«Գիտակցումը կար, որ կորցրել են, որ թշնամին մնում է թշնամի». Ժենյա Այդինյան

«Գիտակցումը կար, որ կորցրել են, որ թշնամին մնում է թշնամի». Ժենյա Այդինյան

1024

44-օրյա պատերազմի հետևանքով մենք ունեցանք 5000-ից ավել զոհված զինծառայողներ, ինչը հսկայական հարված էր հասարակության համար, այդ թվում՝ հոգեբանական առումով: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները թերևս ամենախոցելի խումբն են հետպատերազմյան շրջանում ծագած հոգեբանական տեսակետից, և ինչպես փաստում են հոգեբանները, նրանք հոգեբանական աջակցության կարիք ունեն:

2021 թվականին կազմակերպվել էր մեկամսյա դասընթաց՝ «Անձի հոգեվիճակները պատերազմական իրավիճակում» խորագրով, որի նպատակը զոհված տղաների ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելն էր:

Դասընթացն իրականացվել էր «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ում:

Դասընթացի, դրա նպատակի և արդյունքների մասին խոսեցինք դասընթացի վարող ռազմական հոգեբան Ժենյա Այդինյանի հետ:

-Ովքե՞ր էին մասնակցում դասընթացներին, ի՞նչ տարիքի անձինք

-Դասընթացին մասնակցում էին 14 տարեկանից մինչև 25 տարեկան անձինք, խմբում կային նաև 37 տարեկան կանայք։

-Ի՞նչն էր ավելի շատ երեխաներին անհանգստացում, ի՞նչ հարցեր էին տալիս։

-Երեխաներին անհանգստացնում էր վախը՝ վախ հարազատին կորցնելու, մահվան վախը, վախը, որ ապահով չեն մեր երկրում։ Ինչպես նաև փորձում էին գտնել իրենց անձի հոգեբանությունը։ Գիտակցումը կար, որ կորցրել են, որ թշնամին մնում է թշնամի։

-Կա՞ր տարբերություն աղջիկների և տղաների անհանգստության մեջ։

-Ես նկատել եմ որոշակի տարբերություն, բայց ասեմ, որ ցանկացած անձ յուրահատուկ է, և մեզնից յուրաքանչյուրս տարբեր կերպ կարող ենք արձագանքել տվյալ իրավիճակին։ Տղաները փորձում էին վերականգնվել, լուծումներ փնտրել, աղջիկները ավելի էմոցիոնալ էին, մեղավորության, զայրույթի զգացում էր նկատվում։ Վիշտը անհատական գործընթաց է, և նորմալ է, որ աղջիկները կամ տղաները տարբեր ձևով էին այն ապրում։

-Ի՞նչ ձևերով էիք փորձում օգնել, ի՞նչ միջոցներ էիք կիրառում։

-Իրականացրել եմ սեմինար-քննարկումներ, ուր ներառված էին տարբեր թեմաներ։ Քանի որ դասընթացը ուղղված էր «Անձի հոգեվիճակները պատերազմական իրավիճակում» թեմային, կիրառել ենք հոգեբանական մեթոդիկաներ, թերապիաներ, ֆիլմի դիտում, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ հոգեվիճակում է անձը և ինչ կերպ կկարողանա հաղթահարել այն։ Գիտակցելով ու ընդունելով տվյալ հոգեվիճակը՝ ավելի շատ փորձում էի աշխատանքն ուղղել անձի  կոգնիտիվ՝ իմացական ոլորտին, որպեսզի անձը կառավարի, փոխի իր նեգատիվ մտքերն ու գիտակցի պահի կարևորությունը։

-Դասընթացների ընթացքում ինչպիսի՞ տեսնայութեր էիք դիտում։

-Հիմնականում ունեցել ենք հոգեբանական նյութեր, դիտել ենք հենց հոգեբանի կողմից տվյալ հոգեվիճակին ուղղված տեսահոլովակներ և ռազմահայրենասիրական ֆիլմ, որից հետո մասնակիցները փորձել են տալ զինծառայողների հոգեվիճակի բնութագիրը։

Դասընթացից դուրս ես նաև անհատական զրույց, խորհրդատվություն էի իրականացնում։ Դասընթացն այնքանով էր արդյունավետ, որ մասնակիցները ստացան ինֆորմացիա հոգեբանությունից, հոգեվիճակից ու գիտեին հաղթահարման ուղիները։

-Նոր դասընթացներ կազմակերպելու՞ եք։

-Իհարկե, եթե լինի մի փոքր օժանդակություն։

Զառա Մնացականյան

4-րդ կուրս

Կիսվել