Հոգեբանական առաջին օգնություն

Հոգեբանական առաջին օգնություն

1370

Պատերազմ, բնական և տեխնածին աղետներ, վթարներ, հարկադիր տեղահանում… Արտակարգ իրավիճակների հետևանքով ծագող ճգնաժամերը, գրեթե միշտ նույնն են՝ գալիս են անսպասելի, փոխում են կյանքի բնականոն հունը, և որպես կանոն՝ մարդիկ պատրաստ չեն դրանց: Շատ կարևոր է, որ նման իրավիճակում ստանալ հոգեբանական առաջին օգնություն:

Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, վկայակոչելով տարբեր գիտական ուսումնասիրություններ, փաստում է, որ հոգեբանական տարբեր խանգարումներ կարող են ունենալ պատերազմական տրավմաներով անցած մարդկանց 40-60 տոկոսը։

«Գործ ունենք երիտասարդ մի սերնդի հետ, ովքեր բազմակի տրավմաներ են ապրել իրենց երիտասարդ կյանքի ընթացքում, և սա կարող է խնդրահարույց լինել նախևառաջ նրանց ապագայի համար», – նշում է Գասպարյանը:​

Քնի խանգարում, ուտելու սովորույթի փոփոխություն, անսպասելի պոռթկումներ. ըստ մասնագետի՝ պետք է շատ ուշադիր լինել, եթե մարդը նման նշաններ ունի, և լավ է, երբ այդ խնդիրներն արտահայտվում են ու, կանխման դեպքում, չեն վերածվում անբուժելի հիվանդության:

«Չլուծված հոգեբանական կոնֆլիկտը, որը մենք սառեցնում ենք մեր ներսում, վերջիվերջո վեր է ածվում կա՛մ մարմնական պաթոլոգիայի, կա՛մ ավելի բարդ հոգեբուժական դեպք է դառնում: Այդ իսկ պատճառով կարևորէ ճիշտ պահին կարողանալ հոգեբանական առաջին օգնությունը ցուցաբերել​», – ընդգծում է Խաչատուր Գասպարյանը:

Ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունը

Հոգեբանական առաջին օգնությունը մարդասիրական աջակցություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն: ՀԱՕ հիմնական նպատակն է հետագա հնարավոր հոգեբանական խնդիրներն ու բարդությունները կանխարգելելը կամ նվազեցնելը: ՀԱՕ հիմնական քայլերն են.

  • Կարիքների գնահատում
  • Անվտանգության, հանգստի զգացողության ապահովում
  • Հուզական աջակցության տրամադրում, սփոփում
  • Գործնական օգնության և հասանելի ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում
  • Հետագա վնասների կանխարգելում:

Անդրադառնալով պատերազմի հոգեբանական կողմին և հետագա ախտանիշներին՝ հոգեբան Լիլիթ Մնացականյանը նշում է.

«Ախտանիշներ կարող են լինել շատ անհատական։ Ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմը մարդու համար սուբյեկտիվորեն ինչ սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև փորձառու զինվորականի համար պատերազմը մի բան է, երեխայի համար լրիվ այլ բան է, կնոջ համար, որի ամուսինը պատերազմում է, լրիվ այլ նշանակություն ունի։ Այսինքն, կախված է նրանից, թե պատերազմը մարդու սուբյեկտիվ պատմության մեջ ինչպիսի հոգեկան բովանդակություններ է ակտիվացնում՝ անգիտակցական տեսանկյունից, սոցիալական տեսանկյունից։ 

Բայց եթե խոսենք զուտ պատերազմի՝ որպես տրավմատիկ իրադարձության մասին, ապա դրա արդյունքում հոգեբանական մակարդակում կարող են առաջանալ տարբեր ինտենսիվությամբ տագնապներ, կպչուն վախեր։ Որոշ իրադարձություններից հետո նույնիսկ հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որ դրսևորվում է, օրինակ, քնի խանգարումներով, քնած ժամանակ արթնամղձավանջներով (flashback), տրավմատիկ իրավիճակի մասին վերհուշներով, այդ իրավիճակը հիշեցնող ամեն բանի հանդեպ ծանր հուզական ապրումներով, գերզգոնությամբ և այլն։ Բացի այդ, հոգեկան տրավմայի արդյունքում կարող են առաջանալ փսիխոսոմատիկ կամ հոգեմարմնական դրսևորումներ, երբ հոգեկան կոնֆլիկտը կամ հոգեկան վերապրումը այնքան ուժեղ ու ինտենսիվ է, որ հոգեկանը չի կարողանում այն վերամշակել ու անցում է կատարվում մարմնական դրսևորումների»։

Ինչպե՞ս ցուցաբերել հոգեբանական առաջին օգնություն

Հոգեբանական առաջին օգնություն տրամադրելու ժամանակ պետք է առաջնորդվել երեք խումբ գործողությունների շարքով՝ նայել, լսել, ուղղորդել:

ՆԱՅԵԼ

Նախ անհրաժեշտ է գնահատել վտանգները, ինչպես նաև ապահովության և անվտանգության ռիսկերը, որից հետո ձեռք բերել տեղեկատվություն կատարվող/կատարված իրադարձության, օգնության կարիք ունեցողների, նրանց ֆիզիկական վնասվածքների, առաջնային և հիմնական կարիքների, հուզական հակազդումների վերաբերյալ:

ԼՍԵԼ

  • Մոտենալ օգնության կարիք ունեցող մարդուն:
  • Ներկայանալ:
  • Ուշադրություն դարձնել և ակտիվ լսել:
  • Ընդունել դիմացինի զգացմունքները:
  • Հանգստացնել ճգնաժամային իրավիճակում գտնվող մարդուն:
  • Հարցնել կարիքների և մտահոգությունների մասին:
  • Օգնել ճգնաժամային իրավիճակում գտնվող մարդուն անմիջական կարիքների և խնդիրների լուծման հարցում:

ՈՒՂՂՈՐԴԵԼ

  • Հասանելի դարձնել առկա/համապատասխան տեղեկատվությունը, ծառայությունները և օգնության այլ աղբյուրները:
  • Օգնել հարազատների հետ կապ հաստատելուն կամ միավորվելուն:
  • Տրամադրել սոցիալական աջակցություն:
  • Գործնականորեն օգնել խնդիրների լուծմանը:

Դանիելա Զանազանյան

2-րդ կուրս

Կիսվել