Երիտասարդական կենտրոնը՝ ի նպաստ երիտասարդների ծրագրերի իրագործման

Երիտասարդական կենտրոնը՝ ի նպաստ երիտասարդների ծրագրերի իրագործման

452

Հոկտեմեբրի 11-ին Ապարանի համայնքապետարանում աղմուկը սովորականից շատ էր: Համայնքի ակտիվ երիտասարդներն էին հավաքվել. նման դեպքերում անհնար է հավատալ, որ նրանք լուռ կմնան: Իսկ այդ օրը երկար սպասված երիտասարդական կենտրոնի բացումը պիտի կայանար:

Մտահաղացման հեղինակը երիտասարդ աղջիկ է: Մեզ հետ ունեցած զրույցում Մարիամը մեծ ոգևորությամբ պատմեց, թե ինչպես է մտահղացումն իրականություն դարձել: Զրույցից իմացանք, որ Ավստրիական զարգացման գործակալության և Եվրախորհրդի կողմից հայտարարվել է դրամաշնորհ` «Համայնքային լավագույն գործելակերպով» վերնագրով: Այս դրամաշնորհը, Մարիամի խոսքերով, իր ցանկության իրագործման միակ իրատեսական միջոցն է դարձել․ «Դրամաշնորհի մասին պատահական եմ իմացել սոցցանցերից: Շատ էի ուրախացել։ Վստահ էի, որ մի բան հաստատ կստացվի…  Վաղուց նման մի միտք ունեի՝ ստեղծել մի ընդհանուր տարածք, որը թույլ կտա երիտասարդներին հավաքվել, զրուցել, մտքեր փոխանակել, քանի որ այս պայմաններում անհնար է՝ մի հրաշալի միտք չծնվի համայնքի կյանքը բարելավելու համար: Միշտ էլ մենք ծրագրեր ունեցել ենք, բայց չկար մի տարածք, որտեղ կբարձրաձայնեինք  դրանք, և իրականանալու հնարավորությունը  մեծ կլիներ… հիմա արդեն բոլոր պայմաններն ու հնարավորությունները կան»:

Մարիամի հետ զրույցից իմացանք նաև, որ կենտրոնը ծառայելու է կանանց ձայնը համայնքում լսելի դարձնելուն։ Կքննարկվեն նաև բնապահպանական հարցեր:

«Թե՛ ես, թե՛ կենտրոնի մասնակիցները երկար ենք սպասել այս օրվան»,- ասաց Մարիամը:    Փորձում էր արագ վերջացնել մեր զրույցը, որ կարգի բերեր սենյակը՝ հյուրերին ինչպես հարկն է դիմավորելու համար: Կենտրոնի բացումը պետք է իրականացնեին Եվրախորհրդի ներկայացուցիչները:

Երիտասարդական կենտրոնի սենյակն է`լուսավոր ու ընդարձակ: Սենյակի վերանորոգման հարցում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Ապարանի համայնքապետարանը և «World Vision Armenia» կազմակերպությունը: Նախաձեռնողների գնահատմամբ՝ սա առողջ քննարկումներ ծավալելու լավագույն միջոցն է:  

Ժապավենը կտրեցին. օդում շնորհավորանքների ու երախտիքի խոսքեր էին…

Հանդիսավոր պահի ավարտից հետո նախաձեռնող երիտասարդները և մասնակիցները մտքեր ու կարծիքներ փոխանակեցին:

Բոլորը ոգևորված էին։ Մեծ ուրախությամբ եկան բացման արարողությանը, խոստումներով ու պատասխանատվության զգացումով գնացին․ այսուհետ համայնքի զարգացման գործում երիտասարդները ևս կունենան իրենց դերակատարումը:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել