Գուշակների ազդեցությունը մարդկանց վրա՝ մի շարք սոցիալականացման և անձնային խնդիրներ

Գուշակների ազդեցությունը մարդկանց վրա՝ մի շարք սոցիալականացման և անձնային խնդիրներ

510

Հնուց ի վեր շատ մարդիկ հավատացել են գուշակներին, մինչ այսօր շատերը կուրորեն վստահում և դիմում են նրանց՝ իմանալու՝  ի ՞նչ է սպասվում նրանց ապագայում…

Ոմանք, կյանքում ունենալով ծանր և դժվար օրեր, միանգամից ապավինում են գուշակների օգնությանը՝ կարծելով, թե նրանք կարող են ճիշտ ուղի ցույց տալ:

Հոգեբան Քրիստինե Պետրոսյանի հետ զրույցում պարզեցինք, թե ինչպե՞ս են ազդում գուշակները մարդկանց հոգեբանության վրա. «Ըստ իմ ուսումնասիրությունների՝ գուշակների մեծ մասը հենվում են հիպնոսի գործունեության վրա, որ մարդիկ կարողանան ենթարկվել իրենց, ընդունել այն, ինչը իրենց կարծիքով ճիշտ է: Երբ ասում են այսինչ բանը պետք է տեղի ունենա, մարդը ներշնչելով իրեն, որ տվյալ իրադարձությունը պետք է տեղի ունենա, հնարավոր է մի օր բախվի այդ խնդրին. այդ ժամանակ ունենում ենք այն, որ ասում են գուշակը ճիշտ էր:  Եթե մարդը հավատում է գուշակի ասած երևույթներին կամ  իրադարձություններին, ինքնաբերաբար իր կյանքի սցենարը փոխվում է, ու ինքը, ենթարկվելով տվյալ ազդեցությանը, կարողանում է տվյալ անձնավորության գծած սցենարով շարժվել: Հայտնի հոգեբան Էրիկ Բերն ասում էր, որ մարդը ինչ ծրագրում է, այն էլ լինում է: Հետևաբար գուշակների հոգեբանությունը հիմնականում հիմնվում է ներշնչանքի, համոզելու սկզբունքի վրա: Գուշակի ասած խոսքով մի շարք սոցիալականացման և անձնային խնդիրներ կարող են առաջանալ: Դրանց թվում է աշխատականության անկումը, դեպրեսիվ իրավիճակները, նևրոզները, հասարականության և ընտանիքի անդամների հետ սիստեմատիկ կոնֆլիկտներ»:

Գուշակներն իրենց համարում են Աստծո ծառաներ, կարծում են, որ իրենց այդ «շնորհը» տվել է Աստված:  Սակայն Աստվածաշունչը ասում է. Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհմաների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ /Ղևտ. 19:31/

Տեր Կուրեղ Տալյան քահանան նշում է. «Այդ զորությունների աղբյուրը Աստված չէ, այդ ամենը մարդկանց մոլորեցնելու համար է: Նրանք համագործակցում են չարի  հետ, մարդուն հեռացնելով  Աստծուց, դարձնում են այդ չար ուժերի գերին, կախման մեջ են գցում մարդկանց:  Աստծո թշնամիներին դիմելը նշանակում է Աստծու հետ թշնամություն անել: Մարդը, որ պետք է դիմի Աստծուն, դիմում է գուշակին: Այսօր ամեն մեկի ձեռքին հորոսկոպներ կան, մարդիկ փորձում են աստղերի միջոցով հասկանալ, թե նրանք ով են:  Դա ներկայացվում է որպես գիտություն՝ մարդկանց առավել մոլորեցնոլու համար, շատերի համար ինչը գիտական է, դա ճշմարտություն է»:

Մինչ այսօր շատերը հավատում են Վանգայի, Նոստրադամուսի կանխատեսումներին:

Վերա Հայրյան

4-րդ կուրս

Կիսվել