Հարություն Սարգսյանը ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ներկայումս խաղում է թատրոնում: Մարմնավորել է Արթուրի կերպարը «Կորած օրագիրը» հեռուստանովելում: Հարությունի հետ զրուցել ենք մասնագիտության, սիրո, առաջին քայլերի և սիրելի երկրի մասին:
–Հարությու՛ն, կպատմե՞ք՝ ինչպես կատարեցիք մասնագիտական ընտրություն. արդյո՞ք դերասան դառնալը մանկության երազանք էր:
-Շատ պատահական է եղել, որ կատարել եմ այդ ընտրությունը: Ուղղակի մի օր որոշել եմ, որ ընդունվեմ թատերական ինստիտուտ ու փորձեմ այս մասնագիտությունը, ու էդպես ստացվեց: Մանկության երազանք չի եղել, բայց հիմա էնքան շատ եմ սիրում այս գործը, էնքան շատ եմ նվիրվել, որ զարմանում եմ ինձ վրա՝ ոնց սա չի եղել իմ մանկության երազանքը:
–Ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ. թատրո՞նը, թե՞ կինոն:
–Ինձ համար ավելի հոգեհարազատ է այս պահին թատրոնը, որովհետև ավելի շատ աշխատել եմ թատրոնում, քան կինոյում: Ուղղակի երկուսն էլ չեմ կարող համեմատել իրար հետ, անհամեմատելի բաներ են:
–Կպատմե՞ք Ձեր առաջին քայլերի մասին դեպի դերասանական մեծ արվեստ:
-Ասեմ, որ առաջին անգամ բեմ եմ բարձրացել չորրորդ կուրսի դիպլոմային աշխատանքի ժամանակ: Մինչ այդ չեմ խաղացել ներկայացումներում ընդհանրապես: Մեր ինստիտուտը մեծ հնարավորություն է տալիս խաղալ ներկայացումներում, բայց ես չունեցա այդ հնարավորությունը, չխաղացի ոչ մի ներկայացման մեջ, ու առաջինը եղել է դիպլոմային աշխատանքը, որը Նարինե Գրիգորյանն է բեմադրել: Հիանալի զգացողություններ ունեի, շատ լավ է եղել, չգիտեմ, շատ դժվար էր սկզբից, բայց ինձ թվում է թե՛ռեժիսորի, թե՛ կոլեգաներիս, թե՛ կուրսեցիներիս օգնությամբ մեր բոլորի մոտ շատ լավ ստացվել է: Միգուցե այդ ներկայացումը վերականգնենք ու նորից խաղանք:
–«Կորած օրագիրը» հեռուստանովելում Դուք մարմնավորում էիք Արթուրի կերպարը: Ի՞նչ նմանություններ ունեն Արթուրն ու Հարությունը:
-Արթուրի կերպարի հետ հիմնական նմանությունն այն է, որ երկուսս էլ բռնցքամարտով ենք զբաղվել, դպրոց հաճախել, բայց բնավորության գծերի առումով նմանություններ չկան:
–Հեռուստանովելում Արթուրը սիրահարված մի երիտասարդ էր: Ի՞նչ տեղ է զբաղեցնում սերը Հարությունի կյանքում:
-Ասեմ, որ ունեմ ընկերուհի, արդեն մի քանի տարի է: Մեծ տեղ է զբաղեցնում սերը իմ կյանքում ամեն առումով, այսինքն՝ թե՛ սիրային հարաբերություններում, թե՛ մասնագիտության մեջ, թե՛ ցանկացած գործ, որը որ ես անում եմ, անպայման պետք է այդ ամեն ինչի մեջ լինի սերը, մի խոսքով, ամեն տեղ՝ ընտանիքում, ընկերական շրջապատում, անձնական կյանքում: Երբ ինքդ քեզ հետ մենակ ես լինում, անգամ այդ ժամանակ, ցանկացած պարագայում պետք է սերը լինի:
–Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա լավ դերասանը:
-Ըստ իս՝ լավ դերասանը պետք է ունենա շա՜տ-շա՜տ հատկանիշներ, ու չեմ կարող այդքանը նշել, բայց առաջին հերթին պետք է լինի պրոֆեսիոնալ այն առումով, որ շատ լուրջ վերաբերվի իր գործին, հավատա իր գործին: Ես, օրինակ, մտածում եմ, որ այս գործը ամենադժվար մասնագիտություններից մեկն է, ու պետք է շատ լուրջ վերաբերվել, այս աշխատանքը անել բացարձակ լրջությամբ ու պրոֆեսիոնալ: Պետք չի մատների արանքով նայել:
–Եթե ոչ դերասան, ապա…
-Եթե ոչ դերասան, ապա կյանքումս չեմ պատկերացրել ուրիշ ինչ… Դերասան:
–Երկիր կամ քաղաք, որտեղ անպայման ուզում եք լինել. ինչու՞:
-Ուզում եմ անպայման լինել Ամերիկայում ու անպայման՝ Հոլլիվուդում: Շրջեմ, լիքը բան տեսնեմ, կինոյի հետ կապված շատ բաներ տեսնեմ, սովորեմ: Առհասարակ, ուզում եմ ամբողջ աշխարհով շրջել, շատ ներկայացումներ նայել, թատրոններում լինել, շատ բաներ սովորել աշխարհից ու հետ գալ իմ երկիր, փորձել այդ ամեն ինչը այստեղ ներդնել՝ արածս գործի մեջ:
–Աշխարհահռչակ դերասան(ուհի)ներից ու՞մ հետ կցանկանայիք ճաշել:
-Ամենաշատը կցանկանայի ճաշել աշխարհահռչակ դերասաններից Ալ Պաչինոյի հետ: Ընդհանրապես իր հետ կուզեի հանդիպել, ճաշել, խաղալ, որովհետև Ալ Պաչինոն ամենասիրածս դերասանն է միշտ եղել ու երևի կլինի:
–Եթե նկարահանվեր մի ֆիլմ, որը կպատմեր Ձեր կյանքի պատմությունը, ինչպե՞ս կկոչվեր այն:
-Քանի որ ես դեռ 25 տարեկան եմ ու շատ քիչ եմ ապրել, ինձ թվում է՝ դեռ շատ քիչ բան եմ արել 25 տարվա մեջ: Երևի պետք է մի քիչ շատ ապրել, մի քիչ շատ բան անել աշխարհի համար, մարդկանց համար, ինքդ քեզ համար, նոր կարողանալ այսպիսի հարցի պատասխանել:
–Եվ վերջում. ի՞նչ խորհուրդ կտաք այն պատանիներին, ովքեր որոշել են դերասան դառնալ:
-Այն պատանիներին, ովքեր որոշել են դերասան դառնալ, խորհուրդ կտամ շատ լավ ու շատ լուրջ մտածել իրենց որոշման մասին:
Ռոզա Խաչատրյան
2-րդ կուրս