«Ժամանակի դեմ ելած, երբեք չընկրկող պապս»

«Ժամանակի դեմ ելած, երբեք չընկրկող պապս»

421

Ժորա պապը այն բազմաթիվ մարդկանցից մեկն է, ովքեր թողել են իրենց տունը թշնամու ձեռքերում, եկել ու նոր օջախ կառուցել Լոռվա մի փոքրիկ գյուղում, շենացրել, թոռներ ու ծոռներ ունեցել։ Խոսքը 1988֊ի բռնի գաղթի մասին է, որն իրականացվեց Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում և գյուղերում։ Իսկ Ժորա պապը արմատներով Գարդմանից է՝ այժմյան Դաշքեսանի շրջանի Կուշչի գյուղից, որն էլ հայերի բնակության ժամանակ Խաչակապ է կոչվել։ 

Այսօր նա իր նոր հայրենիքում է՝ Լոռվա Մեծ Այրում գյուղում։ Մեծ Այրումի ճակատագիրն էլ Ժորա պապի ճակատագրին է նման. հենց Ադրբեջանից եկած հայերի շնորհիվ էլ գյուղը նորից ծնվեց, հայաֆիկացվեց. Մեծ Այրումում մինչև 1990 թ. բնակվել են թուրքեր։ 

Ժորա պապը 90 տարեկան է, որից 60 տարիները անցկացրել է ծննդավայր Կուշչիում։ Կյանքի մեծ փորձ ունի, 5 որդի, ովքեր իր վստահելի հենասյուներն են։ Բայց կորուստներն էլ քիչ չեն։ Կորցրել է կնոջը, որդիներից մեկին։

Մեկը մյուսի ետևից ընթացող պատերազմները ու մտերիմների մահը դրոշմվել են Ժորա պապի երբեմնի ուժեղ դիմագծեր ունեցող դեմքի վրա, փոքր ինչ կռացել, փոքրացել է, սակայն աչքերում չի մարել այն փայլը, որը յուրաքանչյուր երիտասարդին ստիպում է ուժեղ լինել։

Ժորա պապը շատ է սիրում խաչբառեր լրացնել։ Ամեն անգամ, երբ չի իմանում կամ չի հիշում որևէ հարցի պատասխանը, դիմում է թոռներին և հարցի ճիշտ պատասխանը ստանալուց հետո մեծ հպարտությամբ հայտարարում է, որ նրանք լավագույնն են։ Թոռների հանդեպ սիրո լավագույն ապացույցը իր սիրելիների հաջողություններով կիսվելն ու հպարտանալն է։

Հաճախ է հիշում ծննդավայրը՝ Կուշչին։ Ինչպես յուրաքանչյուր փախստական, այնպել է նա երազում  է իր ձեռքերով կառուցած  տունը կրկին տեսնելու մասին։ Մինչ գաղթելը հասցրել էին վերանորոգել խոհանոցը և լոգարանը, որ այդպես էլ չհասցրեցին վայելել։ Իսկ տան բակում հոսող ջուր կար, որտեղից ջուր էին տանում գյուղի հարսները։ Հայրական տան մասին խոսելիս մի դեպք է հիշատակում. երբ փոքր էր, բարձրացել էր թթենու վրա՝ կկվի ձվերը տեսնելու համար, ոտքը ոլորվել էր, կախվել ծառի ճյուղից և երկար ժամանակ այդպես կախված էր մնացել։ Իսկ տարիներ անց՝ դեռահասության տարիներին այդ նույն ծառին առաջին անգամ մորեղբայրը կրակել է սովորեցրել։ Այդ դեպքից հետո էլ սկսվել է Հայրենական պատերազմը, 12֊ամյա Ժորայի հայրը մեկնել է պատերազմ, իսկ տան հոգսերը մնացել են պատանի Ժորայի ուսերին, ստիպված ուսումը կիսատ է թողել և դպրոցը լքել 3֊րդ դասարանում։ Պատերազմն ավարտվել է, հայրը վերադարձել է զավակների մոտ, սակայն Ժորա պապն այդպես էլ չի կարողացել շարունակել ուսումը։  Հիմա, երբ հնարավորություն է ստեղծվում շփվելու նրա հետ, տպավորությունը ճիշտ հակառակն է լինում. թվում է՝ գերազանց ավարտել է դպրոցը, ունի բարձրագույն կրթություն։ Նա էլ իր օրինակով ապացուցում է, որ ինքնակրթությունը ամենևին անարդյունավետ չէ։ 

Հիմա Ժորա պապը վայելում է իր ծերությունը, հաճախ է լինում այգում, հիանում ծաղկած ծիրանենիներով, մեղուների աշխատանքով և չի դադարում գրքերից քաղված կարևոր տեղեկությունները փոխանցել թոռներին։ Ժորա պապը շարունակում է սիրել կյանքը…

Լյուդմիլա Շիրվանյան

2-րդ կուրս

Կիսվել