Ճանաչենք մեր հերոսներին. Մեխակ Սադոյան (Մխո)

Ճանաչենք մեր հերոսներին. Մեխակ Սադոյան (Մխո)

1081

Մեխակ Արեստի Սադոյանը զոհվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում: Հերոսը ծնվել է 2000թ-ի հունվարի 18 -ին Մարտունու Զոլաքար գյուղում:

Քաջ տղայի աչքերում անսահման բարություն, կյանք ու սեր է ամփոփված․ նրա մասին հիշելիս մարդկանց դեմքին ժպիտ է նկարվում: Բոլորն են փաստում՝ կուզեին մեկ անգամ ևս լսել  նրա քաղցր ձայնը։

Մխոյի կյանքի լավագույն տարիների մասին խոսել ենք մայրիկի՝ տիկին Անուշի հետ։

«Մեխակս՝ որդիս, չափից դուրս բարի ու ընկերասեր էր, երբեք ոչ ոքի անտեղի չէր նեղացնում, միշտ օգնում էր թույլերին»։

Տիկին Անուշը այսօր ժպիտով է հիշում, թե ինչպես էր որդին կոկիկ հագնվում ու տանից դուրս գալիս։ Շրջապատում վայելած հարգանքը երբեք չի փոխել Մխոյի բնավորությունը։ Մայրը փաստում է՝ որդին սիրում էր կյանքը ամեն ինչից ու բոլորից շատ։

Հերոսը սովորում էր Մարտունու Եվրոպական համալսարանում, շատ նպատակներ ու երազանքներ ուներ ուսման հետ կապված։

«Գիտեք՝ Մխոս միշտ սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, բայց նաև շատ ուշադիր էր բոլորի հանդեպ հատկապես՝ կանանց։ Բոլոր կանանց մեծարանքով էր վերաբերվում։ Կյանքում չէր մոռանում ոչ մի տոն»։

Տիկին Անուշին հիմա մնացել են որդու մասին պատմող հուշերն ու դրվագները։ Այսօրվա պես հիշում է, թե ինչպես էր որդին դիտմամբ մեքենան այնպես վարում, որ կողքի նստածները վախենան, ու հետո լիաթոք ծիծաղում էր նրանց վրա։ Ասում է՝ Մխոս շատ սիրուն ժպիտ ունի․․․

Տիկին Անուշի խոսքով՝ Մխոն հետաքրքիր էր շրջապատում բոլորի համար․ «Չկար մեկը, որ իրեն չսիրեր։ Մխոս միշտ բոլորից հարցնում էր՝ ինձնից սիրուն տղա տեսած կա՞ք։ Իր ժպիտից ոչ ոք չունի, իր աչքերից, իր մեջ եղած անսահման սիրուց ոչ ոք չունի․․․»։

Հերոս Սադոյանի հայրենասիրությունը ամեն ինչում շատ էր․ միշտ ասել է ՝ 5-ից 7 տղա եմ ունենալու։ Սիրած աղջիկ էլ ուներ, որին վերադարձի խոստում տալով 2019 թ-ի հուլիսին մեկնել էր ծառայության։ Ծառայությունից երբեք չի բողոքել, ամեն ինչ հարթ է անցել մինչև չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը։

Սեպտեմբերի 30-ին աննահանջ կռիվ մղելով Մեխակը կերտեց իրական հերոսի կերպար ու միացավ Ջաբրայիլի արծիվներին։

Ընկերները հիշում են՝ Մխոն նետվում էր պայքարի՝ առանց վարանելու. բոլորի մասին մտածել է ու հատկապես ծնողների։ Ասել է՝ տանեցիներին չասեք ոչ մի բան։

«Մխոյիս հետ կապված բոլոր հիշողությունները յուրահատուկ ու տպավորված են եղել իմ մեջ հենց մանկուց։ Մխոս իմ կյանքի իմաստն է, իմ ամեն ինչը։ Ես միշտ եմ իրենով հպարտ ապրել, ինքն իմ պարծանքն է։ Ինչքան ապրեմ, իր համար ու իր անունը սրտումս ու շուրթերիս կրելով եմ ապրելու․․․»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել