«․․․Երբ որոշեմ բոլոր ստեղծագործություններս մեկ գրքում ներառել, ինչպե՞ս կանվանեմ այն»

«․․․Երբ որոշեմ բոլոր ստեղծագործություններս մեկ գրքում ներառել, ինչպե՞ս կանվանեմ այն»

822

Այժմ շատ են հնչում կարծիքներ, թե մեր օրերում չեն հանդիպում գրական աշխատանքով զբաղվողներ, և չունենք ժամանակակից գրողներ։

Այս կարծրատիպի և այլ հարցերի վերաբերյալ զրուցել եմ մերօրյա գրող, «Սպասիր ինձ» բանաստեղծական ժողովածուի հեղինակ Սիրակ Ազիզյանի հետ:

Սիրա՛կ, գիտեմ, որ Դուք ստեղծագործում եք և արդեն ունեք տպագրված գիրք։ Կասե՞ք` երբ հասկացաք, որ ունեք ստեղծագործական ջիղ։  Ո՞ր տարիքից եք սկսել գրել։

-Դեռ դպրոցական տարիքից զգացել եմ, որ ունեմ ստեղծագործական ունակություն, բայց կարելի է ասել՝ չէի համարձակվում մտքերս թղթին հանձնել։ Գրել սկսել եմ 2017թ. Մոսկվայում։ Աշխատանքի վայրում էի, երբ հետաքրքիր տողեր եկան մտքիս, և որոշեցի դրանք պահպանել հեռախոսի մեջ, այնուհետև հրապարակեցի նաև սոցցանցերում։ Այդ ժամանակ 22 տարեկան էի։

Հիշո՞ւմ եք առաջին ստեղծագործությունը։ Ո՞րն էր թեման:

-Իհարկե, առաջին գիրս միշտ  հիշողությանս մեջ է, այն հայրենասիրական էր։ Քառօրյա պատերազմից շատ ժամանակ չէր անցել, և կարելի է ասել՝ վերքերը դեռ թարմ էին. կորցրել էի հրամանատարիս և ինձ հետ ծառայող շատ ընկերների։ Ուստի այս ամենը պատճառ հանդիսացավ, որ առաջին տողերս լինեն հայրենասիրական:

Ձեր ստեղծագործություններն ընթերցելիս նկատում ենք, որ դրանք բազմաբովանդակ են և տարաբնույթ՝ թե՛ հայրենասիրական, թե՛ սիրային, թե՛ բնությանը նվիրված և այլն։ Որտեղի՞ց այս բազմազանությունը:

-Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, մտքերս են այդպիսին։ Ինքս էլ հաճախ մտածում եմ այն մասին, թե երբ որոշեմ բոլոր ստեղծագործություններս մեկ գրքում ներառել, ինչպես կանվանեմ այն, քանի որ իսկապես, միմյանցից շատ տարբեր թեմաներով եմ ստեղծագործում։

Իսկ ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Կարող եմ ասել` չկա․ հիմնականում ստեղծագործում եմ զգացողություններիցս ելնելով։ Այսինքն, գրում եմ այն, ինչ թելադրում է միտքս։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հասարակությունը համարում, թե այժմ գրականությունը չի զարգանում, և  չկան ժամանակակից գրողներ:

-Իմ կարծիքով՝ գրողներ միշտ էլ եղել են, ամեն սերնդի մեջ։ Սակայն հարկ է նշել, որ մեզնից ավագ սերնդի գրողները հանճարեղ են եղել, և բնականաբար, գրականությունն էլ ավելի մեծ թափով է զարգացել, քան այժմ։ Բայց ժամանակակից գրողներ, իհարկե, շատ կան։

-Ո՞վ է Ձեզ համար բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծը։

-Ինձ համար բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծը մնում է Հովհաննես Շիրազը։ Նրա ստեղծագործություններում ես գտնում եմ ինձ։

-Ինչպիսի՞ն եք Դուք որպես գրող. ռոմանտի՞կ, թե՞ ռեալիստ, և ինչպիսի՞ն եք կյանքում։

-Կյանքում և՛ ռեալիստ եմ, և՛ ռոմանտիկ, դա կախված է տվյալ իրավիճակից։ Իսկ որպես գրող՝ չէի ասի, թե ռոմանտիկ եմ։

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:

-Եթե հարցն ընկալենք որպես նվաճում գրականության ոլորտում, ապա ամենամեծ նվաճումս եղել է առաջին գրքիս հրատարակումը 2018թ. Սոնիա Խաչատրյանի հովանավորությամբ։ Իսկ կյանքում ունեցած ամենամեծ նվաճումս՝ «հայր» կոչումը։

-Հաջողության Ձեր բանաձևը:

-Ամեն մարդու հաջողության բանաձևն իր ձեռքերում է, իր գլխում և մտքում։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանասիրաբար և ինքնամոռաց աշխատել։ Հավատալ սեփական ուժերին, և ամենակարևորը, վստահել ինքդ քեզ։ Ինձ համար դա է հաջողության գրավականը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գրողներին, իսկ գուցե նաև Ձեր ընթերցողների՞ն։

-Խորհուրդս երիտասարդ գրողներին այն է, որ միշտ շարունակեն իրենց գրական աշխատանքը և երբեք չդադարեն ստեղծագործել։ Իսկ ընթերցողներիս կարող եմ միայն շնորհակալություն հայտնել, որ միշտ ընթերցում և իրենց գնահատականն են տալիս յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ։ Ինձ համար յուրաքանչյուրի կարծիքը խիստ կարևոր է,  լինի դրական, թե բացասական:

Մանուշակ Մելքոնյան

2-րդ կուրս

Կիսվել