«Իմ կողմից մեծ վերադարձ կլինի». Գևորգ Հարությունյան

«Իմ կողմից մեծ վերադարձ կլինի». Գևորգ Հարությունյան

1393

Անդրադառնալով տաղանդավոր արտիստներին և ուրույն ճանապարհ կերտած անհատներին՝ Journalist.am-ը զրույց է ունեցել «Նոր ալիք» 2018-ի դափներկիր, մի շարք հեռուստանախագծերի մասնակից, «Պարահանդես» 4-ի հաղթող, երգիչ և կինոռեժիսոր Գևորգ Հարությունյանի հետ։ Վերջինս խոսել է իր անցած ճանապարհի, հաջողության ու պայքարի, ծննդավայրի և ԱՄՆ-ում բնակվելու մասին։

-Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը բեմական կյանքում, ո՞վ է եղել Ձեր առաջին հանդիսատեսն ու երկրպագուն։

-Մինչև հարցին պատասխանելը կցանկանայի շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար։ Այս բարդ ժամանակներից հետո սա շատ դժվար է ստացվում. ոչ միայն կենտրոնանալ և զբաղվել ստեղծագործական կյանքով, այլ նաև ստեղծել նման առիթներ և կիսվել մտքերով ու նպատակներով, որոնք իմ մեջ եռում էին մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը․․․

Եթե ուղիղ փորձեմ պատասխանել, ապա ինձ համար միշտ որոշիչ, կարևորագույն, որպես այդպիսին առաջին բեմել համարում եմ 2001-ին Կապանում կազմակերպված «Մանկության մեղեդի» մրցույթ – փառատոնը։ Դա նշանակալից էր ոչ միայն այն առումով, որ պսակվեց հաղթանակով, այլ նաև այդ տարիներին ես արդեն մեծ երազանքներ ու նպատակների ունեի երգարվեստի հետ կապված։ Այդ օրը կարծես ներսումս մի բան հաստատվեց, որ «դու կարող ես». այն, ինչ երազում էի, սկսեց իրական թվալ։ 

Իսկ եթե հարցին ավելի խորքային մոտենամ, ապա իմ «բեմական կյանքը» հագեցած էր նաև մինչև այդ։ Ես տասնյակ «մենահամերգներ» եմ տվել մեր գյուղի տան շրջակայքի տանիքներից մինչև քաղաքի տան հարևանությամբ գտնվող այս կամ այն շինության վրա, դա կարող էր լինել ավտոտնակի վերին հարկը կամ բակի լողավազանն իր տարածով։ Իհարկե իմ ոգևորությանը գումարվում էր նաև ընկերներիս և հարևանների ուրախությունը, որոնք էլ, ըստ էության, եղել են առաջին հանդիսատեսս ու երկրպագուն։ Հետո աստիճանաբար երգողից դարձա կազմակերպիչ, և շատ շատերը մինչև այսօր տարբեր առիթներով հիշում են այդ օրերը։ Այս տեսակս չփոխվեց նաև դպրոցում՝ մինչև ավագ դասարաններ, երբ սկսեցի մի փոքր ավելի ինքնամփոփ դառնալ, մտածել այլ մասնագիտության մասին և այլն։ 

-Գևո՛րգ, իսկ առավել ինքնամփոփ դառնալուց հետո ինչպե՞ս առաջացավ տարբեր մրցույթների մասնակցելու ցանկությունը, հե՞շտ էր արդյոք ընդգրկվել նման ակտիվ կենսակերպի մեջ։

-Երբ պատանեկության տարիներին, ձայնի մուտացիոն շրջանով պայմանավորված, ստիպված էի որոշ ժամանակ դադարեցնել երգելը, հետաքրքրությունս աստիճանաբար մեծացավ կինոարվեստի հանդեպ, և ես որպես մասնագիտություն ընտրեցի կինոռեժիսուրան։ Թատերականում սովորելու վերջին տարիներին երգարվեստում իմ ունեցած նպատակներին հասնելու ցանկությունը շատ ուժգին էր։ Այդ տարներին դեռ նոր էին մեկնարկել աշխարհի զարգացած պետություններում տարատեսակ հեռուստանախագծերը։ Ես հետևում էի դրանցից մի քանիսին և սպասում, որ օրերից մի օր այդպիսինը կլինի նաև Հայաստանում։ Երգարվեստում կայանալու և իմ տեղը գտնելու ճանապարհը ես նմանատիպ մրցույթներով էի պատկերացնում։ Ես պատրաստ էի դժվարություններ հաղթահարել, կատարելագործվել, հասնել արտիստի իմ ուզած որակին և զարկ տալ իմ ուզած կարիերային։ 

Էներգիայի առումով հեշտ էր. իմ մեջ անսպառ էներգիա կար. ինձ չէր բավարարում ո՛չ համալսարանի կողմից տրված հանձնարարությունները, ո՛չ էլ ստեղծագործական ընթացքների բարդությունները, բայց, այնուամենայնիվ, հոգեբանական առումով այդքան էլ հեշտ չէր։ Այդ առումով մրցույթներն ինձ անասելի կոփեցին, կայացրին ոչ միայն որպես արտիստ, այլ նաև որպես անհատականություն։ Ես իրականում շատ ուրախ եմ, որ այդ ուժը կար իմ մեջ և ես չհանձնվեցի։ Իհարկե բոլորս էլ մարդ ենք և ունեցել ենք ընկճված պահեր, բայց ես թույլ չտվեցի, որ դրանք որևէ որոշիչ ազդեցություն ունենան իմ նկատակների և սկզբունքների վրա։

-Ինչպես արդեն նշեցինք՝ Դուք բազմաթիվ նախագծերի եք մասնակցել և հաղթանականեր ունեցել։ Անցնելով այդ ճանապարհով, որը քչերին է բախտ վիճակվում, ո՞ր փուլն էր առավել առանձնահատուկ Ձեզ համար։

 – Յուրաքանչյուր նախագիծ յուրովի է եղել։ Ամեն նախագծից առաջ հստակ նպատակ եմ դրել իմ առաջ. մի անգամ գնացել եմ ինքնաբացահայտման և ճանաչման համար, ինչպես «Իքս Ֆակտորում», մեկ այլ տեղ հաղթելու ու համոզվելու, որ երևակայությունս ռեալ է, իրական, ինչպես «Պարահանդես»-ում, մեկ այլ տեղ մեծ երազանքին հասնելու համար, կամ իմ երկիրը ներկայացնելու, իմ երկրին հաղթանակ պարգևելու և մեծ ու պրոֆեսիոնալ բեմահարթակում ելույթ ունենալու համար, ինչպիսիք էին «Նոր ալիք»-ն ու «Դեպի եվրատեսիլ»-ը։

Իհարկե հաղթանակը շատ կարևոր է, մանավանդ մասնակցության ժամանակ, սակայն հետո հասկանում ես, որ տվյալ նախագիծը քեզ ավելի շատ բան է տվել, քան պարզապես հաղթանակը։

Դրանցից յուրաքանչյուրը մի իսկական դպրոց էր։

 -Խոսելով հաղթանակների մասին՝ ի՞նչ զգացողություններ եք ունեցել գլխավոր մրցանակ ստանալիս և որո՞նք են եղել Ձեր հաջորդ քայլերը դրանից հետո։

Շատ ուրախ եմ եղել ոչ միայն գլխավոր մրցանակը ստանալիս, այլև ցանկացած հաջող ելույթի համար։ Դրանցից ամեն մեկը կարծես մի փոքր հաղթանակ լինեին։ 

Հետ նայելով՝ կարծում եմ, որ հաջորդ քայլերի առումով մի փոքր հապաղել եմ, բացթողումները որոշել եմ լրացնել հիմա։ 

-Իսկ ու՞մ էիք նվիրում Ձեր հաղթանակները։

Ողղակի պատասխան չկա այս հարցին։ Կարճ կպատասխանեմ. իմ յուրաքանչյուր հաղթանակ ես համարում եմ իմ երգարվեստի սիրահարների, հարազատներիս, ընկերներիս և իմ ազգի հաղթանակը։

-Նպատակներն իրագործելու ճանապարհին ո՞րն է Ձեր սկզբունքն ու կարգախոսը, որին անդավաճան եք մնում։

-«Աշխատել եւ պատրաստ լինել, պահը հաստատ կգա» – սկզբունք

«Կառչե՛ք ձեր նպատակներից մինչև մահ» – կարգախոս:

Ետ նայելիս, երբ միահյուսվում էին հաճույքն ու մրցույթը, հետաքրքիր է ՝ ինչի՞ համար եք առ այսօր անկեղծորեն ժպտում, և ինչի՞ համար եք ափսոսում։ 

Անկեղծորեն ժպտալու պահերը բազմաթիվ են, որովհետեւ ես անկեղծ մարդ եմ, և իմ կյանքը ողողված է անկեղծությամբ, արկածներով և հումորով, հիշարժան ու մնայուն, արժեքավոր պահերով։ 

Խոսքս և՛ իմ անձնական կյանքին է վերաբերում, և՛ ստեղծագործական գործունեությանը։ Դրանց անդրադառնալու համար մի առանձին հարցազրույց կպահանջվի:

Ափսոսելու դեպքում ուրախ եմ, որ օրինակները շատ չեն։ Հիմնականում ափսոսում եմ, որ իմ մաքսիմալիստական և ծայրահեղական տեսակետերը շատ խանգարեցին ստեղծագործական առումով ավելի շատ բան ներկայացնելու և ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։ 

Ընդհանրապես ինձ սովորեցրել եմ չափսոսալ. դա խանգարում է ապրելուն, և մեղմ ասած՝ դանդաղարդյունավետ է։ 

Կայացրած որոշումները իմն են, և ես հարգում եմ դրանք, անկախ նրանից, թե ինչ ընթացք կամ արդյունք կարող են ունենալ։ 

-Ես գիտեմ, որ եղել եք Կապանի մշակույթի կենտրոնի տնօրենը. ինչպի՞սնն էր այդ հատվածը Ձեր կյանքում, և ի՞նչ դեր ունի ծննդավայրը պայքարող տեսակ Գևորգ Հարությունյանի համար։

Այդ ընթացքում ստեղծագործական փուլը պասիվացել էր, որը լայն լսարանի համար մեծ հաշվով պայմանավորված էր վարչական աշխատանքի, ստեղծագործական բնագավառի փոփոխության և գործունեության կոնկրետ տեղայնացման (Սյունիքի մարզ) հետ։ Այնուամենայնիվ, ի զարմանս ինձ, երբեմն ստացվում էր նաև համատեղել և ունենալ հիշարժան ելույթներ։ Իրականում այդ ամիսների ընթացքում կուտակվեց հույզերի, փորձությունների, աշխատանքի, ուրախության, տխրության, ճանաչողության, ցնծության, հիասթափության, բերկրանքի, հասունության այնպիսի պաշար, որը անհնար կլինի ներկայացնել, պատմել, նկարագրել…

Կասեմ, որ ես անսահման ուրախ եմ և հպարտ, որ այդ փուլը եղավ իմ կյանքում։ 

Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր ղեկավարել Կապանի մշակույթի կենտրոնը։ Ես ինձ համարում եմ իմ արվեստին ինքնամոռաց նվիրված մարդ, ուստի այդպիսինն եմ նաև Կապանի հանդեպ, այդպիսինն էի նաև մշակույթի կենտրոնի նկատմամբ, և առհասարակ ինչով սկսում եմ զբաղվել….

Կապանս իմ մուսան է, տարերքն ու երջանկությունը։ 

Գևո՛րգ, սովորաբար նման հագեցած ու նաև բարդ ճանապարհ անցած արտիստը չէր կարող խոչընդոտների չբախվել. արդյո՞ք Ձեր կյանքում եղել են հուսահափության պահեր, ինչպե՞ս եք հաղթահարել ու շարժվել առաջ։ 

-Գուցե կզարմանաք, բայց որպես այդպիսին խոչընդոտներ հիմա չեմ մտաբերում։ 

Միգուցե տարիներն անցել են, և հիմա անկարևոր ինֆորմացիան հետ է մղվել, բայց իսկապես չեմ ֆիքսել ուղղակի իմաստով խոչընդոտներ։ Այո, դժվար է եղել, հուսահատության պահեր շատ են եղել, և ավելին՝ միգուցե առջևում է։ 

Շատ բաներ անհնարին են թվացել, բայց ես հարցերի լուծումը կապել եմ քրտնաջան աշխատանքի և կամքի հետ, իսկ դրանց համապատասխան պաշարն իմ մեջ զգում էի։ Ճիշտ է, հետո հասկացա, որ միայն այդքանը չէ, բայց այդ փուլում լավ է, որ այդպես եմ մտածել։ Ես բավականին մեծ ժամանակ ունեի ամբողջությամբ իմ նպատակների վրա կենտրոնանալու համար, կենցաղը ինձ չի խանգարել, ընտանիքիս անդամները միշտ կողքիս են եղել և քաջալերել։

Այդ ընթացքում նաև մեծ ժամանակ եմ տրամադրել ոչ միայն ինքնակրթությանը, ինքնքննադատությանն ու ինքնավերահսկմանը, այլև բնավորությանս մեջ շատ գծերի վրա եմ աշխատել. կոփվել, որպեսզի դժվարությունների հետ միասին ինքս ինձ ևս չխանգարեմ։ Զգացմունքային մարդ եմ, դա ինձ «ապրեցնում է», բայց դա թողել եմ միայն կյանքը զգալու, ապրելու ու ստեղծագործելու համար, մնացած բոլոր էտապներում ինքս ինձ արգելել եմ էմոցիաներով առաջնորդվել։ 

-Բազմաթիվ նախագծերից, վարչական ոլորտում գործունեությունից ու դադարներից հետո ներկայումս ո՞ր փուլում է Ձեր ստեղծագործական կյանքը. ի՞նչ է սպասվում Ձեր հանդիսատեսին ու երկպագուներին:

Ինչպես և նախորդող բոլոր նախագծերից հետո, այնպես էլ «Նոր Ալիք»-ից հետո շատ անգամներ եմ լսել, կարդացել, զգացել, որ սպասում եք նորությունների, նոր երգերի, ելույթների, տեսահոլովակների, մենահամերգների և այլն։ Իհարկե դա շատ մոտիվացնող է և հաճելի, և ինքս էլ խոստովանում եմ, որ իմ սպասելիքներն ու մտադրություններն էլ երբեմն չեն իրականացել, ու որոշակի պասիվություն ստեղծագործական առումով եղել է։ 

Քանի որ 2020-ից աշխարհի և հատկապես մեզ՝ հայերիս համար դժվար ժամանակներ են սկսել, ինձ մոտ նույնպես շատ բան է փոխվել։ Բեմական գործունեության առումով պասիվություն է, և դեռ երկար ժամանակ շատ առիթներ չեն լինի հանդիսատեսի հետ շփման, սակայն իմ ստեղծագործական կյանքում մեծ եռուզեռ է. ես շարունակում եմ աշխատել նախագծերի, երգերի, նոր գաղափարների վրա։

Այսպես ասած, իմ կողմից մեծ վերադարձ կլինի, թե երբ՝ ինքս էլ չգիտեմ, պարզապես դրա համար հարկավոր է, որ մեր ազգի ու երկրի համար գոնե մինիմալ դրական տեղաշարժ լինի, որովհետև այս պահին իմ հոգին չի երգում…

Ինչպես վերևում նշել եմ՝ «Աշխատել և պատրաստ լինել, պահը հաստատ կգա»։

-Այժմ դուք գտնվում եք ԱՄՆ-ում, կասե՞ք ինչով է դա պայմանավորված, և կարողանու՞մ եք այդտեղ զբաղվել Ձեզ հոգեհարազատ գործով։

-Այո, ինչպես գիտեք 2020 թվականին տեղափոխվեցի միացյալ նահանգներ։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն այստեղ են, բացի այդ, վերջին 10-12 տարվա ընթացքում անընդհատ կար տեղափոխվելու սպասելիքը։ Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչ կարող եմ անել այստեղ, տեսնենք։ Ես դժվարություններ փնտրող մարդ եմ, բայց եթե ներքուստ զգում ես այդ պահանջը, ուրեմն պետք է անես։ 

Իհարկե գլխավոր նպատակս դա է՝ որտեղ էլ լինեմ, զբաղվեմ իմ սիրելի աշխատանքով, սակայն սա մի նոր մեկնարկ է՝ ամեն ինչ սկզբից։ Ամերիկան տալիս է հնարավորություններ, որոնք 

թեկուզ սեփական երկրից դուրս, կարող ես օգտագործել հենց երկրիդ համար, մնացածը կախված է անձից։

Աննա Հակոբյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ Գևորգ Հարությունյանի ինստագրամյան էջից

Կիսվել