Հոկտեմբերին Երևանը սքեյթ խաղահրապարակ կունենա

Հոկտեմբերին Երևանը սքեյթ խաղահրապարակ կունենա

561

Մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում Երվանդ Քոչար փողոցի Օղակաձև զբոսայգում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ։ Կառուցվում է սքեյթ խաղահրապարակ՝ նախատեսված սպորտի այդ տեսակը նախընտրողների համար։ Տարածքը, որտեղ կառուցվում է խաղահրապարակը, ընդգրկում է շուրջ 5000 քառակուսի մետր մակերես։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Արմեն Շատվորյանն է։

Տարածքը կառուցապատելու համար հատկացված գումարը նվիրատվություն է Ուկրաինայի հայ համայնքի կողմից։ Պայմանագիրը կնքվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությունի և Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանի միջև 2020թ. փետրվարին։ Շինարարական աշխատանքները նախատեսված էին դեռևս 2020 թվականի գարնանից, սակայն կորոնավիրուսով պայմանավորված, հետաձգվել էին և վերսկսվել են 2021թ. սեպտեմբերի սկզբներին։

Խաղահրապարակը ունի ամֆիթատրոն, ապահովվելու է բուժկետով, սանհանգույցով և սքեյթի վարձակալման կետով։ Իրականացվելու է նաև կանաչապատում, և լուծվելու է տարածքի լուսավորության հարցը։ Շինարարները Journalist.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ սքեյթ խաղահրապարակը պատրաստ կլինի հոկտեմբերին և միանգամից կհանձնվի շահագործման։

Սեդա Կյուրեղյան

2-րդ կուրս

Կիսվել