ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն՝ նվիրված Էրիկ Գևորգյանի հիշատակին

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն՝ նվիրված Էրիկ Գևորգյանի հիշատակին

469

«Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք…»

Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Ոսկի սերմեր» անունը կրող մրցանակաբաշխությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Գևորգյանի հիշատակին։ Կրթամրցանակի հովանավորը բեռլինաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքն է։ «Հայ Ձմեռ պապի» և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի համագործակցությամբ որոշվել է յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 դրամի չափով սահմանած մրցանակը շնորհել ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․

• առաջադիմություն,

• գիտական նորարարություն,

• քաղաքացիական հանձնառություն

Մրցանակաբաշխությունը սկսվեց 14:00-ին։ Մինչ այդ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատի առջև հավաքվել էին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, բարեգործ Լուսինե Զեյթունյանը, Էրիկի ծնողները՝ Արմեն և Էլմիրա Գևորգյանները  և ֆիզիկոս Խաժակ Կարայանը, ով նաև Գևորգյանների ընտանիքի կնքահայրն է։

Մրցանակաբաշխությունը սկսվեց նախատեսված ժամին։ Այն տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի աշխատասենյակում։

Քիչ անց աշխատասենյակ մտան ֆակուլտետի տարբեր կուրսերի 3 ուսանողներ՝ Արզուն Գևորգյանը, Անահիտ Պետոյանը, Ասյա Հունանյանը, իսկ 4-րդ մասնակից Հրաչյա Ասատրյանը օնլայն էր միացել, քանի որ կոտրել էր ոտքը և ֆիզիկապես ներկա գտնվել չէր կարող։ Նրանք սկզբում ներկայացան և պատմեցին իրենց հետաքրքրությունների մասին։ Արզունն ասաց, որ ֆիզիկոս դառնալ երազել է դեռ մանկուց և իրեն ապագայում պատկերացնում է հենց այդ գիտության մեջ, իսկ Հրաչյան ֆիզիկոսների ընտանիքից է և չնայած 10-րդ դասարանում որոշել է այլ գծով շարունակել, բայց փոշմանել է։ Անահիտը իր ապագան տեսնում է Հայաստանի ատոմակայանում, իսկ Ասյան որոշել է ասպիրանտուրան շարունակել այլ երկրում, բայց վերադառնալ Հայաստան և զարգացնել ֆիզիկան սեփական երկրում։ Զրույցից հետո մասնակիցները դուրս եկան և քննարկում տեղի ունեցավ կազմակերպիչների միջև, որի արդյունքում մեկ հաղթողի փոխարեն ընտրվեցին երկուսը. որոշվեց 200.000 դրամը հավասարապես կիսել հաղթողների՝ Արզունի և Անահիտի միջև։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշում է, որ 4 ֆիզիկոսներն էլ փայլուն թեկնածուներ էին, քանի որ, ի հեճուկս իրենց երիտասարդ տարիքի, շատ բան են հասցրել անել՝ սովորելուն համատեղ աշխատել, դառնալ մրցանակակիր տարբեր ոլորտներում, տպել գիտական հոդվածներ, անցկացնել պրակտիկա դպրոցականների հետ և այլն։

Մասնակիցները նաև մոտիվացիոն նամակներ էին գրել, որոնցում իրենց երախտիքն էին արտահայտում Էրիկի և 44-օրյա պատերազմի մնացած զոհերին։ Հուզիչ էին հատկապես Հրաչյա Ասատրյանի հետևյալ տողերը․ «Ինձ համար մեծագույն պատիվ է Էրիկի պես հերոսի հետ ընդհանուր սկզբունքներ ունենալը։ Ես կուզեի, որ այդ գաղափարը լիներ շարունակական, և որ ես այդ շղթայի մի օղակը լինեի»։

Էրիկը, ով եղել է ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։

Մրցանակաբաշխություն ևս մեկ անգամ տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին և հաղթող է ճանաչվել ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ռուբեն Հարությունյանը։

Սեդա Կյուրեղյան

2-րդ կուրս

Կիսվել