ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ներկայացուցիչները մասնակցեցին կրոնների լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացին

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ներկայացուցիչները մասնակցեցին կրոնների լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացին

596

ԵՀՀ-ն մեկնարկել էր «Ինչպես լուսաբանել կամ ինչպես չլուսաբանել կրոն(ներ)ին վերաբերող թեմաներն ու իրադարձությունները» խորագրով` լրագրողների, խմբագիրների և մեդիա-մենեջերների համար նախատեսված երկօրյա դասընթաց, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում:

ԵՀՀ-ի կողմից իրականացվող դասընթացի մասնակիցների շարքում նաև ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսներն էին:

Դասընթացը ԵՀՀ կողմից իրականացվող «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» եռամյա նախագծի մասն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ։ Սեմինարը վարեցին ԵՀՀ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, «media.am» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը և քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագետ Նաիրա Սահակյանը։ Սեմինարը վարող բանախոսների կազմում նաև ԵՊՀ-ի ռեկտորի ժպ Հովհաննես Հովհաննիսյանն էր:

Դասընթացի առաջին օրն ազդարարվեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ` Ջորջ Մոնսանտոյի ողջույնի խոսքով: Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի տեղակալը խոսեց լրագրության և հանրության շրջանում դրա դերի կարևորության մասին, այն է՝ յուրաքանչյուր լրագրող պետք է կարևորի ճիշտ բառի և եզրույթի ճիշտ ընտրությունը: Ջորջ Մոնսանտոյը նաև բերեց օրինակներ, թե լրագրողական հոդվածում բառի սխալ կիրառությունը ինչպես է փոխում նյութի բովանդակությունը և ասաց, որ պետք է զերծ մնալ նման սխալների կիրառումից:

Դասընթացը շարունակեցին Իզաբելլա Սարգսյանը, Նաիրա Սահակյանը և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: Մասնակիցները ծանոթացան կրոնի կամ համոզմունքի ազատության հիմնական հասկացություններին, Հայաստանի օրենսդրությանը ու միջազգային պայմանագրերին, մեր և հարևան երկրներում կրոնական բազմազանությանը և այլն։

Բանախոսության ընթացքում, պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց իր մասնագիտական փորձը, կայացավ նաև բովանդակային քննարկում:

Դասընթացի ամփոփիչ օրվա ընթացքում սեմինարը վարեց «media.am»-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը: Մասնակիցները ծանոթացան ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքներին, տեղեկատվության հավաքագրման ընթացքում լրագրողի վարվելակերպի կանոններին։ Գործնական առաջադրանքների օգնությամբ դիտարկվեցին հայկական մեդիայում կրոնական տարբեր հայացքներ ունեցող անձանց կամ կազմակերպությունների մասին հրապարակումներն ու դրանցում առկա խնդրահարույց կողմերը: Կարևորելով հատկապես զգայուն թեմաներ լուսաբանելիս էթիկական նորմերի պահպանումը՝ անդրադարձ կատարվեց ԶԼՄ-ների էթիկայի կանոնագրին, խտրականության դրսևորումները բացառելու և հանդուրժողականություն ապահովելու վերաբերյալ ԶԼՄ-ների ուղեցույցին։

Դասընթացի հիմքը լրագրողներին և խմբագիրներին կրոնների և կրոնական կազմակերպությունների լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ ամբողջական գիտելիքների փոխանցումն էր` հանրությանը առավել օբյեկտիվ ու հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելու համար։

Մարո Եղոյան

Կիսվել