Ե. Չարենցի և Արմենուհու սիրո պատմությունը՝ Հովիկ Չարխչյանի բացահայտումներով. նոր գիրք

Ե. Չարենցի և Արմենուհու սիրո պատմությունը՝ Հովիկ Չարխչյանի բացահայտումներով. նոր գիրք

697

«Այս  գիրքը երևի միակ գիրքն է, որի մասին առանց վախենալու ասում եմ, որ բոլորը պետք է կարդան։ Մյուսների մասին երբեք նման բան չեմ ասել։ Ինչի՞ համար, որովհետև այս գրքում շատ բաներ կան իմանալու, որոնց մասին առ այսօր ոչինչ չենք իմացել», – ասաց գրող Հովիկ Չարխչյանը՝ նոյեմբերի 19-ին «Դարան» գրախանութում հյուրերին ներկայացնելով իր «Չարենց և Արմենուհի․ սիրախաղ կրակի հետ» գիրքը։

Գրողի խոսքով՝ 2017թ․ Ֆեյսբուքում մի գրառում էր արել, որ գտել է Չարենցի հետ կապված շատ հետաքրքիր նյութ և ուզում է իր ուրախությունը կիսել մյուսների հետ։ Այդ գրառումն անելուց հինգ րոպե հետո նրան զանգահարել է  «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և առաջարկել  դրա վերաբերյալ գիրք գրել։ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ  «Անտարեսը» պատրաստ է տպագրել  այդ գիրքը՝ գրողի բոլոր պահանջներով ու ցանկություններով հանդերձ։  Ինձ հետ զրույցում  գրողը կատակով ասաց, որ ինքը չի որոշել այս գիրքը գրել, այլ իրեն պարտադրել են․ «Ընդհանրապես իրավիճակը, նյութի անհրաժեշտ քանակությունն են թելադրում գրել ինչ-որ բան։ Այս գրքի համար ես այնքան տեղեկություն եմ հավաքել, որ կարելի է մեծ ծավալի գիտական աշխատություն ստեղծել»։

Գիրքը Չարենցի և Արմենուհու սիրավեպի մասին է։ Փաստագրական այս վեպում ընթերցողը կտեսնի գրախոսություններ՝ նվիրված Ե․ Չարենցի ստեղծագործություններին։ Հեղինակն ասաց, որ երբևէ ցանկություն չի ունեցել Արմենուհու և Չարենցի մասին բան գրել, նախ քանի որ չի սիրում պլանավորել թեման, և հետո չկար գրելու որևէ բան․ «Մի քանի տարի առաջ արել էի որոնումներ, սակայն դրանք փոքր, թեթև արդյունք էին տվել․ ընդամենը 2-3 էջանոց նյութ ստացվեց»։

Գիրքը գրել է 4 տարվա ընթացքում։ Ճիշտ է, փոքր ծավալի է, սակայն գրողը վստահաբար ասում է, որ այդ ժամկետն արդարացված է, և կարծում է՝ այս գրքին ավելի երկար կենսագրություն է վիճակված, քան շատ ու շատ այլ գրքերի։

Իր ելույթում Հովիչ Չարխչյանը շնորհակալություն հայտնեց իր ընտանիքի անդամներին, հատկապես կնոջը, որն Արմենուհուն  նվիրված բոլոր բանաստեղծությունները կազմել և խմբագրել է․ «Կինս միակ մարդն է, որն անսահման օգնել է ինձ բոլոր գրքերս գրելու ժամանակ։ Շնորհակալ եմ Գաբրիելյան Աշոտին, որը միշտ գնում էր Ազգային գրադարան, լուսանկարում էր այն էջերը, որոնք ինձ անհրաժեշտ էին։ Արքմենիկին եմ շնորահակալ, որ միշտ ոգևորել  է ինձ ամեն հարցում։ Նա մի արտահայտություն ունի, որ միշտ անում է․ «Ես չեմ հավատում, որ դու գիրք կգրես», և դա միշտ ոգևորում է ինձ և ստիպում անել ամեն ինչ՝  նրան ապացուցելու, որ ես կարող եմ գիրք գրել» ( ծիծաղում է)։

Հեղինակի խոսքով՝ գրքում տեղ են գտել այնպիսի տեղեկություններ, որոնք մինչև հիմա ոչ մեկին հայտնի չեն եղել։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել