Ժամանակակից հայ գրականությունը հանրաճանաչության խնդիր ունի։ Շատ ժամանակակից հայ գրողներ ապրում և ստեղծագործում են մեր կողքին, ներկայացնում մերօրյա կյանքը տարբեր տեսանկյուններից, սակայն նրանց քչերը գիտեն։ Ժամանակակից գրականության մի մասինկն է դարձել Սյուզաննա Նավասարդյանը, ում խոհերի ու ծայրահեղությունների մասին խոսքը հնչում է որպես անկեղծ խոստովանանք.
«Նախ մի բան պիտի ասեմ՝ ես սովորական մարդ եմ, որի զգացածն ու մտացածը, սակայն, անսովոր են շատ հաճախ։ Իմ կյանքի միակ առեղծվածը (որի հետ անդադար հարց ու պատասխանի մեջ եմ) իմ ձեռագիրն է։ Աստված ինձ տողեր է ուղարկում։ Առաջին անգամ սա զգացի, երբ մի գիշեր արթնացա խորը քնից ու սկսեցի թուղթ ու գրիչ փնտրել մթության մեջ։ Աստվածատուր տողերը չի կարելի կորցնել։ Ու ես սկսեցի շնորհակալ լինել Բարձրյալին, որ ինձ սիրել է այնքան, որ կարողանում եմ գրել։ Ընթերցողի հետ ունեցած կապը իմ հերոսի համար բարձրագույն գնահատանք է, լավին ու բարձրին ձգտելու անբեկելի տենչ»:
Կյանքին սթափ հայացքով նայող Սյուզաննան ոգևորվում է, երբ իրեն արձագանքում են, երբ ասում են, որ լավ է գրում, բայց նա իրեն գրող չի համարում։
«Ես խենթանում եմ, երբ կարողանում եմ իմ բառերով շատերի սրտից խոսել ու շատերի սրտին դիպչել։ Գերբնական սիրուն պահ է, երբ ընթերցողն ինքն է որոշում գրել քեզ, կապվել հետդ, պատմել իր զգացածն ու ապրածը։ Պիտի խոստովանեմ, որ բոլորին հիշում եմ, որովհետև խորը տպավորվում են մեջս։ Հետո իրենք արդեն իրենց են գտնում իմ տողերում։ Բարձրագույն գնահատանքը, որին արժանացել եմ երբևէ՝ ընթերցողի սերն է։ Սակայն երբեք ինձ գրող չեմ համարել, թեպետ միշտ թաքուն լավ եմ զգացել ինձ, երբ հիշել եմ մերոնց պատմածը՝ ատամհատիկիս արարողությանը գրիչն եմ ընտրել։ Երևի թե ամեն ինչ հենց այդտեղից սկսվեց և հայրիկի մասին դպրոցական շարադրությունից, որը կարդալիս արցունքներս հաղթեցին ինձ։ Երբեք ինձ գրող չհամարելուս պատճառն իմ քսան տարիներն են, որովհետև ես Պետրոս Դուրյանը չեմ և ոչ էլ Մեծարենցը (իմ ամենասիրելի գրողներն են): Հետո, կարծում եմ՝ գրող պիտի կարգվել, և կարգողը ոչ այլ ոք է, քան ընթերցողը։ Մի շարք բարդույթներ հաղթահարելով՝ մի օր որոշեցի մի փոքրիկ գրվածք ընթերցողի դատին ներկայացնել։ Սակավամարդ լսարան ունենալն այնքանով է լավ, որ չես խճճվում տարակարծությունների մեջ։ Ստորև թողնում եմ այն տողերը, որոնք ձեզանից շատերին գուցե ծանոթ են»:
Ուզում եմ աշուն,
Անձրև եմ ուզում,
Ուզում եմ աշնան շունչ,
Զգալ, թե ինչպես է քամին գրկում,
Մոռացված մի պատմություն երգում։
Ու լալիս է աշունն իմ մեջ
Ու թրջում է աչքերս անվերջ,
Աշունն ապրում է իմ մեջ։
Ա՜խ այդ երգը հին օրերի
Ինձ դարձրել է աշնան գերի…
Սյուզաննան նշեց, որ այս բանաստեղծությունը շուտով չորս տարեկան կդառնա։ Առաջինն է, որ խենթ տրամադրության մեջ հրապարակել է և չի փոշմանել, որովհետև նրան ասել են, որ տաղանդավոր է։ Մինչև այժմ Սյուզաննան խուսափել է իրեն բնութագրելուց, բայց շատ է սիրում այն պահը, երբ իր գրածները կարողանում է սիրել ու կարդալ։
Գեղեցիկ պատկերամտածողության հետ միասին, կա նաև ընդվզում, երբեմն՝ ցավ, դժվարություններ, որը ըստ Սյուզաննայի՝ չի ընկճում իրեն, այլ հակառակը՝ ապրեցնում է, զորացնում։ Բռնկուն բնավորությունը, անհամբերությունը ու անպատասխան ինչուները շատ են խանգարում մեր հերոսին, որոնց մասին խոսելիս նրա խոսքը հնչում է որպես խոստովանանք.
«Բռնկուն բնավորությունն ու անհամբերությունը հաճախ ստիպում են ուղղակի ջնջել կամ այրել այն տողերը, որոնցում մի ստորակետ չեմ դրել։ Այո՛, ծայրահեղությունից ծայրահեղություն եմ ձգվում։ Հիմա չափածոների մեջ կետադրություն չեմ անում, որովհետև ուզում եմ՝ ավելի ազատ լինեն, թռչեն, ընթերցողի աչքերից դեպի սիրտ գնան։ Ես միշտ խոսում եմ հետս։ Սա մենակ չմնալու կամ մարդկանց մեջ չգժվելու համար շատ լավ հնարք է։ Ես միշտ հարցեր եմ տալիս ինձ։ Սա ինքնաճանաչման ու ներքին անդորրի հասնելու իմ տարբերակն է։ Իմ ամենամեծ հարցը ինձ, կյանքին, աշխարհին, Բարձրյալին ու քեզ՝ «Ինչու՞»։ Սկզբում պատասխաններ էի փնտրում։ Հետո հասկացա, որ այս ինչուները մեր կյանքն են կազմում, այս ինչուները մեր ապրածի բաղկացուցիչ մասն են ու, եթե չլինեն, առաջ շարժվելու, պրպտելու, նոր բան գտնելու ու ճանաչելու ցանկություն չի լինի։ Այդ անպատասխան ինչուները մի օր պատմություն են դառնում։ Հին գզրոյից մի օր կհանենք մեր ինչուները, կսրբենք ժամանակի փոշին, ու ծերացած մատներով, հուշացած տեսիլքներով, ուշացած ժպիտներով կթերթենք մեր պատմությունը։ Ես շատ պիտի ուզեի, որ մեր հարցերը պատասխան գտնեին առանց որևէ լուրջ առճակատման կյանքի հետ։ Եվ ես դա վստահաբար կուզեի, եթե մի օր ուժասպառ ստիպված չլինեի ընդունել, որ կյանքն ինքնին առճակատում է (կռիվ, պատերազմ, պայքար…)։ Ես կերտում եմ մի «ինչու»-ի պատմություն, որը գուցե պատասխանի նաև քո ինչուներին, սիրելի՛ բարեկամ։ Պիտի խոստովանեմ, որ եթե կարդում ես այս տողերը, ուրեմն կարդում ես ինձ, որովհետև տողերիս մեջ բացարձակ անկեղծություն է: Երբ ես աշխարհ եկա՝ հետս մի մեծ տրցակ «Ինչու» բերեցի։ Հետո վերցրի հարցերս, հույզերս, հայացքներս ու ստեղծեցի աշխարհս այնպես, որ հնարավորություն ունենամ ձեր աշխարհին նայել իմ աչքերով։ Անհրաժեշտություն եղավ ոչինչ աչքաթող չանել ու վրիպակներ թույլ չտալ, և ես համբուրեցի Բարձրյալի՝ իմ սիրտն ամուր պահող ձեռքերը։ Երբ ինձ գտա Աստծո մեջ, երևացի նաև աշխարհի երեսին։ Երբ Աստծուն գտա իմ մեջ, աշխարհը երևաց իմ երեսին։ Ու այսօր ես գրում եմ այն, ինչ թելադրում է Աստված, լսում է սիրտս ու փոխանցում միտքս։ Ես միջնորդ եմ Աստծո, սրտիս ու մտքիս միջև»:
Որպես սրտի աղոթք
Հողմավար հոգիս թող քոնը լինի,
Մոլորված միտքս քեզ թող լսի։
Ճիշտ ուղին կյանքի,
Սխալն իմ վարքի,
Սուրն իմ մտքի
Ցույց տուր ինձ հիմա…
Սյուզին 20 տարեկան է, սովորում էր Բրյուսովի պետական համալսարանի՝ թարգմանության և միջմշակույթային հաղորդակցության ֆակուլտետի գերմաներեն միջմշակույթային հաղորդակցության բաժնում, բայց տուրիզմի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն ունենալու պատճառով՝ փոխեց ֆակուլտետը։ Մոտ ժամանակներս իր գրվածքները անբողջությամբ կտպագրվի, որն էլ կներկայացնի իր սիրելի ընթերցողի դատին։
Օֆելյա Հովհաննիսյան
2-րդ կուրս