Կրկնուսույցի ինստիտուտը համալսարանի ներսում

Կրկնուսույցի ինստիտուտը համալսարանի ներսում

665

-Բարև, ես Նարեկն եմ: Սովորում եմ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Համալսարանից դուրս պարապում եմ մաթեմատիկա:

-Ողջույն, ես Էմման եմ: Սովորում եմ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում։ Պարապում եմ անգլերեն կրկնուսույցի մոտ:

-Ես Աննան եմ: Սովորում եմ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Թարգմանչուհի դառնալու համար առանձին անգլերեն եմ պարապում (անունները  փոխված են):

Կես միլիոն և ավելի վարձ վճարող ուսանողը քննությունները «ստանալու» և վերաքննության չմնալու համար ստիպված պարապում է այն, ինչ ակնկալում էր ստանալ դասերի ժամանակ։ Ընդ որում՝ պարապելու համար հավելյալ գումար է ծախսում:

Նման իրավիճակի հանդիպել է նաև Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհիներից մեկը (ներկայանալ չցանկացավ): Դասերը  համատեղում է պարապմունքների հետ: Վարձը կազմում է 470 հազար դրամ, իսկ պարապմունքի համար ամսական վճարում է 20 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ տարի պարապելու համար վճարում է համալսարանի վարձավճարի կեսը:

Այն հարցին, թե ինչու համալսարանի տվածը չի բավականացնում իրեն, պատասխանեց, որ խնդիրն ավելի խորքային է: Դպրոցում ընդհանրապես անգլերեն չի ուսումնասիրել, իսկ համալսարանում առարկան անցել է նրանց հետ, ովքեր դպրոցում 7-8 տարի շարունակ ուսումնասիրել են այդ լեզուն: Նրա խոսքով՝ դժվար է սովորել համակուրսեցիների հետ, քանի որ դասախոսը չի պատրաստվում բացատրել այն թեման, ինչը խմբի մեծամասնությունը շատ լավ գիտի:

«Իսկ քեզնից բացի կուրսում կա՞ն մարդիկ, որոնք նույն վիճակում են հայտնվել»,- հարցնում եմ: «Ոչ միայն կուրսում, նաև համալսարանում շատ կան ինձ նման ուսանողներ, բայց երբ խմբում փոքրամասնություն ես կազմում, քեզ անգամ չեն էլ լսում»,- պատասխանում է:

«Իսկ ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին այն փաստը, որ բացի համալսարանի  վարձից նաև պարապելուդ համար են վճարելու»,- հարցնում եմ: Պատասխանում է․ «Ինձ համար շատ դժվար էր նրանց այդ մասին ասել, որովհետև վճարելու էին նրա համար, ինչի համար ես սովորում եմ համասարանում, հետևաբար ցանկություն առաջացավ աշխատել` ծնողներիս հավելյալ նեղություն չպատճառելու համար: Դժվար է նաև ինքդ քեզ համոզելը, որովհետև դու սովորելու համար արդեն քո քայլն արել ես, կա նաև մեծ ցանկություն, բայց դասախոսները պատրաստ չեն երեք-չորս հոգու համար բացատրել այն թեման, որը երկար ժամանակ լեզուն ուսումնասիրողները հիանալի գիտեն: Հայրս հարցնում էր, թե ինչու եմ գնում համալսարան, եթե նույնը պիտի սովորեմ այլ դասախոսի մոտ, որովհետև համալսարանից արագ գալիս էի և վազում էի պարապմունքի: Տարբեր տեսանյութեր էի դիտում, Յութուբը շատ էր օգնում։ Այսքանից հետո վարձավճարի մուծումը թվում է նվիրատվություն»:

Թեմայի վերաբերյալ խոսեցինք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Վերջինս նշեց, որ խնդիրը վաղուց կա, և պատճառները մի քանիսն են. «Առաջնահերթություն տամ նրան, որ մենք աշակերտներին դեռևս փոքրուց չենք սովորեցնում ինքնուրույն սովորել: Նրանք կախվածություն են ձեռք բերում դասախոսներից ու ուսուցիչներից։ Արդյունքում ինքուրույն սովորելու մշակույթը մղվում է երկրորդ պլան: Կրթվելու  համար պետք է սովորել սեփական նախաձեռնությամբ անել ամեն բան»:

Փորձագետը նաև նշեց, որ կրկնուսույցին դիմելու ցանկությունը մեծանում է նաև գնահատականի գործոնի կաևորության դեպքում: Շատ ուսանողներ այսօր  բարձր գնահատականներ ստանալու համար են դիմում կրկնուսույցների: Լինում են դեպքեր, երբ դասախոսին հավելյալ լսելու ցանկություն է առաջանում, և ուսանողը սկսում է լրացուցիչ պարապել նրա մոտ: Երևույթի այս կողմը, փորձագետի խոսքերով, սովորական բնույթ է կրում, քանի որ ուսանողը կրթվելու ու մասնագիտանալու միջոցներ է փնտրում: Նման դեպքերում բարձրանում է նաև դասախոսի եկամուտը: Սակայն լինում են դեպքեր, երբ ուսանողը դասախոսի դրդմամբ է պարապում վերջինիս մոտ: Ըստ փորձագետի՝ սա իսկական կոռուպցիա է, որին գնում են ուսանողները, որպեսզի չունենան վատ հարաբերություններ դասախոսի հետ և խնդիրներ տարեվերջյան քննությունների ժամանակ:

Փորձագետի կարծիքով՝ թեպետ այս խնդիրը երկար տարիների պատմություն ունի, բայց դժվար բացահայտվող է, քանի որ պաշտպանում է թե՛ պարապողի, թե՛ կրկնուսույցի շահերը: Խնդիրն այն է, որ պարապողը, ճիշտ է, մասնագիտանում է այդ առարկայի մեջ, սակայն վճարում է դրա համար կրկնակի գումար` համալսարանի վարձավճարի կեսը:

Այն հարցին, թե ինչ միջոցներով կարող է այս խնդրին լուծում տրվել, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց՝ միայն ինքնուրույն պարապելու միջոցով: Փորձագետն այս երևույթը համարեց խնդրահարույց միայն այն դեպքում, երբ ուսանողն առանց իր կամքի ստիպողաբար է պարապում դասախոսի մոտ:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել