

Հայաստանում ազգային մտածելակերպի ազդեցությամբ պայմանավորված բռնության բազում դեպքեր կան:

Հայաստանում բնակվող Ալլան (անունը փոխված է անվտանգության նկատառումներից ելնելով)  արդեն տասնչորս տարի է՝ տնտեսական բռնության է ենթարկվում ամուսնու կողմից, բայց երբևէ չի ընդվզել: Ասում է՝ կարևորը երեխաներս լավ ապրեն, ընտանիքս միասնական լինի, թե չէ աշխատավարձս ում մոտ է, դա կարևոր չէ:

«Ամուսնացել եմ 15 տարի  առաջ, աշխատում եմ արդեն 14 տարի է: Մեր ընտանիքում էլ հորս մոտ է եղել մորս աշխատավարձը, ինձ համար դա նորություն չէր, անգամ չէի էլ հասկանում, որ դա բռնություն է համարվում, մինչև, որ սկսեց հետն էլ խփելը: Երբեք մտքովս չի անցել դիմել ոստիկանություն կամ այլ տեղ, իմ ընտանեկան խնդիրը ինչի պետք ա բոլորը իմանան, կամ իմ ամուսինն է, հո չեմ տալու «միլիցու բերան»»:

Ալլան միանգամայն դեմ էր այս հարցին լուծում տալու համար որևէ մեկին, կամ որևէ կառույցի դեմել, քանի որ նրա կարծիքով հարևան-բարեկամների մոտ խայտառակ կլինի:

Aljazeera.com-ը 2019-ի հոկտեմբերի 29-ին հրապարակել է ամերիկացի կնոջ մասին այս պատմությունը, որը Ալլայի պատմության հակադրությունն է: Ամերիկայում ապրող Ջոդիի (անունը փոխված է անվտանգության նկատառումներից ելնելով) համար տնտեսական բռնությունը ուղեկցվել է ութամյա պայքարով, որի արդյունքում անհնար էր եղել խուսափել հետտրավմատիկ սթրեսից: Ջոդիի խոսքերով՝ ամուսինը իրեն ծեծում էր, ամբողջ աշխատավարձը տնօրինում էր, շարունակ պարտքեր էր կուտակում և ստիպում էր դրանց համար վճարել: Մի օր էլ ամուսինը դանակով հարձակվեց նրա վրա, Ջոդին մի կերպ կարողացավ փախչել և դիմեց ոստիկանություն: Ամուսինը կրեց իր պատիժը, իսկ Ջոդին պատրաստ էր նոր կյանքի, առանց բռնության կյանքի:

«Սկզբում շատ դժվար էր ինձ համար, պարտքեր ունեի, բայց ինձ օգնեց նաև Peoples Place-ը կրթության հարցում, այս կազմակերպության իրավաբանների օգնությամբ կարողացա բանկային քարտերս վերականգնել: Սովորեցի դասեր քաղել սեփական սխալներից, սովորել, կրթվել, առաջ նայել և հաղթահարել խնդիրները։ Ինձ համար շատ դժվար էր մարդկանց վստահելը, շփվելը, սակայն ամեն ինչ անցյալում է, բարեբախտաբար, հիմա ես պատրաստ եմ նոր և առողջ հարաբերությունների։»

Բռնության ենթարկված անձանց մեծ մասը ունենում է հոգեբանական լուրջ խնդիրներ, բայց քչերն են դիմում հոգեբանի օգնությանը: Տնտեսական բռնության մասին զրուցել եմ ընտանեկան հոգեթերապևտ, արթերապևտ Արմենուհի Տոնոյանի հետ:

«Իմ կարծիքով՝ երբեմն նաև կանանց մեղավորությունը կա այս հարցում: Նրանցից շատերը ունեն այնքան ցածր ինքնագնահատական, որ տղամարդուն դուր գալու համար, հասարակության արձագանքից վախենալով, հարմարվում են այդպիսի կյանքին, այսինքն այստեղ կա արդեն արժեհամակարգի խնդիր ևս: Չեն հասկանում և ընդունում, որ ամուսինը իրենց որպես եկամտի աղբյուր կամ աշխատանքային գործիք է ընկալում: Այդ նույն կանայք, երբ դուրս են գալիս երկրի սահմաններից, նոր ընկալում են, որ իրենց հանդեպ կատարվածը բռնություն է, որը շատ խորը ազդեցություն է թողնում  իրենց և° ֆիզիկական, և° հոգեբանական առողջության վրա: Պետք է միայն առանց ամաչելու դիմել մասնագետի օգնությանը և, որ ամենակարևորն է խնդիրը պատմել առանց որևէ բան թաքցնելու: Յուրաքանչյուր մարդ անկախ իր բնակության վայրից, անկախ իր սոցիալական կարգավիճակից պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները: Եղեք զգոն, թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը փորձի ոտնահարել ձեր իրավունքները և դիտավորությամբ վնաս հասցնի ձեր հոգեկան և ֆիզիկական առողջությանը:

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել