Էլենը հայրենիքում կորցրեց իր հայրենիքի սիմվոլին

Էլենը հայրենիքում կորցրեց իր հայրենիքի սիմվոլին

1032

Հովիկ Գրիգորյանը պայմագրային զինծառայող էր. նա անմահացավ պատերազմի ժամանակ։ Էլենը` Հովիկի միակ սերը  պատմում է իր գտածի ու կորցրածի մասին. «Վեց ամիս, հասկանու՞մ եք, վեց ամիս, սա համազոր է կեսը տարվա: Մենք շարունակում ենք ապրել՝ երբեմն անտարբեր մնալով ու չհասկանալով մեր կորցրածի ողջ ցավը»։

Էլենի խոսքով՝ Հովոն շատ բարի, անսահման հոգատար զինվոր էր,  լավ ընկեր. «Ինձ համար վաղուց արդեն սուրբ և միաժամանակ հանգստացնող վայր է դարձել Եռաբլուրը»։

Աղջիկը հրապարակում է արել իր ֆեյսբության էջում. «Ես կարոտի մասին հազարավոր բառեր եմ լսել, բայց կարոտը քո աչքերն են, որոնք ես չեմ տեսնում իմ չավարտվող դժվար գիշերներից հետո»։

Երեք ու կես տարի շարունակ իրենց նստարանը միշտ երկուսին է ընդունել, բայց այսօր Էլենը մենակ է գնում այնտեղ։ Երկար նստում է, հիշում, խոսում. «Ծանոթացել ենք մեր սիրո քաղաքում` Մարտունիում։ Մինչև Հովին հանդիպելը եղել եմ շատ տխուր ու ինքնամփոփ աղջիկ։ Հովոն անսպասելի եկավ ու Աստծո կողմից երջանկություն բերեց ինձ։ Չի եղել մի օր, որ կռված մնանք, նա միշտ ինձ հասկանում էր։ Պատերազմը ավարտվեց, բայց Հովիս ու Հովի նման ընկած  հերոս տղերքին հաղթած եմ համարում, իսկ այ իմ հոգու ներքին պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մեր Արցախը, մեր սիրո Արցախը մերը լինի»:

Էլենը մեզ հետ անկեղծացավ, որ Հովիկին նամակ է գրում ամեն օր, խոսում անընդհատ, բայց պատասխանող չկա։ Եվ էլի կգրի՝ հույսով, որ մի օր կպատասխանի:

Էլենը, մարդկության դեմ չարանալու փոխարեն, հպարտություն է զգում, որ եղել է Հովի սերը. «Վեց ամսից ավել է անցել, բայց ես  չեմ զգացել նրա ֆիզիկական բացակայությունը։ Նա միշտ կողքիս է, իմ պահապան հրեշտակն է, ու  մինչև այսօր էլ որևէ քայլ անելուց առաջ խորհրդակցվում եմ նրա հետ` լավ իմանալով, թե որ հարցին ինչ պատասխան կտար»:

Էլենը իր մտքերի հետ չպատերազմելու համար 12 ժամ փորձում է  աշխատել, որ ինչքան հնարավոր է քիչ ժամանակ լինի մտածելու ու նրա ֆիզիկակական բացակայությունը նկատելու համար։ Բացակայությունը թեթևացնելը անհնար է, առանց նրա ամեն ինչն է անհնար, դժվար ու անտանելի: Հովոն անմահացավ զոհված ընկերոջը դուրս հանելու ժամանակ, անմահացավ անօդաչու թռչող սարքի հարվածի ալիքից։

Էլենը հայրենիքում կորցրեց իր հայրենիքի սիմվոլին։ Հայրենիքը տարավ ամենաթանկը, իր սիրելիին տարավ։ Նա կարճ ժամանակահատվածում կորցրեց և՛ սիրելին, և՛ հայրենիքի զգալի հատվածը։  Ամենակարևորը, ինչի մասին երկուսով երազում էին, ամուր ու սիրով լի ընտանիք ստեղծելն էր:

«Պատերազմի օրերին պատերազմից չէր սիրում խոսել, հավատում էր, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա ու մենք կպահենք Արցախը։ Մեծ անհամբերությամբ էինք սպասում մեր հանդիպմանը, այդքան երկար իրարից հեռու դեռ չէին եղել»։

Կռվի օրերին Հովիկը շատ ուրախ էր խոսում, մարտական ոգին շատ բարձր էր: Ասել է, որ մի քանի օրից ամեն բան կավարտվի, շուտով անպայման կհանդիպենք. «Չստեց, ես իրոք տեսա նրան երկու օրից, բայց ի՞նչ վիճակում»։ Լռում է, աչքերն ու արցունքները ամեն բան ասում են նրա ներաշխարհի, անսահման սիրո ու կարոտի մասին։ Վերջին բառերը ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ – ն էր… ինչպես ամեն անգամ իրար հետ խոսելու վերջում ասում էր։

Հովոյի  մայրիկի, տատիկի ու քույրիկի հետ Էլենը  ընտանիքի  մաս է  դարձել, մի մարդ դարձած ապրում են, բավականին հաճախ են հանդիպում ու մեկը մյուսով փորձում լրացնել սիրելի զավակի բացակայությունը։

Էլենը նշում է, որ Հովոն կուզենար այս խոսքերը ասել բոլորին. «Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գործը շարունակեք»՝ մեջբերելով  հերոս Մոնթե Մելքոնյանի այս խոսքերը։

Անի Ղումաշյան

2-րդ կուրս

Կիսվել