Ծովային շունչ Հայաստանի ազգային պատկերասրահում

Ծովային շունչ Հայաստանի ազգային պատկերասրահում

741

Առաջին անգամ Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչների՝ Էմանուել Մահտեսյանի, Արսեն Շաբանյանի և Վարդան Մախոխյանի ծովանկարները միասին ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Սա «Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագծի առաջին ցուցադրությունն է:

Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները և հավաքածուները պատկերասրահին են փոխանցել Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը, Հակոբ Էքիզյանը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը և այլք:

«Մշակույթը բարձր գնահատող այս մեկենասները թանգարանին փոխանցել են անվանի արվեստագետների ստեղծագործություններ: Նրանց բոլորի հիմնական նպատակն ու գլխավոր շարժառիթը եղել է հայ հոգևոր և նյութական ժառանգությունը հայրենիք բերելը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի գլուխգործոցներով Հայաստանի թանգարանները հնարավորինս հարստացնելը»,- ասում է Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուշ Սահակյանը:

Հայաստանի Ազգային պատկերասրահի առաջին խոշոր նվիրատուն Հակոբ  Էքիզյանն (Էքիզլեր ) է: Նրա շնորհիվ հավաքածուն համալրվել է Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Արսեն Շաբանյանի, Վասիլի Պոլենովի, Իվան Շիշկինի և այլ հեղինակների բարձրարժեք աշխատանքներով:

Ցուցահանդեսում առանձնանում են Վ. Մախոխյանի «Կապրի կղզու ափերը», Ա. Շաբանյանի «Տեսարան Մարտիգից», Է. Մահտեսյանի «Ծովային տեսարան առագաստանավից» և Հ. Այվազովսկու «Գիշերը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունները: Ծովանկարիչները հիմնականում աշխատել են յուղաներկերով և կավճամատիտով:

Հայաստանի ազգային պատկերասրահում ծովային տրամադրությունը կտիրի մինչև նոյեմբերի 5–ը:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել